Զանգվածային պայթյուններ Լիբանանում. ինչ կապ ունեն Իսրայելն ու հունգարական ընկերությունը կատարվածի հետ, և ինչ են ասում փորձագետները
Սեպտեմբերի 17-ին «Հիզբոլլահ» խմբավորման անդամների կողմից օգտագործված հազարավոր փեյջերների պայթյունների հետևանքով տուժել է շուրջ 4.000 քաղաքացի, զոհվել տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ, հարյուրավոր լիբանանցիներ էլ ծանր վիճակով հիվանդանոցներում են:
Միջադեպի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, Լիբանանի հարավում և մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններում սկսեցին պայթել շարժական ռադիոկայանները, բջջային հեռախոսները և կապի այլ միջոցներ, ընդհուպ մեքենաներում տեղադրված ռադիոընդունիչներն ու սովորական քաղաքացիների բնակարաններում դրված համակարգիչները:
Թայվանական «Gold Apollo» ընկերության ապրանքանիշը կրող փեյջերները, ըստ ընկերության տարածած հաղորդագրության, արտադրել է Բուդապեշտում գործող «BAC Consulting» կազմակերպությունը, որն ունի «Gold Apollo» ապրանքանիշն օգտագործելու արտոնագիր:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսնակը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պայթած փեյջերները երբեք չեն գտնվել Հունգարիայի տարածքում: Սակայն BAC-ի կայքում, որն այժմ անհասանելի է, ավելի վաղ ասվում էր, որ ընկերությունն ընդլայնում է իր բիզնեսը Ասիայում և նպատակ ունի «զարգացնելու միջազգային տեխնոլոգիական համագործակցությունը երկրների միջև հեռահաղորդակցության արտադրանք վաճառելու համար»:
«LinkedIn»-ում հրապարակված ընկերության գրքույկում թվարկված են ութ կազմակերպություններ, որոնց հետ իբր աշխատել է BAC-ը՝ ներառյալ Եվրոպական հանձնաժողովը և Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենտը (DfID):
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, որը ստանձնել է վերացված DfID-ի գործառույթները, հայտարարել է, որ հարցը գտնվում է հետաքննության փուլում։
BAC-ի կայքում նշվում է մեկ անձ՝ որպես գործադիր տնօրեն և հիմնադիր՝ Քրիստիանա Բարսոնի-Արսիդիակոնոն, որևէ այլ աշխատակից չի հիշատակվում: NBC-ն հայտնել է, որ կարողացել է խոսել Բարսոնի-Արսիդիակոնոյի հետ, որը հաստատել է, որ իր ընկերությունն աշխատել է «Gold Apollo»-ի հետ, սակայն պայթյունների հետ կապ չունի. «Ես փեյջեր չեմ արտադրում: Ես ուղղակի միջնորդ եմ։ Կարծում եմ՝ սխալվում եք»։
Ինչպե՞ս կարող էին պայթուցիկ սարքերը գործի դնել
Ըստ «Sky News Arabia»-ի աղբյուրի՝ «Մոսադի» գործակալները սարքերի մարտկոցների վրա տեղադրել են հզոր պայթուցիկ PETN-ի (Pentaerythritol Tetranitrate) քանակություն և պայթեցրել դրանք՝ հեռվից բարձրացնելով մարտկոցների ջերմաստիճանը։
«Wall Street Journal»-ը մեջբերել է պայթյուններից տուժած մի շարք մարդկանց խոսքերը, որտեղ ասվում է, թե նրանք պայթյուններից առաջ զգացել են, թե ինչպես են տաքանում փեյջերները:
BBC-ի անվտանգության թղթակից Ֆրենկ Գարդները, վկայակոչելով բրիտանական բանակի նախկին աշխատակցի կարծիքը, նշում է, որ փեյջերները կարող էին պարունակել 10-20 գրամ շատ հզոր ռազմական պայթուցիկ:
Պայթուցիկները կարող էին թաքցված լինել կեղծ էլեկտրոնային մասում։ Այնուհետև պայթուցիկ սարքերը կարող էին ակտիվացնել հատուկ այբբենական թվային հաղորդագրության միջոցով:
Նյուքասլի համալսարանի փորձագետ Փոլ Քրիստենսենն էլ պնդում է, որ փեյջերների պայթյունների հետևանքով հասցված վնասի մակարդակը չի համապատասխանում նախկինում նմանաբնույթ մարտկոցների հայտնի խափանումներին:
Իսկ ի՞նչ է սա նշանակում Իսրայելի և «Հիզբոլլահի» համար
«Իսրայելը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է նման լայնածավալ գործողություն, որպեսզի ուժեղացնի «Հիզբոլլահի» զսպումը և հանգստացնի իսրայելցի քաղաքացիներին, այդ թվում՝ հյուսիս տարհանվածներին, որ նրանք ապահով են»,- ասում է արաբ փորձագետ Մուրադ Շիշանին և հավելում, որ դա կարող է նաև հակադարձ արդյունք տալ, եթե «Հիզբոլլահը» պատասխան հարված հասցնի:
Ավստրալացի պահեստազորային գեներալ-մայոր Միք Ռայանն էլ վստահ է, որ այս քայլով իսրայելական կողմը ցույց է տվել, որ մուտք ունի «Հիզբոլլահի» կապի ցանցեր և մատակարարման շղթաներ. «Բայց ընդհանուր առմամբ, իսրայելցիները ցույց են տվել, որ կարող են որսալ և կեղծել «Հիզբոլլահի» համար նախատեսված մատակարարումները»։
BBC-ի միջազգային խմբագիր Ջերեմի Բոուենը կարծում է, որ թեև իսրայելցիները ցույց են տվել, որ կարող են ներթափանցել «Հիզբոլլահի» հաղորդակցություններ և նվաստացնել նրանց, դա լայնածավալ պատերազմի համար պարարտ հող է:
«The New York Times»-ն էլ, վկայակոչելով իսրայելական հետախուզության և պաշտպանության 12 նախկին և ներկա պաշտոնյաներին, գրել է, որ «BAC Consulting»-ը իսրայելական քողարկման մի մասն է: Հրատարակության համաձայն՝ ընկերությունը պատվերներ է ընդունել նաև սովորական հաճախորդներից, որոնց համար արտադրել է սովորական (ոչ պայթուցիկ) փեյջերների շարք, սակայն «Հիզբոլլահին» մատակարարել է ներկառուցված պայթուցիկներով սարքեր:
Աղբյուրը՝ www.bbc.com
Ավելացնել նոր մեկնաբանություն