Դետք

Այսօր լրանում է Գուրգեն Մարգարյանի ողբերգական սպանության 20-րդ տարելիցը

Փետրվարի 19-ին լրանում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի ողբերգական սպանության 20-րդ տարելիցը։

Գուրգեն Մարգարյանը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ հետագայում դառնալով Պաշտպանության նախարարության սպա։ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայող, սպա Գուրգեն Մարգարյանը, որն անգլերենի դասընթացի էր մասնակցում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից:

Ռամիլ Սաֆարովի դատավարությունը տեղի է ունեցել Հունգարիայում, որտեղ նրան դատապարտել են ցմահ ազատազրկման՝ առանց համաներման հնարավորության առաջին 30 տարվա ընթացքում, բայց  2012 թվականի օգոստոսի 31-ին նրան արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ էլ ներում շնորհեցին։ Սաֆարովն Ադրբեջանում հերոսացվեց և արժանացավ մի շարք պարգևների։

Գուրգեն Մարգարյանին հուղարկավորել են Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Մինչ օրս Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովը համարվում է «ազգային հերոս», քանի որ բարոյազուրկ և հայատյացությամբ տառապող ադրբեջանական պետությունում հային սպանելը խրախուսվում է:  

Ադրբեջանում դաստիարակվում է մի սերունդ, որը հային համարում է ոչ թե պարզապես թշնամի, այլ հայի հանդեպ պատրաստ է ցանկացած անմարդկային դաժանության։ 

Պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականության դրսևորումներն Ադրբեջանում բազմաթիվ են, սակայն նման կործանարար քաղաքականությունը հանգեցնում է անառողջ հասարակության ձևավորմանը։

Այսօր էլ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող հայատյաց հայտարարություններն ու գործողություններն ապացուցում են այդ երկրում էթնիկ հայ բնակչության նկատմամբ գեներացվող ատելությունը, որը դրսևորվում է տարբեր ուղղություններով՝ մանկապարտեզից մինչև ռազմական ամենաբարձր օղակներ։

Երբ խոսվում է խաղաղության մասին, պետք է հասկանալ այն պարզ իրողությունը, որ ոչ մի հայ չի կարող ապրել Ռամիլ Սաֆարովների նման հազարավոր հայատյացների հետ կողք կողքի։

Ապրելով այս տարածաշրջանում` մենք մշտապես բախվելու ենք Ադրբեջան կոչվող արհեստածին պետության, թուրքական նախագծի «ազգային» բարդույթներին։ 


#Դետքի_հետագծով

Ավելացնել նոր մեկնաբանություն