Թրամփի հետ, թե առանց նրա, պատերազմը միևնույն է անխուսափելի է․ Էդգար Մարգարյան
Կրկին ու կրկին լսում ենք քաղաքական գործիչների ու վերլուծաբանների կանխատեսումներն ու սարսափելի գուշակությունները:
Երբ Թրամփը շարժվում էր դեպի հաղթանակ, ոմանք մեզ համոզում էին, թե նրա հաջողությունը կհանգեցնի մեր վրա հարձակման:
Հիմա Թրամփը հաղթել է, և եթե հարձակումը կանխատեսելի է, ապա ո՞ւր են այդ վերլուծաբանների ու քաղաքական գործիչների՝ հարձակմանը պատրաստ լինելու կոչերը։
Ակնհայտ է, որ այս ամենը լարվածություն ստեղծելու, պոպուլիզմի և ահաբեկելու հերթական փորձն էր։
Պոպուլիզմը և սուտ կանխատեսումները դարձել են հայկական քաղաքական խոսույթի հիմքը։
Մեր քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասը կենտրոնացած է սենսացիոն հայտարարություններով ուշադրություն գրավելու վրա, իսկ գործ անելու անհրաժեշտության մասին խոսող գրեթե չկա։
Սա մեր քաղաքական և վերլուծական համայնքի հիմնական խնդիրն է․ խորքային լուծումների և երկարաժամկետ ռազմավարությունների շուրջ քննարկման փոխարեն մեզ կերակրում են էմոցիաներով և դատարկաբանությամբ։
Իսկական անվտանգությունը վախերի վրա չի կառուցվում։ Դրա հիմքը ինքնապահովությունը, պատրաստվածությունը և ողջամիտ վստահությունն է սեփական ուժերի վրա։ Բայց մարդկանց հնարավոր մարտահրավերներին պատրաստելը պահանջում է պատասխանատվություն, կարգապահություն և ներդրումներ։ Բարդ է, մի խոսքով։
Ամիսներ շարունակ մեզ ասվում էր, որ Թրամփի իշխանության գալը մեզ համար աղետ է։ Թրամփն ընտրվեց։ Դե, ձեզ տեսնենք։
Էդգար Մարգարյան
Ավելացնել նոր մեկնաբանություն