Թեհրանը պնդում է՝ ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է ցանկացած պատերազմի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է ցանկացած պատերազմի։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Արաղչին ասել է Բաղդադում Իրաքի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Արաղչին շեշտել է՝ Իրանը դեմ է պատերազմ սկսելուն կամ տարածաշրջանում լարվածության սրմանը․ «Սակայն մենք պատրաստ ենք ցանկացած հանգամանքի։ Մենք պատրաստ ենք և՛ պատերազմի, և՛ խաղաղության։ Մենք հանդես ենք գալիս հօգուտ խաղաղության և փորձում ենք խաղաղության հասնել Գազայում ու Լիբանանում»:
Նշելով տարածաշրջանի առջև ծառացած լուրջ մարտահրավերները և զգուշացնելով տարածաշրջանում տագնապալի իրավիճակի մասին՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է դաշնակից երկրների միջև ավելի սերտ խորհրդակցությունների անհրաժեշտությունը. «Տարածաշրջանը տագնապային վիճակում է, և բախումների բռնկման հավանականությունը շատ մեծ է, ինչը կապված է սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հետ»։
Արաղչին հավելել է, որ անհրաժեշտ է պայքարել իսրայելական ռեժիմի ագրեսիայի գործողությունների դեմ, որպեսզի դադարեցվի Գազայի և Լիբանանի բնակիչներին պարտադրված պատերազմը։
«Սիոնիստական հանցագործություններին պետք է վերջ դրվի, և պետք է հրադադար հաստատվի։ Մենք որոշեցինք այդ հարցով խորհրդակցություններ անցկացնել Իրաքի հետ և հասնել հրադադարի Գազայում»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն