Այսօր Խոջալուի դեպքերի 32-րդ տարելիցն է. ի՞նչ է կատարվել իրականում

Այսօր Խոջալուի դեպքերի 32-րդ տարելիցն է. ի՞նչ է կատարվել իրականում

 

Արդեն 32 տարի ադրբեջանական քարոզչությունը ջանք չի խնայում համաշխարհային հանրությանը «ապացուցել» ու համոզել, որ հայերը Խոջալուում (Իվանյան) ցեղասպանություն են իրականացրել։ Ադրբեջանում և Թուրքիայում նույնիսկ անմեղ զոհերի հիշատակման հատուկ օր են սահմանել՝ «ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հիմնական նպատակն այն է, որ դրանով հավասարության նշան են ցանկանում դնել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների՝ հայերի նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջև:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1992 թվականի փետրվարի 26-ին:

ԼՂ-ի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրերից Ստեփանակերտը շրջապատող Շուշի, Աղդամ քաղաքները, Խոջալու, Մալիբեյլի և ադրբեջանաբնակ մյուս բնակավայրերը դարձել էին Արցախի մայրաքաղաքն ու մոտակա հայկական գյուղերը շուրջօրյա հրետակոծության տակ պահող կրակակետեր։

Խոջալուում էր գտնվում Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ օդանավակայանը, որն ադրբեջանցիները վերածել էին ռազմական կենտրոնատեղիի։

Խոջալուի կրակակետերի ոչնչացումը ԼՂ ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկեցին 1992-ի փետրվարի 26-ին։ Մինչև գրոհը սկսելը հայերը, գործելով Ժնևի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, բարձրախոսներով հորդորել էին բնակիչներին հեռանալ քաղաքից և շրջափակումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով հատկացված մարդասիրական միջանցքով: Խոջալուի բնակիչներն  օգտվել են այդ միջանցքից, և միջանցքի մյուս կողմում գտնվող հայ զինվորները նրանց վրա կրակ չեն բացել:

Այդ օրերի մասին ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը գրել է. «Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին՝ ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումներն անհիմն են: Միջանցք, իրոք, եղել է, այլապես լիովին շրջապատված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալվեցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից: Սակայն Կարկառ գետից այն կողմ փախստականների շարանը բաժանվեց, և, չգիտես ինչու, խոջալվեցիների մի մասն ուղղվեց կամ ավելի ստույգ` ինչ-որ անձանց կողմից ուղղորդվեց այլ ուղղությամբ: Թվում էր` Ադրբեջանի ժողճակատի գումարտակները ոչ թե խոջալվեցիների ազատագրմանն էին ձգտում, այլ Մութալիբովին տապալելու ճանապարհին ավելի շատ արյուն հեղելուն: Տարօրինակն ու զայրացնողն այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցները դժվարությամբ հասնող մեր ուղղաթիռները հապշտապ տեղափոխում էին անասուններին և ոչ թե մի կերպ փրկված ու այստեղ հասած բնակիչերին: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը»:

Այս հոդվածի հեղինակին ձերբակալել և դատապարտել են «Խոջալուի բնակիչներին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով։ Ձերբակալությունից հետո արդեն նոր մեղադրանքներ են առաջադրվել, և 2007 թ. հոկտեմբերի վերջին Ֆաթուլլաևին դատապարտել են 8․5 տարվա ազատազրկման: Հետագայում այդ ցուցմունքները պաշտոնապես համարվեցին «ստահոդ» և «դավաճան»:

Խոջալուն դարձնելով շահարկման առարկա՝ ադրբեջանցիները, ավելի ստույգ՝ Ժողճակատը (Էլչիբեյի գլխավորությամբ), հետագայում էլ՝ հայր և որդի Ալիևները, երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար վարկաբեկեցին և իշխանությունից հեռացրին գործող նախագահ Այազ Մութալիբովին, ապա Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ առաջադրեցին հայերին, թե, իբր, նրանք էլ Խոջալու ավանում են սպանդ սարքել:

Իրականում տեղի է ունեցել հետևյալը:

Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Աղդամում տեղակայված ընդդիմադիր Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները դիտմամբ ապակողմնորոշել են Խոջալուի բնակիչներին և նահանջող զինվորական խմբավորումներին՝ նրանց Աղդամի փոխարեն ուղղորդելով իբրև թե ադրբեջանցիների կողմից «ազատագրված» հայկական Նախիջևանիկ գյուղ։

Ընդհարվելով գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ և տալով մի քանի տասնյակ զոհ՝ խուճապահար ադրբեջանցիները փախել են դեպի Աղդամ։ Հենց Աղդամի մոտ էլ տեղի են ունեցել ադրբեջանցիների զանգվածային սպանությունները հատուկ հանձնարարություն ստացած յուրայինների ձեռքով։ Այս տարածքը Աղդամից 3․5, իսկ Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա է, մինչև 1993 թվականի հուլիսի վերջը ադրբեջանական զինված ուժերի մշտական հսկողության տակ էր։ Ավելորդ է ասել, որ հայկական ջոկատների առկայությունն այդ տարածքում անհնար էր։ Ադրբեջանցի զինվորները մթության մեջ նահանջող յուրային զինվորներին ու Խոջալուի բնակիչներին շփոթել են հարձակվող հայերի հետ ու նրանց առել կրակի տակ: Հետո արդեն ժողճակատայինները դիակները ազատորեն «հարմարեցրել» են իրենց նպատակներին:

Ավելացնել նոր մեկնաբանություն