Սումգայիթի ջարդերը
1988 թվականի փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության նկատմամբ զանգվածային ջարդեր, որը հայտնի է նաև որպես «Սումգայիթի պոգրոմ»:
1988-ի փետրվարի 26-ին Սումգայիթում սկսվեց քաղաքի իշխանությունների հրավիրած հանրահավաքը, որտեղ հնչում էին հակահայկական կարգախոսներ: Փետրվարի 27-ին փողոցներում հավաքված ադրբեջանցի ազգայնականները «Մա՛հ հայերին» կարգախոսով սկսեցին ավերել քաղաքի հայ բնակչության տները, սպանել մարդկանց: Կոչ էին անում պատժել հայերին և պահանջում խիստ միջոցներ ձեռնարկել. «Սպանել ու վտարել նրանց Սումգայիթից և, առհասարակ, Ադրբեջանից»:
1988 թվականի փետրվարի 27-ին Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցի ազգայնականները զանգվածային ջարդեր սկսեցին հայ բնակչության նկատմամբ: Քաղաքի բնակչությունը կազմում էր 250 հազար մարդ, որից 18 հազարը հայեր էին:
Ջարդերը շարունակվեցին 3 օր, ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ աշխատակիցները չեն խառնվել տեղի ունեցողին։ Իրադարձությունների ոչ միանշանակ որակումն ու դատապարտումը հանգեցրին հայերի ջարդերի շարունակությանը Ադրբեջանի այլ քաղաքներում, մասնավորապես ջարդեր տեղի ունեցան 1988 թվականի նոյեմբերին Գանձակում և 1990 թվականի հունվարին Բաքվում:
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։
Սումգայիթում երեք օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 110 հայ: Նրանց հիմնական մասը սպանվել է խոշտանգումներից հետո ողջակիզվելով: Կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Հեյդար Ալիև. իշխանության բեռը» ֆիլմում, որը նկարահանվել էր Ադրբեջանի պատվերով, վկայում է. «Միայն մեկ գիշերվա ընթացքում Սումգայիթում ավելի քան 100 հայ է սպանվել»։
Ոճրագործությունը ծրագրված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը՝ սպանություն ու ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ:
Սումգայիթը վերջնականապես վերացրեց հայերի և ադրբեջանցիների հնարավոր համակեցության վերաբերյալ պնդումների հիմքերը՝ հետագա տարիներին պատճառ դառնալով պատերազմի և ռազմական արյունալի բախումների:
Սումգայիթի կոտորածը դարձավ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական և ցեղասպան քաղաքականության առաջին լայնածավալ դրսևորումը:
Թշնամու կողմից այս իրադարձությունները կոծկելու քայլերից
Դեռևս 1898 թվականի հունվարին ադրբեջանցի պատմաբան Զիյա Բունյաթովը պնդում էր, որ Սումգայիթի ջարդերը կազմակերպել են հենց հայերը՝ վարկաբեկելու համար Ադրբեջանին, ինչպես նաև հիմնավորելու իրենց ազգայնականությունը: Արդեն 1990 թվականին հայտնվեց ադրբեջանական մեկ այլ դրույթ, որի հիմքը Դավուդ Իմանովի «Սումգայիթի արձագանքը» ֆիլմն էր, որտեղ ջարդերի կազմակերպման մեջ մեղադրվում էին հայերը, ռուսները և ամերիկացիները, որոնք այդ եղանակով փորձում էին կործանել Խորհրդային միությունը:
Սումգայիթի ջարդերը մինչև օրս շարունակում են մնալ ադրբեջանական իշխանությունների ժխտողականության օբյեկտ: Ժխտողականությունը առանց ապացույցներով հիմնավորելու դրվել է Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության հիմքում, որն էլ պաշտոնական մակարդակով շարունակվում է ցայսօր:
Ահաբեկման, մարդու իրավունքների կոպիտ խախտման, ուժի սպառնալիքի կիրառման, էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն