Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը «Արմենպրես»-ին
Անհեթեթություն է Հայաստանին մեղադրել նրա համար, որ ցանկանում է պաշտպանվել, հատկապես պատերազմում պարտվելուց հետո։ Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է աշխարհաքաղաքականության ֆրանսիացի մասնագետ, Փարիզի քաղաքագիտական ֆակուլտետի դասախոս Ֆրեդերիկ Անսելը՝ մեկնաբանելով այն հարցը, որ Ֆրանսիան և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն ադրբեջանական իշխանությունների թիրախում են և սպառնալիքների ալիք են բարձրացրել:
«Ադրբեջանը վերջին տասնամյակների ընթացքում զանգվածաբար ներկրել է բավականին վտանգավոր զենքեր, որոնք կիրառվեցին 2020 թվականին։ Հետևաբար, ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու պետք է նսեմացնենք Հայաստանի պաշտպանվելու իրավունքը: Կարծում եմ, որ պատերազմի համար պայմաններ ստեղծելը զենք ձեռք բերելը չէ։ Հայաստանը իրավացի է, որ ուզում է փոխել դաշինքները: Կարծում եմ, որ այն պետք է շրջվի դեպի Ֆրանսիա և ԱՄՆ, քանի որ այլընտրանք չունի, որովհետև Ռուսաստանը 2020 թվականին ցույց տվեց, որ երկակի խաղ է խաղում»,- ասել է ֆրանսիացի քաղաքագետը՝ նշելով, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ապագան կախված է Արևմուտքից, այդ թվում՝ Ֆրանսիայից։
Ֆրեդերիկ Անսելն անդրադարձել է Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին, վերլուծել իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները։ Անսելի խոսքով՝ թեպետ այսօր աշխարհաքաղաքական կոնյուկտուրայում Հարավային Կովկասը հետաքրքիր է, բայց այն շատ հեռու է կենտրոնական կամ կարևոր լինելուց։ «Այսօր գլոբալ հիմնական խնդիրները Հնդկա-խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում են, ինչ-որ չափով Մերձավոր Արևելքում, գուցե նաև Քաշմիրը, Աֆրիկայի որոշ տարածքներ հավելենք: Բայց պարզ է, որ Կովկասն այս պահին առաջնահերթություն չէ խոշոր խաղացողների համար և այդպիսին չի դառնա։ Հարավային Կովկասում միջուկային հարց ամեն դեպքում չկա, կան իրացվող բնական ռեսուրսներ, հիմնականում բավականին թույլ։ Ադրբեջանում կա բնական գազ և դեռ մի քիչ նավթ, բայց Վրաստանում և Հայաստանում՝ գրեթե բացակայում են վաճառվող ռեսուրսները։ Շատ փոքր ժողովրդագրության հետ գործ ունենք։ Այստեղ, գուցե, մտածենք Իրանի մասին, որը, իհարկե, տարածաշրջանային տերություն է: Թուրքիան, այո, բայց միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Եթե մի օր Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, ես իրականում չեմ տեսնում, թե ինչպես այն կհամարվի իրական տերություն։ Ռուսաստանը, այո... բայց Ռուսաստանին ավելի շատ հետաքրքրում է Հյուսիսային Կովկասը, հատկապես այն, ինչ կատարվում է արմատական իսլամիզմի առումով»,- մանրամասնեց քաղաքագետը։
Խոսելով տարածաշրջանում առկա պառակտումների և պայթունավտանգ իրավիճակների մասին՝ քաղաքագետ Անսելը նշեց, որ ամենադժվար պառակտումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ըստ քաղաքագետի՝ մեկ այլ շատ ավելի զուսպ պառակտում է Թուրքիայի և Իրանի միջև Մեղրիի միջանցքի հարցը։ «Իրանը չի ընդունում և, ըստ իս, բացարձակապես երբեք չի ընդունի թուրքական շարունակականությունն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով», ինչպես ցանկանում են Թուրքիան և Ադրբեջանը։ Ռուսաստանն էլ Կովկասում Վրաստանի և Հայաստանի հետ ցանկանում է պահպանել ռեժիմներ կամ ձեռք բերել իր համար բավականին բարենպաստ և իրեն ենթակա ռեժիմներ», - ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Ռուսաստանի այս քաղաքականությունն էլ խթանում է որոշ արտաքին ուժերի հետաքրքրվածությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ «Օրինակ, Ֆրանսիան ավելի ու ավելի ամուր և ավելի ու ավելի ռազմական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին հին ավանդույթի հիման վրա, որը սկիզբ է առել 1915 թվականի Ցեղասպանությունից, գուցե, նույնիսկ ավելի վաղ։ Միացյալ Նահանգները, որ Ջո Բայդենի ձայնով ճանաչել է 1915 թվականին օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Ցանկությունը մեկն է՝ թուլացնել Ռուսաստանին, հատկապես Ուկրաինայի վրա նրա հարձակումից հետո»։
Ֆրեդերիկ Անսելը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և դրան հաջորդած իրավիճակը գնահատում է որպես առկա թաքնված պատերազմական վիճակ՝ Ադրբեջանի կողմից ճնշող պատասխանատվությամբ, որն ակնհայտորեն ցանկանում է ավելի հեռուն գնալ Թուրքիայի մեղսակցությամբ։ «Հայաստանի վիճակը թղթի վրա աղետալի է։ Բայց ես նրանցից եմ, ովքեր երկար ժամանակ զբաղվում են աշխարհաքաղաքականությամբ՝ ֆրանսիացի պատմաբան Ֆերնան Բրոդելի տեսությամբ։ Անիմաստ է վերլուծել իրավիճակը որոշակի ժամանակի շրջանակներում՝ մտածելով, թե խաղի ավարտին Հայաստանը կամ Ադրբեջանը կհաղթեն մեկ շաբաթում, 2 շաբաթում, մեկ ամսում, 2 ամսում։ Նման հաշվարկներն ու վերլուծություններն անիմաստ են: Հակամարտության մասին մենք պետք է մտածենք շատ ավելի երկար ժամանակի ընթացքում, և այս տեսանկյունից Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղացել։ Ընդհակառակը, Ադրբեջանն ու Թուրքիան այդ առումով ունեն կառուցվածքային լուրջ թուլություններ, որոնք դեռ իրականում չեն արտահայտվել, բայց կարող են փոփոխել ուժերի հարաբերակցությունը», - կարծում է քաղաքագետը։
Ֆրեդերիկ Անսելն իր վերջին՝ «Ուժի ուղիները. Աշխարհաքաղաքականությունը XXI դարում» գրքում կարևորում է աշխարհագրությունը միջազգային քաղաքականության մեջ: Խոսում է Հայաստանի մասին և ասում, որ Մեղրին աշխարհագրորեն գրավիչ և կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և հանդիսանում է Հայաստանի կարևոր ուժը։ Հարցին, թե ինչ կլինի, եթե ադրբեջանա-թուրքական տանդեմին, որն ամեն գնով փորձում է չեզոքացնել այդ ուժը՝ պահանջելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», հաջողվի ձեռք բերել այն, քաղաքագետը պատասխանեց, որ այդ հիպոթեզին չի հավատում։ «Արցախի պարագան ուրիշ էր, 1920-ականներին Ստալինը ստեղծեց պայմաններ, որոնք երաշխավորում էին, որ վեճի իրական տեղ կա։ Դա այդպես չէ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեպքում՝ իր միջազգայնորեն ճանաչված 1991 թվականի սահմաններով։ Թուրքիան բացարձակապես չի ցանկանում դուրս մղվել ՆԱՏՕ-ից, դա միանշանակ է, ես դրանում միանգամայն համոզված եմ, ուստի նա ոչ մի կտրուկ քայլ չի անի այս հարցում։ Ադրբեջանն էլ պարտավորված չէ նման նկատառումներով։ Ավելին, նրա վարչակարգը չափազանց ավտորիտար և ընտանեկան է, եթե ոչ անհատական, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին՝ չնայած Էրդողանի կողմից շատ ուժեղ ավտորիտար ճնշումներին։ Այստեղ մենք այլ օրինաչափության վրա ենք: Եթե Ադրբեջանը ռազմական միջամտություն իրականացնի ինքնիշխան մի երկրում, կհայտնվի շատ կոշտ քննադատության տակ ոչ միայն Եվրամիության, այլ նաև պետությունների մեծ մասի կողմից, այդ թվում ՝ Իրանի կողմից։ Կարծում եմ՝ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ դա։ Ռուսաստանի վրա շատ թանկ է նստում ներխուժումն Ուկրաինա, բայց այն դեռ դիմանում է (ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանն ունի նավթի և բնական գազի առաջին պաշարներն աշխարհում, և որ նրա վրա չի կարելի հարձակվել իր միջուկային զինանոցի պատճառով), բայց դա բացարձակապես այդպես չէ Ադրբեջանի դեպքում», - ասաց աշխարհաքաղաքականության մասնագետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
Ավելացնել նոր մեկնաբանություն