Այնթափի հայության հերոսական ինքնապաշտպանությունը
1890-ական թվականներից մեկնարկած և տարբեր փուլերով մինչև 1923 թվականը շարունակված Հայոց ցեղասպանությունը հայության խարանն է: Մի քանի տարվա ընթացքում հայությունը կորցրեց իր պատմական հայրենիքը, ինչպես նաև շուրջ 2 միլիոն անմեղ զոհ ունեցավ:
Անկախ նրանից, թե ինչ մեթոդներ կիրառեցին երիտթուրքերը ցեղասպանության իրագործման ժամանակ, հայությունն արժանապատիվ դիմադրություն և կազմակերպված ապստամբություն չցուցաբերեց ոսոխին, ինչը թույլ կտար խուսափել ցեղասպանությունից կամ ավելի քիչ զոհեր ունենալ։ Շուրջ կես միլիոն քառակուսի կիլոմետր ընդգրկող մեր պատմական հայրենիքում սոսկ մի քանի բնակավայր ապստամբեց թուրքերի դեմ: Հայ ժողովուրդն այդ տարիներին ապստամբեց հիմնականում անկազմակերպ, տարբեր ժամանակամիջոցներում, հաշվի չառավ հավաքական շահերը, պարզապես սոսկ գոյամարտի ելավ։
Դեռևս անցյալ դարասկզբին Հայկական բարձրավանդակի բնակչության մոտ 70 տոկոսը հայաբնակ էր, և եթե հայությունը կամք ու ինքնակազմակերպման որակներ ցուցաբերեր, Օսմանյան կայսրության ցեղասպան իշխանությունները ոչ միայն չէին կարողանա իրենց դիվային ծրագիրը կյանքի կոչել, այլև մենք այսօր մեծ ու հզոր պետություն կունենայինք։
Երիտթուրքերի ծրագրերի դեմ ապստամբած փոքրաթիվ բնակավայրերից էր նաև Այնթափը։ Այնթափը ներկայումս գտնվում է Թուրքիայի Հանրապետության տարածքում, կոչվում է Գազիանթեփ, որը թարգմանաբար նշանակում է «հզոր, հաղթանակած Այնթափ»: Իր գրեթե մեկ միլիոն բնակչությամբ այն մեծությամբ յոթերորդ քաղաքն է այժմ Թուրքիայում: Ի նշանավորումն 1921 թվականին ֆրանսիական բանակի դեմ մղած Այնթափի թուրքերի պայքարի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը քաղաքը 1928 թվականին այդպես է անվանակոչել:
Այնթափը գեղեցիկ քաղաք է: Այն գտնվում է Կիլիկիայի սահմանագլխին՝ Եփրատի վտակ Սաջուր գետի ափին: Պատմական գրականության մեջ Այնթափը որպես բերդաքաղաք հիշատակվում է 10-րդ դարից: Այն նախ մտել է Գող Վասիլ Կամսարականի, ապա՝ Եդեսիայի խաչակիր իշխանության կազմի մեջ: 13-րդ դարում Կիլիկիայի հայոց արքաները փորձեր ձեռնարկեցին գրավել Այնթափն ու միացնել Կիլիկիայի հայոց թագավորությանը, սակայն հաջողության չհասան: 14-րդ դարում քաղաքը գրավեցին եգիպտական մամլուքները, քիչ անց՝ Լենկ-Թեմուրի զորքերը: Իսկ 16-րդ դարի սկզբից այն վերջնականապես գրավեցին օսմանյան թուրքերը:
1915 թվականին Այնթափն ուներ շուրջ 50.000 բնակիչ, որտեղ հայերը (շուրջ 20.000) պարզ մեծամասնություն էին կազմում: Մնացյալը թուրքեր, քրդեր և արաբներ էին: Քաղաքում կային հայկական 6 եկեղեցի, հայկական 18 դպրոց, ամերիկյան միսիոներների հիմնած օրիորդաց վարժարան, որի սաների հիմնական մասը հայուհիներ էին, ճեմարան: Այնթափում նաև հայատառ, թուրքերեն «Մենտոր» թերթն էր հրատարակվում:
Պետք է նշել սակայն, այս ամենի հետ մեկտեղ, Այնթափի հայության կեսը թրքախոս էր: Այնթափի ողջ տնտեսությունը հայերի ձեռքում էր: Հայերը հաջողակ էին առևտրում, երկրագործության մեջ և բարեկարգ տներում էին բնակվում: Թուրքական տարրը հիմնականում հոտաղությամբ էր զբաղվում:
Դեռևս 1895 թվականին Այնթափում մեծ լարվածություն առաջացավ հայերի և թուրքերի միջև, բայց բախումը հաջողվեց կասեցնել: Սակայն դա ազդակ էր, որ քաղաքի հայությունը զինվի: Հենց այնթափահայերի զինված լինելը նրանց փրկեց 1909 թվականների կոտորածից, երբ Ադանայում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին թուրքական յաթաղանին: 1915 թվականի Եղեռնի օրերին, չնայած տեղի հայության շրջանում մարտական ոգու և զենքի առկայությանը, այնթափահայությունը չդիմադրեց թուրքերին: Առհասարակ, կիլիկիահայության դիմադրությունն այդ օրերին կազմալուծվեց Կիլիկիո Սահակ կաթողիկոսի դավաճան կեցվածքի պատճառով:
Քանի որ Այնթափը յուրահատուկ ճամփաբաժան էր Մարաշից դեպի Դեր-Զոր տանող ճանապարհին, Կիլիկիայի հայաբնակ բնակավայրերից բոլոր քարավաններն անցնում էին հենց Այնթափի միջով: Եվ այնթափահայերը 1915 թվականի մայիսից ականատեսն էին դեպ մահ գնացող առաջին քարավաններին: Սակայն, ցավոք, դրանից այնթափահայերը դաս չքաղեցին:
Բուն Այնթափում տեղահանությունն ավելի ուշ սկսվեց: Այնթափի կառավարիչ Շյուքրու բեյը և ռազմական հրամանատար Հիլմի բեյը մինչև վերջ ընդդիմացան Այնթափի հայաթափմանը, բայց ընկրկեցին երիտթուրքերի կառավարության կոշտ դիրքորոշման առաջ: Իսկ բուն Այնթափում երիտթուրքական կուսակցության ներկայացուցիչներ Ալի Ջենանի և Ֆադըլ բեյերը շարունակ գրգռում էին թուրքերին հայերին կոտորելու կոչերով:
Նրանք Ստամբուլ հեռագրեր են ուղարկում և կառավարությանը հայտնում, թե հայերը նախապատրաստվում են հարձակվել տեղի մզկիթների վրա, ուզում են սպանել թուրքերին, վառել ու ավերել թուրքերի տները, թալանել ինչքը: Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան իր տեղակալ Ֆեհրի փաշային ուղարկում է Այնթափ՝ տեղում իրավիճակը քննելու։ Ֆեհրի փաշան իր զեկուցագրում հերքում է այդ հերյուրանքները:
1915 թվականի հուլիսի վերջին երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ բեյը Այնթափ է գալիս։ Նրա նպատակը տեղի թուրքերի միջոցով կառավարությանը համոզելն էր, որ աքսորեն այնթափահայությանը: Տասնյակ հեռագրեր են ուղղվում դեպ Ստամբուլ: Ի վերջո, կառավարությունը որոշում է կազմակերպել այնթափահայության տեղահանությունը: Իմանալով այդ մասին՝ Շյուքրու բեյը և Հիլմի բեյը հրաժարական են ներկայացնում: Շյուքրու բեյին փոխարինում է Ահմեդ բեյը, որն էլ իրականացնում է հայերի տեղահանությունը:
1915 թվականի օգոստոսի 1-ից 13-ը այնթափահայերի վեց քարավաններ բռնում են Դեր-Զորի ճամփան: Հայերի հեռանալուց անմիջապես հետո սկսվում է թալանը:
1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրուսի զինադադարով Թուրքիան իրեն պարտված ճանաչեց պատերազմում: Դա առիթ հանդիսացավ, որ ցեղասպանությունը վերապրած շատ այնթափցիներ վերադառնան բնօրրան ու նոր կյանք կառուցեն: Քաղաքում հաստատվեցին 10.000 այնթափցի և 8000 սեբաստացի:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան, ձգտելով տեր կանգնել թուրքական ժառանգությանը, զորքերը մտցրեց Կիլիկիա, և Այնթափն անցավ ֆրանսիական տիրակալության տակ: Թվում էր, թե դա հայության կյանքի և ինչքի ապահովության երաշխիք կարող է լինել, սակայն Առաջին աշխարհամարտում ջախջախիչ պարտություն կրած Թուրքիան անձնատուր չեղավ: Ասպարեզում հայտնվեց թուրքական ազգայնականությունը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ: Վերջինս, իր շուրջը համախմբելով թուրքական բանակի մնացորդներն ու ազգայնական ոգով տոգորված թուրք գործիչներին, զինված շարժում ձևավորեց, որը նպատակ էր դրել Թուրքիան ազատելու օտար բանակներից և ստեղծելու մեծ, ամուր պետություն:
1919 թվականի աշնանից Այնթափում դարձյալ սրվեց իրավիճակը: Քաղաքում հաստատված ֆրանսիական բանակն ու հրամանատարությունը երկդիմի քաղաքականություն էին վարում։ Հաշվի առնելով նախորդ դառը փորձը՝ հայությունը սկսեց զինվել: Զինակոչվեցին տղամարդիկ: Զինված խմբերում ընդգրկվեցին նաև երիտասարդ աղջիկներ ու կանայք, ընդհանուր առմամբ՝ 750 հոգի:
Հայերը քաղաքը բաժանեցին պաշտպանական 11 շրջանների: Ստեղծվեցին զինվորական, պարենավորման, դատական հանձնախմբեր: Առանձին մարդիկ զինագործությամբ էին զբաղվում. հնամաշ, գործածությունից դուրս եկած հրացաններն էին վերանորոգում, ռումբեր պատրաստում: Հայերին հաջողվեց անգամ վերանորոգել լքված ու գործածությունից դուրս եկած մի հին թնդանոթ ու կիրառել մարտերի ընթացքում:
Այնթափում հայության ինքնապաշտպանության կազմակերպման համար ձևավորվել էր հատուկ կոմիտե՝ Արթուր Լևոնյանի և Ավետիս Գալեմքարյանի ղեկավարությամբ: Ինքնապաշտպանական կռիվների ակտիվ կազմակերպիչներից մեկը ծխական քահանա Ներսես Թավուգճյանն էր: Ինքնապաշտպանության առաջնորդներն իսկապես հանդես բերեցին աննկուն կամք և մեծ գիտելիքներ՝ փոքրաթիվ ուժերով հակահարված տալով թուրքերին:
1920 թվականի մարտի վերջին թուրքական զորքերն արշավեցին Այնթափի վրա: Այնթափի ինքնապաշտպանությունն ամենաերկարատևը դարձավ 1915-1921 թվականների հայ-թուրքական բախումներում: Շուրջ 314 օր՝ 1920 թվականի ապրիլի մեկից մինչև 1921 թվականի փետրվարի 8-ը, քաղաքի հայությունը հերոսական դիմադրություն ցուցաբերեց թուրքերին:
Կռիվը կատաղի էր, սակայն հայերը կարողացան բոլոր ճակատներում հերոսական դիմադրություն ցուցաբերել և հաղթանակներ տոնել: Թուրքերը, հազարավոր զոհեր տալով, նահանջում էին, վերախմբավորում ուժերն ու կրկին դիմում հարձակման: Հայերը պաշտպանվում էին հմտորեն՝ ամրոցի վերածելով յուրաքանչյուր շենք, եկեղեցի ու մզկիթ:
Այնթափի ապստամբությունն աշխարհի հայության ուշադրության կենտրոնում էր: Շատերը նյութական մեծ միջոցներ նվիրաբերեցին՝ այնթափահայության կարիքները հոգալու համար, հատկապես եգիպտահայությունը, որ դրամով ու սննդով ժամանակին օգնության հասավ պաշարված հայությանը: Մեծ օգնություն ցուցաբերեց նաև Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Այդ օգնությունը փրկեց մարտնչող այնթափահայերին սովամահությունից:
Ամեն դեպքում ուժերն անհավասար էին, և այնթափահայերը ստիպված էին լքել իրենց հայրենիքը: Հեռանալով Կիլիկիայից՝ նրանք տարագրվեցին ողջ աշխարհով: Նրանց մի մասը հետագայում՝ հայրենադարձության տարիներին, հաստատվեց Խորհրդային Հայաստանի տարածքում, և Արարատի մարզի Մասիսի Թազագյուղ գյուղը վերանվանվեց Այնթափ։
Ավելացնել նոր մեկնաբանություն