Բեմադրություն

«Մի՛ գնա». բեմադրություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսացած տղաներին

Հեղինակ
Մարինե Առաքելյան

Մայիսի 7-ին Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհուրդը բուհում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ուսանողների հիշատակին։

Ինչպես «Դետքի» հետ զրույցում նշեց ԵՊԲՀ ՈՒԽ նախագահ Միշել Քոչարյանը, «Մի՛ գնա» խորագիրը կրող բեմադրությունը հարգանքի տուրք է բուհում սովորած և ռազմական բժշկությունը որպես մասնագիտություն ընտրած տղաների հիշատակին։

Միջոցառման մասնակիցները մինչ բեմադրության սկիզբը ծաղիկներ խոնարհեցին անմահ հերոսների հուշատախտակի առջև, ապա ականատես եղան 44-օրյա պատերազմի ժամանակագրությունը նկարագրող բեմադրությանը։

Հուշատախտակ

Բեմադրության հիմնական գաղափարներն էին հայրենասիրությունն ու անկախ հանգամանքներից հայրենիքի ապագայի հանդեպ հույսը չկորցնելը։

Բեմ

«Մենք ապրում ենք ուրիշների երազած աշխարհում, և մենք էլ պիտի երազենք մեզնից հետո եկողների համար»,- հնչեց բեմադրության ընթացքում՝ նախանշելով այն կարևորագույն պատգամը, որ պետք չէ հանձնվել, պետք է պայքարել ու երազել հաջորդ սերունդների համար։

Բեմադրությունն ամփոփվեց այն գաղափարով, որ այսօր էլ, ինչպես բոլոր պատերազմների ժամանակ, զինվոր լինելը մասնագիտություն չէ, այլ քաղաքացիություն, իսկ հուսահատությունը չպիտի դառնա երկիրը լքելու կամ գաղափարները մոռանալու պատճառ։

Հանդիսատես

«Մի՛ գնա», պատգամում էր բեմադրությունը, իսկ այն հարցին, թե ինչ անել, դերակատարները պատասխանում են. «Գնալը հարցի լուծում չէ։ Հայրենիք ունենալը մեծ հարստություն է և պարգև, իսկ զինվորների արյունով ներկված հողը այսօր ավելի քան երբևէ ունի մեր կարիքը, քանի որ տղերքը կռվեցին ապրելու համար, ուրեմն մենք պիտի ապրենք»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author