«Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Թեհրանի դիրքորոշման առանձնահատկությունները՝ Իրանում սպասվող քաղաքական վերադասավորումների ֆոնին
Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրմամբ, Թուրքիան և Բաքվի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով խեղաթյուրում են հիշյալ փաստաթղթի 9-րդ կետը՝ պնդելով, թե իբր խոսքը ոչ թե տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, այլ Բաքվին արտատարածքային միջանցքի տրամադրման մասին է, որով վերջինս պետք է կապվի Նախիջևանի հետ։ Այս հաղորդակցությունը, որը պետք է անցնի նաև Հայաստանի տարածքով, Անկարայում և Բաքվում մեկնաբանում են որպես «Զանգեզուրի միջանցք», որը ոչ այլ ինչ է, քան հավակնություն ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։
Նկատենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որի բոլոր դրույթները խախտվել են Բաքվի կողմից, միջանցք տերմինն օգտագործվում էր միայն մեկ անգամ՝ Լաչինի միջանցքի դեպքում, սակայն դա թուրք-ադրբեջանական տանդեմին չի կաշկանդում, և վերջինս ամեն առիթով պնդում է, թե «ՀՀ-ն պարտավորվել է միջանցք տրամադրել»։ Ավելին՝ թշնամին 2022-ի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար շրջափակեց Լաչինչի միջանցքը, իսկ 10 ամիս անց հարձակում գործեց շրջափակված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ և վերջինիս էթնիկ զտման ենթարկեց՝ ուժի սպառնալիքի ներքո ստիպելով հեռանալ իր հայրենիքից։
Բնականաբար, Թուրքիան և Բաքվի Հանրապետությունը ձգտում են արտատարածքային միջանցք կորզել Հայաստանից, որտեղ, իրենց պատկերացմամբ, հայկական կողմը ոչ մի ներկայություն չպետք է ունենա։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները և Բաքվին Նախիջևանի հետ կապվելու հաղորդակցություն տրամադրել՝ առանց ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու, սակայն Բաքուն հրաժարվել է դրանից օգտվելուց, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ վերջինիս պահանջը մեկն է՝ արտատարածքային միջանցք։
Բաքվում և Անկարայում շատ լավ գիտակցում են, թե «Զանգեզուրի միջանցք»-ի թեման որքան զգայուն է և պարբերաբար իրենց հայտարարություններում օգտագործում են այս եզրույթը ՀՀ-ում հանրային տրամադրությունների վրա ազդելու նպատակով։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախն ամբողջովին հաջողվեց զավթել, Անկարայի և Բաքվի հռետորաբանությունը որոշակի մեղմվեց, և վերջիններս սկսեցին խուսափել այս ձևակերպման կիրառությունից՝ նշելով, որ ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններ չունեն։
Ավելին՝ Արցախը զավթելուց հետո Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը սկսեց հայտարարել՝ իր երկիրն այլևս շահագրգռված չէ, որ նախագիծն անցնի Հայաստանի տարածքով, և դրա շուրջ բանակցություններ է վարում Իրանի հետ։ Այս երկդիմի քաղաքականությամբ Բաքվի բռնապետը ձգտում էր միջազգային հանրության առաջ չքմեղանալ, ինչպես նաև խուսափել բոլոր այն պատժամիջոցներից, որոնք նրա դեմ կարող էին սահմանվել՝ Արցախը բռնակցելու և տեղի 120 հազար բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու համար։
Գաղտնիք չէ, որ նախորդ տարիներին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները զսպելու հարցում բավականին մեծ դեր է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, և ոչ մի դեպքում չի հանդուրժի, եթե հայ-իրանական ավելի քան 1000-ամյա բարեկամության սահմանը վտանգվի։
Նմանատիպ նախաձեռնություններից ամենաազդեցիկը 2022 թվականի հուլիսի 20-ին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարարությունն էր, որ Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը զգուշացրեց՝ եթե Հայաստանի Հանրապետության հետ Իրանի սահմանները փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը տարանցիկ կապ է արդեն մի քանի հազար տարի։ Այս զգուշացումը զգալիորեն զսպեց թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները, ինչի վկայությունը դեռևս նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն էր առ այն, որ միջանցքի հարցում հիմնական խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։
Թեհրանի հաջորդ ազդեցիկ քայլը 2022-ի հոկտեմբերին Կապանում գլխավոր հյուպատոսության բացումն էր, որին Իրանի այն ժամանակվա արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն անձամբ մասնակցեց։ Հյուպատոսության բացմամբ, որը հաջորդեց Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ագրեսիային, Թեհրանը յուրօրինակ ուղերձ հղեց Անկարային և Բաքվին, որ չի հանդուրժելու վերջինիս հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի, մասնավորապես Սյունիքի մարզի նկատմամբ։
Մայիսի 19-ին Իրանի նախագահական ուղղաթիռի կործանումից հետո, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում անհանգստություն նկատվեց առ այն, որ Իրանում սպասվող քաղաքական վերադասավորումները կարող են որոշակիորեն ազդել նաև «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Թեհրանի դիրքորոշման վրա։ Այդ օրերին «Դետք»-ն իր հրապարակումներում համոզմունք էր հայտնում, որ ՀՀ-ին վերաբերող հարցերում Իրանի դիրքորոշումները երկրում սպասվող ներքաղաքական վերադասավորումներից հետո չեն փոխվի, քանի որ հարևան երկրում արտաքին քաղաքական կուրսը սահմանում է ոչ թե նախագահը, այլ գերագույն հոգևոր առաջնորդը, և անկախ նրանից, թե ով կլինի երկրի հաջորդ նախագահը, վերջինս հավատարիմ է մնալու այդ կուրսին։
Նախորդ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին այցելել էր Թուրքիա, որի շրջանակում հարցազրույց էր տվել CNN-ի թուրքական ծառայությանը։ Իրանցի պաշտոնյան իր հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային և նշել․ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»։
Հատկանշական է, որ այս հայտարարությամբ Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը ոչ միայն տխրահռչակ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում իր երկրի դիրքորոշումը վերահաստատեց, այլև խոսեց տարածաշրջանում ժողովրդագրության փոփոխության անթույլատրելիության մասին։ Այս հայտարարությամբ Թեհրանը Բաքվին զգուշացնում է, որ իր համար կտրականապես անընդունելի է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրությունը փոփոխելու փորձերը, քանի որ, ինչպես հայտնի է, Բաքվի ղեկավարը ձգտում է Հայաստանում մի քանի հարյուր հազար ադրբեջանցի բնակեցնել, որոնք իբրև թե 1990-ականների սկզբին բռնությամբ տեղահանվել են։
Այսպիսով՝ փաստենք, որ Իրանում սպասվող քաղաքական վերադասավորումների ֆոնին Հայաստանի նկատմամբ առկա սպառնալիքներին հակազդելու հարցում այդ երկրի քաղաքականությունը ոչ միայն չի փոփոխվել, այլև ավելի է կոշտացել, և Թեհրանը փաստացի հայտարարում է, որ դեմ է ՀՀ տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման նախաձեռնություններին։ Բացի դրանից՝ Թեհրանը հերթական անգամ վերահաստատում է՝ թույլ չի տա գործարկել մի միջանցք, որը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ գործարկվող հաղորդակցության ուղիները պետք է լինեն հայկական կողմի վերահսկողության ներքո։
Փաստացի հերթական անգամ համոզվում ենք, որ իրանական կողմը գործնականում ավելի շատ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և դրանք չեզոքացնելու տեսանկյունից, քան ՀՀ իշխանությունները, որոնք այս օրերին կենտրոնացած են բացառապես իրենց իշխանությունը պահպանելու ուղղությամբ։ Վերջիններս համառորեն շարունակում են առաջ մղել «խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգը՝ չնայած այն բանին, որ հակառակ կողմն առհասարակ նման ցանկություն չունի։
Հավելենք, որ Իրանի այս քաղաքականությունը պայմանավորված է նախ և առաջ սեփական շահերի սպասարկմամբ, քանի որ իրանական կողմն Արցախյան հակամարտության օրինակով չափազանց լավ գիտակցում է, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն