Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ թուրքական ԶԼՄ 

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմասնակցի Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է թուրքական իշխանամետ «Սաբահ» պարբերականը։

Հաղորդվում է, որ լրատվամիջոցը հղում է կատարել Թուրքիայում Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլահզադեի հայտարարությանը։

«Դեսպանը հայտնել է, որ «3+3» ձևաչափի երրորդ նիստը՝ ուղղված խաղաղության հասնելուն և ձևավորված Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի կողմից, նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, և որ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին կմասնակցի այդ նիստին»,- հայտնում է թերթը։

Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հարավային Կովկասի 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային 3 ազդեցիկ դերակատարների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համագործակցություն, սակայն վրացական կողմն առ այսօր հրաժարվում է հարթակի աշխատանքներին մասնակցելուց ՌԴ-ի հետ ունեցած խնդիրների պատճառով։ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում՝ 5 երկրների փոխարտգործնախարարների մակարդակով, երկրորդը՝ 2023-ի հոկտեմբերին Թեհրանում՝ արդեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Հարթակի երրորդ հանդիպումը պետք է կայանար 2024 թվականի առաջին կեսին Թուրքիայում, սակայն առ այսօր այն տեղի չի ունեցել։

Ավելացնել նոր մեկնաբանություն