895724

Բաքուն նպատակ ունի Հայաստանը ներկայացնելու որպես բնապահպանական առումով տարածաշրջանային աղետ ստեղծող երկիր

ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսին` «COP29»-ին ընդառաջ Բաքվում ծավալվում և թափ է առնում Հայաստանի դեմ արշավը: Մասնավորապես, ադրբեջանական մամուլը սկսել է ինտենսիվ լուսաբանել Հայաստանի տարածքում գտնվող հանքավայրերի շահագործման «ապօրինությունը»։ 

Օրերս Բաքվում գործող «Environmental Protection First» (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարները» քարտեզը, որը եռալեզու է` ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն։

«Քարտեզի հիմնական նպատակը Հայաստանի հանքարդյունաբերության բացասական հետևանքների բացահայտումն է։ Մեր ուսումնասիրությունները միանշանակ ցույց են տալիս, որ Հայաստանը միտումնավոր է Բաքվի (խմբ.) հետ սահմանակից գոտիներում տեղակայել իր հանքարդյունաբերող ձեռնարկությունները, որպեսզի առավելագույնս վնասի Քուռ և Արաքս գետերի ջրային ցանցը, ինչպես, օրինակ, Օխչուչայ գետը»,- հայտարարել է քարտեզի հեղինակ Մուգաբիլ Բայրամովը։ 

«Դետք»-ը իր նախորդող մի քանի հրապարակումներում անդրադարձել է Բաքվի կողմից հիբրիդային պատերազմի այս օրինակին, որը, ինչպես տեսնում ենք, նոր թափ է ստանում: 

Հայաստանի բնապահպանական և հանքարդյունաբերական ոլորտը բավականին թափանցիկ է գործում, և այդ քարտեզները, որոնց մասին հայտարարում է Բաքուն, ավելի շուտ որոշակի թիրախային լսարանին ուղղված ազդակներ են: Բաքվի կողմից մեր ունեցվածքի քարտեզագրումը իմիտացիա է միայն, քանի որ այդ քարտեզագրումը հասանելի է բոլորին, իսկ իրական վտանգը կապված է այլ ոլորտով՝ բնապահպանությամբ իրենց առջև դրված խնդրի հետ։ Մասնավորապես, հակառակորդը նպատակ ունի միջազգային հանրության առջև Հայաստանը ներկայացնելու որպես բնապահպանական առումով տարածաշրջանային աղետ ստեղծող երկիր։ Իսկ թե որ ոլորտը թիրախավորելով դա կիրականացնի, նախընտրության հարց է։ Հանքարդյունաբերության ոլորտը թիրախավորվում է՝ հաշվի առնելով վերջինիս կարևոր նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։ 

Հանքարդյունաբերությունը` որպես ՀՀ տնտեսության հիմնական հենասյուն, թիրախավորվել է թշնամի երկրի կողմից թե պատերազմի ընթացքում, թե նույնիսկ պատերազմից հետո։ Դրա վկայությունն է նաև այն, որ Սոթքի հանքավայրի այն մասը, որը մնացել էր Հայաստանի սահմանում, չնայած շարունակեց աշխատել պատերազմից և կիսվելուց հետո, սակայն 2023 թ. բացահանքի աշխատանքները դադարեցվեցին, իբր բացահանքի ռեսուրսների սպառման և ստորգետնյա հանքավայրի շահագործման նախապատրաստվելու պատրվակով։ Սակայն ակնհայտ էր, որ դա ոչ թե ռեսուրսների, այլ անվտանգության խնդիր էր առաջին հերթին և սահմանին մեր պաշտպանողունակության, քանի որ դեռ մի տարվա ռեսուրս կար աշխատելու։ Փոխարենը Բաքուն իր ռազմական ուժի ու սպառնալիքի միջոցով Հայաստանին զրկեց մի տարվա հարկերից, իսկ բազմաթիվ տեղաբնակներին՝ ապրելու միջոցներից։

Հայաստանը, հասկանալով բավական ակնհայտ նպատակը, պետք է օբյեկտիվորեն և սթափ գնահատի իրեն հասցվելիք հնարավոր հարվածների ռիսկը և պատրաստ լինի դրան։ Այսօր Բաքուն նպատակ ունի ոչ թե պարզապես Հայաստանի հանքերի ու ռեսուրսների տեղը մատնանշելու աշխարհին (դա իր կողմից ներդրողների ուշադրությունը գրավելու լավ ծառայություն կլիներ Հայաստանի համար), այլ մասնավորապես ցույց տալու գործող հանքավայրերը, ընկերությունները՝ իրենց բնապահպանական ազդեցությամբ։ Բաքուն բավական հեշտ կարող է կատարել նման վերլուծություն, քանի որ հրապարակային հասանելի են ՇՄԱԳ հաշվետվությունները և եզրակացությունները, սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները, բացի դրանից` այդ ամենը եռամսյակային կտրվածքով հրապարակվում է: 

Եվ այս ամենի համատեքստում, մեր բնապահպանական և դիվանագիտական կորպուսի աշխատանքի «շնորհիվ», ինչպես նաև ամենաբարձր մակարդակով համաձայնեցված որոշման արդյունքում, Հայաստանը հանում է իր վետոն և իր հակառակորդին է նվիրում կոնֆերանսն անցկացնելու բացառիկ հնարավորությունը։ Սա մեր օրերում թերևս ամենաազդեցիկ ու ամենամասշտաբային կոնֆերանսներից է, որն անցկացնող երկրին անասելի մեծ վարկանիշային, տնտեսական և ազդեցության օգուտներ է բերում։ Իսկ Բաքուն, ինչպես տեսնում ենք, շտապում է օգտվել ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսը՝ «COP29»-ը անցկացնելու հնարավորությունից և պատրաստվում է այդ գլոբալ հարթակն օգտագործել Հայաստանն ամբողջովին վարկաբեկելու համար։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն