Detq

«Փափուկ ուժի» քաղաքականություն

1990 թ. Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը «փափուկ ուժ» եզրույթն առաջին անգամ շարադրեց «Առաջնորդության դատապարտվածները. ամերիկյան իշխանության փոփոխվող
բնույթը» աշխատության մեջ: Վերոնշյալ աշխատության մեջ Ջ. Նայը նշել է իշխանության երեք չափում, որոնց տիրապետում է ԱՄՆ-ն՝ 1) ռազմական, 2) տնտեսական և 3) չափում, որը նա անվանել է «փափուկ ուժ»: Վերջինս այն սահմանեց հետևյալ կերպ. «Փափուկ ուժը ուրիշների վրա ազդեցություն գործելու ունակությունն է՝ դաշնակիցներ գտնելու, օրակարգ մշակելու, համոզելու, գրավելու միջոցով՝ նպատակ ունենալով հասնելու նախընտրելի արդյունքի»:
Համաձայն Նայի՝ գոյություն ունի ուժի երեք տեսակ. հարկադրանքի ուժ (իր կամքը պարտադրելը և ճնշելը կոշտ ուժի միջոցով), համոզումի ուժ (նյութական ռեսուրսների հաշվին համոզելը) և մշակութային ազդեցության կամ մշակութային դրդման ուժ (դրդել մարդուն կամովի ցանկանալ այն, ինչ ինքդ ես ցանկանում):

«Փափուկ ուժի» համատեքստում որոշեցինք տարածաշրջանային երկրներից անդրադառնալ Թուրքիային։ Թուրքիայի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմնադիրը համարվում է Ահմեդ Դավութօղլուն: Դավութօղլուի քաղաքականության ամենակարևոր դրույթն էր «Զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը, որի երեք գլխավոր մեթոդներն էին քաղաքական երկխոսության մեծացումը, տնտեսական կախվածությունն ու մշակութային համաձայնությունը: Հայեցակարգի համար կարևոր նշանակություն ունեցավ թուրքական «փափուկ ուժը»:

2000-ականների կեսերից Թուրքիան իր արտաքին քաղաքականության օրակարգում ներառել է փափուկ ուժի խոսույթը, և իր ուշադրությունը կենտրոնացրել վերջինիս կառուցման վրա: Պայմանականորեն մինչև 2013 թվականը Թուրքիան որակվել է իբրև կարևոր դերակատար փափուկ ուժ կիրառող երկրների ասպարեզում։ Սակայն ազատ խոսքի և լրատվամիջոցների սահմանափակումները, գրաքննությունը և ընդդիմության նկատմամբ ճնշումներն ազդել են Թուրքիայի ներկայիս փափուկ ուժի վարկանիշի վրա։
Փափուկ ուժի կարևորագույն ռեսուրսներից են մարդիկ, որոնք որոշակի ներդրումներ են ունեցել տարբեր ոլորտներում։ Նոբելյան մրցանակակիրները, նկարիչները, հայտնիները և մտավորականները համարվում են փափուկ ուժի ռեսուրսներ: Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը և քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ազիզ Սանջարը թուրքական ծագմամբ, միջազգային հանրությանը հայտնի անուններ են, որոնք առաջնորդվում են թուրքական շահով և ծառայում թուրքական փափուկ ուժի քաղաքականությանը։

Փափուկ ուժի կիրառման առումով Թուրքիան շարունակում է մնալ միջազգային ասպարեզում կարևոր դերակատարում ունեցող երկրներից մեկը, որը քաղաքական, կրթական-մշակութային, տնտեսական ազդեցություն ունի Եվրոպայում, այդ թվում՝ Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև թյուրքական պետություններում:

Ավելացնել նոր մեկնաբանություն