Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց
1912 թ., երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի նախաձեռնությամբ կազմվում է Հայ ազգային պատվիրակությունը (Պողոս Նուբարի ղեկավարությամբ), որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը:
Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը: Հովանավորել է Մակար Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի:
1914 թ. դեկտեմբերի 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որը զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր:
Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների:
1918-ի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում: Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չեն տեղափոխվել ապահով վայր, իսկ Մայր աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում։
Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոչը հայ ժողովրդին 1918 թվականի մայիսին.
«Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի՛ ունեցել և չի՛ ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին>:
Ավելացնել նոր մեկնաբանություն