s

ՆԱՏՕ-ն ծրագրում է ստեղծել 50 բրիգադ Ռուսաստանի հարձակումներից պաշտպանվելու համար. Reuters

ՆԱՏՕ-ն 35-50 լրացուցիչ բրիգադների կարիք կունենա, որպեսզի լիովին իրականացնի Ռուսաստանի հարձակումներից պաշտպանվելու իր նոր պլանները, տեղեկացրել է Reuters-ը։

Գործակալության աղբյուրը, որը ցանկացել է անունը չնշել, հրաժարվել է որեւէ մանրամասն տրամադրել այն ծրագրերի մասին, որոնք գաղտնի են։ Բրիգադը կազմված է 3 000-7 000 զինծառայողից, ուստի եւս 35-50 նման ստորաբաժանումների ստեղծումը լուրջ խնդիր կդառնա, փոխանցում է News.am-ը։

Խնդրի մասշտաբի նշաններից մեկը, որին բախվում է ՆԱՏՕ-ն՝ կապված ռուսական հարձակմանն ավելի լուրջ վերաբերվելու հետ 2022թ. Ուկրաինա ներխուժումից հետո, դարձել է անվտանգության ոլորտի աղբյուրի հայտարարությունն այն մասին, որ միայն Գերմանիան ստիպված է չորս անգամ ավելացնել իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները։

Անցած տարի Վիլնյուսի գագաթաժողովում ՆԱՏՕ ղեկավարները համաձայնեցրին ավելի քան երեք տասնամյակում դաշինքի պաշտպանության առաջին խոշոր պլանները, եւ այդ ժամանակվանից պաշտոնական անձինք աշխատում են այդ փաստաթղթերի իրականացման ուղղությամբ՝ որպես կոնկրետ ռազմական պահանջներ։

Սպասվում է, որ ՆԱՏՕ ղեկավարները թարմացված տեղեկություն կստանան Վաշինգտոնի պլանների մասին այս շաբաթ տրանսատլանտյան դաշինքի 75-ամյակին նվիրված գագաթաժողովում։

Իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին ՆԱՏՕ ներկայացուցիչը հայտնել է, որ դաշինքի զինվորական պլանավորողները որոշել են զորքերի եւ սպառազինությունների մանրամասն պահանջները, որոնք անհրաժեշտ է բավարարել դաշինքի պաշտպանության համար»։

«Օդային եւ հակահրթիռային պաշտպանությունը, հեռահար զենքը, լոգիստիկան, ինչպես նաեւ խոշոր ցամաքային զորակազմավորումները մտնում են մեր գլխավոր առաջնահերթությունների մեջ։ ՆԱՏՕ-ն, հավանաբար, ըստ հնարավորությունների ավելի մեծ նպատակներ կդնի դաշնակիցների համար, քանի որ մենք զարգացնում ենք ուժեր, որոնք կարող են իրականացնել մեր պլանները եւ դիմակայել սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք։ Մենք համոզված ենք, որ մեր զսպումը կա եւ կլինի ուժեղ»,- ասել է պաշտոնյան։

Պաշտպանության նախարարությունը Բեռլինում հրաժարվել է մեկնաբանել ՆԱՏՕ ապագա ծրագրերը, քանի որ դրանք գաղտնի են։ Նախարարությունը հայտնել է, որ բոլոր դաշնակիցներին կոչ է արվել ՆԱՏՕ-ի հետ համակարգել պահանջներն ըստ հնարավորությունների, եւ որ այդ ջանքերը կշարունակվեն մինչեւ հաջորդ տարի։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն