Ինչո՞ւ ապտակեց Մարշալ Բաղրամյանին․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Երբ զինվորը հրաժարվում է կռվել, աղետ է հրամանատարության համար։ Իսկ երբ զինվորը, հրամանատարությունն ուզում է կռվել՝ իր հողը, ընտանիքը պաշտպանելու համար, իսկ վերևից նրան հրամայում են՝ հետ քաշվիր, հանձնիր զենքդ, դա աղետ է երկրի, բանակի համար։ Ցավոք, ինչքան քրքրում եմ մեր պատմությունը, դեպք չեմ հանդիպում, երբ Գերագույն հրամանատարն ասի՝ հետ քաշվեք, թող թշնամին առաջ գա։ Նման ողբալի բան հանդիպեցի մեր օրերում, երբ զինվորին հրամայվում է չկռվել, հետ քաշվել։
Մի հետաքրքիր դրվագ էի կարդում մարշալ Բաղրամյանի հուշերից, թե նրան ինչպես է շառաչուն ապտակ տվել Անդրանիկ զորավարը և ինչի համար։
«Խորասան գյուղում Անդրանիկին ներկայանալուց հետո Բաղրամյանի դասակը անցնում է կարճատև հանգստի: Հաջորդ օրը վաղ առավոտյան տեղի է ունենում անսպասելի միջադեպ. Անդրանիկը, ով շատ բուռն խառնվածքի տեր անձնավորություն էր, իր մոտ է կանչում Բաղրամյանին և ապտակում նրան: «Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա ու կարգի բեր քո էսկադրոնը…»,- ասում է Անդրանիկը Բաղրամյանին:
Համալսարանի հանդիպմանը Բաղրամյանն այդ մասին պատմել էր և ասել․ որ «Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ…»։
Շառաչուն ապտակ։ Չկա՞ր հայրենիքը սիրող մի զորավար, որ շառաչուն ապտակով հակադարձեր հետ քաշվելու հրաման տվողին ու նրան գուցե և անդարձից դարձի բերեր։ Ու հիմա զարմանու՞մ եք, երբ փառքի սրահների հանվում են մեր հերոս տղերքի նկարները։ Դա երկիրը կործանման տանելու ամենակարճ ճանապարհն է։ Ազգը հուսալքության հասցնելու ու թուլացնելու կարմիր գիծը։
Ավելացնել նոր մեկնաբանություն