4

Ի՞նչ պետք է դասավանդվի «Վարդանանց» պատերազմի և Ավարայրի ճակատամարտի մասին «Հայոց պատմության» դպրոցական դասագրքում․ ռազմական պատմաբան

Պատ. գիտ. թեկ, քաղ. գիտ. դոկ., Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանը կազմել է ուսումնամեթոդական ուղեցույց և դիդակտիկ նյութեր հանրակրթական դպրոցների պատմության ուսուցիչների համար․ 449-451 ԹԹ. ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ։

«Առհասարակ, ի՞նչ պետք է դասավանդվի 449-451 թթ. հայ-պարսկական («Վարդանանց») պատերազմի և Ավարայրի ճակատամարտի մասին «Հայոց պատմության» դպրոցական դասագրքում։ Ինչպիսի՞ խնդիրներն ու պատմական փաստերը պետք է արժանանան առաջնային ուշադրության։ Ի՞նչ ծավալ պետք է նախատեսել թեման աշակերտների կողմից պատշաճորեն յուրացնելու համար։ Ինչպե՞ս է այդ պատերազմը ներկայացված «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքում (2023թ., հեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյան)։ Այս հարցերին է պատասխանում ներկա ուղեցույցը՝ կենտրոնանալով հիմնականում պատերազմի ռազմական պատմության վրա։

Ոչ մի թեմա, թերևս, այնքան պարզորեն չի բացահայտում «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած մեծաթիվ աղճատումների հակապատմագիկան միտումնավորությունը, որքան Վարդանանց պատերազմը։ Ստորև համառոտաբար կշոշափվեն միայն առավել աղաղակող խնդիրները։ Պետք է նաև նկատել, որ այս թեման որոշ առումներով թերի է ներկայացված նաև հին դասագրքում (խմբագիրներ՝ Բ. Հարությունյան և Պ. Հովհաննիսյան, թեմայի հեղինակ՝ Հ. Մարգարյան), որում նույնպես նկատի չեն առնված պատմագիտության նորագույն ձեռքբերումները։ Այդ մասին ևս խոսք կլինի։

Նախ, Վարդանանց պատերազմն ամենից առաջ հե՛նց պատերազմ էր, այսինքն՝ հակառակորդ բանակների իրարահաջորդ բախումների, ճակատամարտերի, զորահավաքների, ամրոցների հաջող և ապարդյուն պաշարումների, մարտարշավների և այլօրինակ ռազմական գործողությունների

ժամանակագրական շարք ու ավարտուն ամբողջություն։ Այնինչ 2023 թ. դասագրքում հայ-պարսկական այդ մեծ պատերազմի ռազմական պատմությունը դուրս է շպրտված, այն պարզապես բացակայում է։ Դա էլ հենց թույլ է տալիս հեղինակին կատարել սխալ, կամայական և միտումնավոր եզրակացություններ, խոշոր հաշվով՝ կեղծել պատմությունը։ Նշված չէ անգամ պատերազմի երկամյա տևողությունը՝ 449-451 թթ. ( ավելի ստույգ՝ 449 թ. վերջերից մինչև 451 թ. վերջերը)։ Դասագրքում ռազմական ու մարտական բազմաթիվ ու տարատեսակ գործողություններն արժանացել են միայն հետևյալ թռուցիկ հիշատակման (թյուր բնութագրությամբ հանդերձ).

«451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում վճռական ճակատամարտը։ Հայերը, չնայած իրենց հերոսական և անձնուրաց դիմադրությանը, պարտություն են կրում։ Զոհվում է սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Չնայած դրան՝ ապստամբությունը չի մարում՝ ստանալով պարտիզանական բնույթ» (էջ 130-131)։

Եվ վերջ։ Թե վերոբերյալ գնահատականները որքանով են կեղծ ու սխալ, ցույց կտրվի քիչ հետո (այս փոքրիկ հատվածում առկա է նաև ոճական անխնամություն՝ երկու անգամ կիրառվում է «չնայած» շաղկապը, այնինչ երկրորդ անգամ հարկ էր գործածել «թեպետև»-ը)։ Բայց նախևառաջ աչք է ծակում հայոց այդ մեծ ազատագրական պատերազմի փաստերի միտումնավոր անտեսումը։ Կարելի՞ է արդյոք պատկերացնել, որ, օրինակ, ռուսները Բորոդինոյի կամ Պոլտավայի ճակատամարտերն իրենց դպրոցական դասագրքերում ընդամենը երկու-երեք նախադասությամբ ներկայացնեն։ Մի՞թե ֆրանսիացիները Վաթեռլոյի կամ Վերդենի ճակատամարտերի մասին դպրոցական դասագրքերում երկու-երեք նախադասություն են գրում։ Կամ մի՞թե ռուսական կամ ֆրանսիական դասագրքերում այդ գլխավոր ճակատամարտերը ներկայացվում են առանձին վերցված՝ առանց նկարագրելու և բնութագրելու համապատասխան պատերազմներում տեղի ունեցած մյուս կարևոր ռազմական զարգացումները։

Դասագրքում պետք է ընդգծել, որ Ավարայրի ճակատամարտը 5-9-րդ դարերում Հայկական բանակի մղած ամենամեծ ճակատամարտն է։ Ավելին, Ավարայրի ճակատամարտը նաև 4-6-րդ դարերում (ուշ անտիկ և վաղ միջնադարյան շրջանում) Առաջավոր Ասիայում և Եվրոպայում մղված խոշորագույն ճակատամարտերից մեկն է։ Այս առումով այն ոչ միայն հայոց, այլև համաշխարհային ռազմական պատմության կարևոր իրադարձություններից է։

«Հայոց պատմության» դպրոցական և բուհական դասագրքերում պետք է, ըստ ժամանակագրական հերթականության, հնարավորինս սեղմ կերպով հիշատակվեն ու մեկնաբանվեն հետևյալ ռազմական իրադարձությունները (առաջին բաժնում մի քանի դրվագ ներկայացվում է համառոտ, երկրորդ՝ դիդակտիկ նյութերի բաժնում՝ փոքր-ինչ ավելի ընդարձակորեն)»։

Ուսումնամեթոդական ձեռնարկն ամբողջությամբ՝ այստեղ։

Ավելացնել նոր մեկնաբանություն