ftg

Սա մեր վերջին պատերազմն է  լինելու, և պետք է այս պատերազմը հաղթենք․ Միհրան Մախսուդյան

«Դետք»-ի զրուցակիցն է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը տավուշեցիների կողմից ստեղծված քաղաքացիական շարժում է հայրենիքի սահմանային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։  Ի՞նչ է իրենից ենթադրում այս շարժումը և ի՞նչ ելքեր է առաջարկում։

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը պահանջում է, որ Տավուշի սահմաններից մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հեռու մնա, չփորձի փոխզիջման տարբերակին գնալ, այսինքն՝ միակողմանի զիջման գնալու տարբերակը բացառվի։ Իշխանություններից պահանջում ենք, որ բանակ-ժողովուրդ կապը համատեղեն, զինեն ժողովրդին ու պայքար ստանձնեն հանուն մեր անվտանգության և անկախության։ Սա մեր վերջին պատերազմն է լինելու, եթե մենք զիջենք, կորցնելու ենք նաև Երևանը, Էջմիածինը։ Դրա համար բոլորիս նպատակը համազգային կերպով ոտքի կանգնելն է և պայքարելը թուրքի դեմ․ ոչ մի հող չզիջենք։ Եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձի առանց ժողովրդի կարծիքը հայտնելու հողերը հանձնել, ժողովուրդը չի հանդուրժելու և ոտքի է կանգնելու։

Տավուշի մարզի 4 գյուղի հնարավոր հանձնման հետևանքով սպասվելիք իրադարձությունների մասին

Եթե 4  գյուղերը հանձնվեն, դա ճակատագրական է լինելու մեզ համար։ Ամենամեծ վնասը Ոսկեպարն է կրելու, քանի որ Ներքին Ոսկեպարի սահմանները փոխկապակցված են Ոսկեպար գյուղի գլխամասի հետ․ այդ դեպքում մոտ տասը տուն ընկնում է թշնամու սահմանի մեջ, և ամբողջ գյուղը թշնամու վերահսկողության ներքո է լինում, այդ թվում՝ հիմնական կենսունակությունն ապահովող մայրուղին, որը սնուցում է Ոսկեպար-Իջևանը և համարվում է գլխավոր մայրուղին (Երևան-Թբիլիսի)։  Թշնամին նաև գազամուղն է վերցնում հսկողության տակ, մոտենում է գազամուղին և տասը մետր հեռավորության վրա կանգնում։ Բնականաբար, այդտեղ գազամուղն էլ է փակելու, և Հայաստանը գազից կտրվելու է։

 Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ հող չհանձնենք, պատրաստ ենք կռվել և պաշտպանել։ Եկեղեցին, որը 7-րդ դարի եկեղեցի է, ապացույց է, որ այս տարածքը հայկական է, և սա պատմականորեն մեր հողն է։ Ոսկեպարցիները վճռորոշ են տրամադրված ոչ մի հողի զիջման տարբերակ չի ընդունվի։

 Արդյո՞ք Ադրբեջանը կդիմի ռազմական գործողությունների Տավուշի հատվածում

Եթե ժողովրդին ու բանակը զինեն և թույլ տան, որ ժողովուրդը բանակին օգնի, ժողովուրդը տրամադրված է, որ թշնամուն կջախջախի՝ հատկապես հաշվի առնելով, որ Տավուշի մարզի բնակիչները պատերազմի միջով անցած են և հիմա էլ պատրաստակամ դիմակայելու։ Մեր տեղանքը թույլ է տալիս, որ դա անենք, և թշնամին վախենում է այս տարածքից ու ժողովրդից։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստ լինի ժողովրդին զինելու, և զինելուց հետո ժողովուրդը կանգնելու է բանակի կողքին ու իր խնդիրը կատարելու է, եթե չզինի, արհեստական խոչընդոտներ ստեղծի, բանակը կմնա մենակ։ Պետք է փորձենք ազգովի  պայքարել։ Սա մեր վերջին պատերազմն է  լինելու, և պետք է այս պատերազմը հաղթենք։ Մեր ազգը կարող է համախմբվել։ Մեր պատմությունը ցույց է տալիս, որ մեր ազգը համախմբվում է վճռորոշ պահին, այն վերջին պահին, որ արդեն «ցեղասպանության» ենք գնում, կորցնում ենք ամեն ինչ։ Պետք է համախմբվենք և չվախենանք։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն