Արաբա-իսրայելական 1947-1948 թթ. պատերազմը

Արաբա-իսրայելական 1947-1948 թթ. պատերազմը

Հեղինակ
Մեսրոպ Պողոսյան
Արաբա-իսրայելական 1947-1948 թթ. պատերազմը

1948 թ. մայիսի 15-ին Իսրայել պետության հռչակումից հետո Պաղեստինի արաբները հայտնվեցին երկընտրանքի առջև: Նրանք, հետևելով հրեաների օրինակին և օգտվելով առիթից, կամ պետք է իրենց հերթին հռչակեին անկախ Պաղեստին արաբական պետությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախանշած սահմաններում, կամ ընտրեին այլ տարբերակ: Իհարկե Պաղեստինի արաբներն իրենց ընտրության մեջ ազատ չէին և մեծապես կախված էին արաբական մյուս պետություններից, առաջին հերթին՝ Անդրհորդանանից, Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից, Սաուդյան Արաբիայից և արաբական մյուս երկրներից: Դա բացատրվում է նաև այն իրողությամբ, որ պաղեստինյան հարցի ծագման առաջին օրվանից այն չէր համարվում զուտ Պաղեստինի արաբների հարց, այլ համաարաբական խնդիր: Վերոնշյալ արաբական երկրները միահամուռ էին այն հարցում, որ չպետք է ընդունել Պաղեստինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի 1947 թ. բանաձևը, ճանաչել Իսրայել պետության գոյության իրավունքը, և Պաղեստինը պետք է պահպանել որպես արաբական մեկ ամբողջական տարածք, որտեղ կարող էր կազմավորվել միայն ու միայն արաբական պետություն: Չպետք է մոռանալ, որ ՄԱԿ-ի 1947 թ. նոյեմբերի 181/II բանաձևի ընդունումից հետո պաղեստինյան հարցը փաստորեն տեղափոխվեց ազգերի ինքնորոշման իրավունքի տիրույթ, որից օգտվեցին հրեաները: Իսկ արաբները բաց թողեցին այդ հարմար պահը, և ազգերի ինքնորոշման իրավունքից օգտվելու ու իրենց պետությունը հռչակելու փոխարեն կանգնեցին հարցի լուծման ռազմական տարբերակի առջև:

1948 թ. մայիսի 15-ին՝ Իսրայել պետության դե յուրե կազմավորման օրը, արաբական 5 պետություններ՝ Անդրհորդանանը, Լիբանանը, Սիրիան, Եգիպտոսը և Իրաքը, պատերազմական գործողություններ սկսեցին Իսրայելի դեմ: Իսրայելին պատերազմ հայտարարեցին նաև Սաուդյան Արաբիան և Եմենը: Այդպես սկսվեց արաբա- իսրայելական առաջին կամ պաղեստինյան պատերազմը: Սկզբնական շրջանում արաբական բանակներն ունեցան որոշ հաջողություններ, բայց հետո պատերազմի ընթացքը փոխվեց հօգուտ Իսրայելի: Այստեղ իր դերը խաղաց այն հանգամանքը, որ Իսրայելի բանակն ավելի լավ էր կազմակերպված և ավելի գրագետ էր գործում, քան արաբական բանակները: Վերջիններիս անգամ չհաջողվեց համակարգել իրենց ռազմական ջանքերն ու գործողությունները: Պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի միջնորդությամբ 2 անգամ զինադադար հաստատվեց, որից փայլուն օգտվեց Իսրայելը՝ համալրելով իր ռազմական ուժերը: Պատերազմն իրականում ավարտվեց 1948 թ. վերջերին Իսրայելի հաղթանակով: 1949 թ. փետրվարի 24-ին Իսրայելը զինադադար ստորագրեց Եգիպտոսի, մարտի 23-ին՝ Լիբանանի, ապրիլի 3-ին՝ Անդրհորդանանի և հուլիսի 20-ին՝ Սիրիայի հետ: Ինչ վերաբերում է Իրաքին, ապա այն ընդհանրապես հրաժարվեց Իսրայելի հետ հրադադարի պայմանագիր ստորագրելուց:

Պատերազմի ընթացքում պաղեստինցի արաբների կորուստները կազմեցին 16 հազար սպանված և 14 հազար վիրավոր, ևս 2500 զոհ տվեցին պատերազմին մասնակից արաբական մյուս երկրները: Հրեաներն ունեին 6 հազար զոհ: Պատերազմի արդյունքում նոր իրողություն հաստատվեց Պաղեստինում: Ամենամեծ կորուստ կրողը եղավ Պաղեստինը, այսինքն՝ Պաղեստինի արաբները: Իսրայելը գրավեց Պաղեստինի արաբական պետության համար հատկացված տարածքներից և իրեն միացրեց Արևմտյան Գալիլեան, Արևմտյան Նեգեևը և Երուսաղեմի մի մասը՝ Նոր քաղաքը՝ լրացուցիչ 6․6 հազ. քառ. կմ տարածք: Դրանով Պաղեստինի տարածքի 74%-ն անցավ Իսրայելին: Արևելյան Պաղեստինը և Երուսաղեմի մյուս մասը կամ Հին քաղաքը՝ 5․5 հազ. քառ. կմ, գրավեց և իրեն միացրեց Անդրհորդանանը: Իսկ Եգիպտոսին անցավ Ղազայի շրջանը՝ 378 քառ. կմ: Այսպիսով՝ ՄԱԿ-ի 1947 թ. 181/II բանաձևով արաբական Պաղեստին պետության համար հատկացված ամբողջ տարածքը բաժանվեց Իսրայելի, Անդրհորդանանի և Եգիպտոսի միջև: Իսկ դա նշանակում էր, որ արաբական պետության համար տարածք չէր մնում, և ՄԱԿ-ի վերոնշյալ բանաձևն իրականացվեց մասամբ, միայն այն մասով, որը վերաբերում էր Իսրայելին: Իսրայելը պատերազմի արդյունքում կարողացավ պահպանել իր համար հատկացված տարածքը և այն ընդարձակեց մոտ 22%-ով: Այսպիսով՝ Պաղեստինը ոչ միայն չօգտվեց ազգային ինքնորոշման իր իրավունքից, ինչպես Իսրայելը, և չստեղծեց իր անկախ պետությունը, այլև կորցրեց ամեն ինչ: Մոտ 750 հազար պաղեստինցի արաբներ վերածվեցին գաղթականների և հեռանալով Պաղեստինից, հարկադրյալ լքելով իրենց բնակավայրերը՝ փախան իրենց երկրից ու ապաստան գտան Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Անդրհորդանանում, Եգիպտոսում, Քուվեյթում և արաբական մյուս երկրներում, որտեղ հիմնեցին իրենց ճամբարները: Պատահական չէր, որ արաբներն իրենք 1948-1949 թթ. պաղեստինյան պատերազմն ու նրա հետևանքներն անվանեցին նաքբա՝ աղետ:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author