4578

Բաքվի հերթական հիստերիան

Այսօր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից հայտարարել են, որ ԱՄՆ-ն մահաբեր զենք չի մատակարարել Երևանին ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ երրորդ կողմերի միջոցով։ Սա Վաշինգտոնի պատասխանն է Բաքվի այն հայտարարություններին, թե ԱՄՆ-ն Իրանի տարածքով զենք է մատակարարում Հայաստանին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էին, թե Արևմուտքի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, երրորդ երկրների միջոցով Երևանին մահաբեր սպառազինություն են մատակարարել և շարունակում են դա անել: Նշվել էր, թե ֆրանսիական, գերմանական և ամերիկյան սպառազինության մատակարարումները Հայաստան իրականացվել են Իրանի միջոցով:

ԱՄՆ դեսպանությունն իր հերքման տեքստում շեշտել է, որ տարածաշրջանում կայունությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումն ԱՄՆ-ի համար առաջնային նշանակություն ունեն:

Այս տարի ապրիլին «Ազատությանը» տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ շարունակում է քննարկումներն այն հարցում, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։

«Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն համաձայնության ենք եկել, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում և փորձում տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին նրա պաշտպանության առումով»,- ասել էր նա: 

Ինչ վերաբերում է Բաքվի կողմից պաշտոնական Փարիզին ուղղված դժգոհությանը, հիշեցնենք, որ դրան պատասխանել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել էր Փարիզի կողմից Հայաստանին զենք մատակարարելու հարցը։ Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցին՝ Մակրոնը նշել էր, որ վերջին տասնամյակում Ադրբեջանը շատ ավելի լավ է զինվել, քան Հայաստանը։ «Եթե նայեք անցած տասնամյակին, ապա Ադրբեջանը, իրոք, կարծես թե զինվել է շատ ավելի լավ, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, բայց եթե սխալվում եմ՝ ուղղեք, ապա Ադրբեջանը սարսափելի պատերազմ սկսեց 2020 թվականին»,- ասել էր նա և հավելել, որ նորմալ է գործընկերների կողմից ինքնապաշտպանության համար զենք և զինամթերք մատակարարելը։ 

Հասկանալու համար Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի տարբերությունը՝ մեջբերենք Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցից մի հատված: Ըստ հետազոտության՝ եթե 2020 թվականին Հայաստանի ռազմական ոլորտի հատկացումները կազմել են 634 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ ավելի քան 2.2 միլիարդ: 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են երկրի ՀՆԱ-ի մոտ 5%-ը, իսկ Ադրբեջանի պարագայում՝ շուրջ 5․5%-ը:

Չնայած տոկոսային առումով այս հարաբերական հավասարությանը՝ կողմերի՝ զենքի ներմուծման ծավալները խիստ անհամաչափ էին. 2011-2020 թվականներին Ադրբեջանն ավելի քան 8 անգամ շատ սպառազինություն է ներկրել, քան Հայաստանը։ 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր են զինում Ադրբեջանին ու Հայաստանին, SIPRI-ի փորձագետները զեկույցում նշել են, որ 2011-2020 թվականներին Հայաստանի հիմնական մատակարարը եղել է Ռուսաստանը: Ռուսական մատակարարումները Հայաստան ներառում էին զրահափոխադրիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռային կայանքներ, տանկեր, որոնք բոլորն էլ օգտագործվել են 2020 թվականի պատերազմում։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի ձեռք բերած սպառազինության ավելի քան 5%-ը ներմուծվել է Հորդանանից, իսկ 1%-ը՝ Ուկրաինայից: Զեկույցի համաձայն՝ Հորդանանը 2019 թվականին Հայաստանին է մատակարարել փոքր քանակությամբ հակաօդային պաշտպանության օգտագործված համակարգեր: Բուլղարիան հայտնել է 2019 թվականին հակատանկային 500 թեթև զինատեսակների, իսկ 2017 թվականին՝ 1094 թեթև գնդացիրների մատակարարման մասին։

SIPRI-ի տվյալներով` 2011-2020 թվականներին Ռուսաստանը եղել է նաև Ադրբեջանի խոշորագույն մատակարարը սպառազինության գծով. Բաքվի ներմուծած զենք-զինամթերքի ավելի քան 60%-ը բաժին է ընկել Մոսկվային: Նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանին սպառազինություն մատակարարած երկրորդ խոշոր երկիրը Իսրայելն էր, որին բաժին է ընկել ադրբեջանական ներմուծումների ավելի քան 26%-ը: Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանին զենք մատակարարող երրորդ խոշոր երկիրը ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Բելառուսն է: 2011-2020 թվականների ընթացքում Բելառուսին բաժին է ընկել Ադրբեջանի ներմուծած սպառազինության ավելի քան 7%-ը։

Ադրբեջանին զենք մատակարարած մեծությամբ չորրորդ երկիրը Թուրքիան է, որին բաժին է ընկել 2011-2020 թվականներին Ադրբեջանի ներմուծած սպառազինության շուրջ 3%-ը: Ըստ զեկույցի՝ այդ ժամանակահատվածում թուրքական մատակարարումները ներառել են զրահապատ մեքենաներ, հրետանի, հրթիռներ և անօդաչուներ։ Վերջիններս մատակարարվել են 2020 թվականի պատերազմի նախօրեին, առաքվել է առնվազն հինգ «Bayraktar-TB2» անօդաչու՝ զինված «MAM-L» կառավարվող ռումբերով: Հեղինակներն ընդգծում են, որ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ այդ անօդաչուներն արժանացան միջազգային լայն ուշադրության:

Զեկույցում նշված են այլ երկրներ, որոնք այդ ժամանակահատվածում փոքր քանակությամբ զենք ու զինամթերք են մատակարարել Ադրբեջանին՝ Սլովակիան, Չեխիան, Իսպանիան, Ռումինիան: Բացի դրանից, ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի զեկույցների, այս տարիներին Ադրբեջան սպառազինություն են արտահանել նաև Սերբիան, Ուկրաինան ու Բոսնիա-Հերցեգովինան:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն