Արաբա-իսրայելական 1967 թ. պատերազմը

Արաբա-իսրայելական 1967 թ. պատերազմը

Հեղինակ
Մեսրոպ Պողոսյան
Արաբա-իսրայելական 1967 թ. պատերազմը

1948-1949 թթ. պատերազմից հետո Իսրայելի և արաբական 4 պետությունների՝ Եգիպտոսի, Անդրհորդանանի, Լիբանանի և Սիրիայի միջև ստորագրվեց զինադադարի պայմանագիր, որը, բնականաբար, չէր կարող համարվել հաշտության պայմանագիր: Բաց էին մնում սահմանների և պատերազմական վիճակի ավարտման իրավական ձևակերպման հարցերը: Այդ պատճառով էլ դրան հաջորդած ժամանակահատվածը բնավ չի կարելի համարել խաղաղության շրջան: Զինված բախումները և հարձակումներն այդ ժամանակաշրջանը բնորոշող գլխավոր գծերն էին: Հարաբերություններն արաբների և Իսրայելի միջև ավելի սրվեցին, երբ Իսրայելը 1956 թ. Անգլիայի և Ֆրանսիայի հետ մասնակցեց Եգիպտոսի դեմ ուղղված ագրեսիային: 1967 թ․ սկզբներին ակնհայտ դարձավ, որ նոր ռազմական հակամարտություն է հասունանում Իսրայելի և արաբական երկրների, առաջին հերթին՝ Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի միջև:

Հունիսի 5-ի վաղ առավոտյան Իսրայելը ցամաքից և օդից հարձակում սկսեց Եգիպտոսի, այնուհետև Սիրիայի, ապա նաև Հորդանանի վրա: Պատերազմը տևեց 6 օր և ավարտվեց Իսրայելի ռազմական հաղթանակով: Պատերազմն ու նրա ծանր հետևանքներն անմիջական ազդեցություն ունեցան Պաղեստինի հարցի վրա: Իսրայելական զորքերը գրավեցին Ղազայի շրջանը, որը գտնվում էր Եգիպտոսի կառավարման ներքո, Արևելյան Երուսաղեմը, Բեթղեհեմը և պաղեստինյան այն բոլոր տարածքները, որոնք 1948 թ․ պատերազմից հետո միացվել էին Անդրհորդանանին և հայտնի էին որպես Հորդանանի արևմտյան ափ: Իսրայելն իր վերահսկողությունը հաստատեց ամբողջ Պաղեստինի վրա՝ ներառյալ այն տարածքները, որոնք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947 թ. բանաձևով հատկացվել էին արաբներին Պաղեստին պետություն հիմնելու համար: Նշենք նաև, որ իսրայելական զորքերը Եգիպտոսից գրավեցին նաև Սինայի թերակղզին, իսկ Սիրիայից` Գոլանի բարձունքները: Այդ տարածքները, որոնք անցան Իսրայելի իրավասության տակ, 4 անգամ գերազանցում էին 1949 թ. զինադադարով հաստատված Իսրայելի սահմանները: Իսրայելի կողմից գրաված տարածքներում բնակվում էր 1․5 մլն արաբ:

Երկար քննարկումներից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 1967 թ. նոյեմբերի 22-ին ընդունեց 242 բանաձևը, որը կարող էր բանալի դառնալ պաղեստինյան հարցի արդար կարգավորման համար: Այն պարունակում էր 5 կարևոր կետ, որոնց իրագործումը կարող էր պաղեստինյան հարցը դուրս բերել փակուղուց: Բանաձևը նախատեսում էր իսրայելական զինված ուժերի դուրսբերում այն բոլոր տարածքներից, որոնք նրանք գրավել էին հունիսյան պատերազմի ընթացքում, տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հարգում, ազատ նավարկություն միջազգային ջրային ուղիներով, փախստականների հարցի արդար լուծում և այլն: Բանաձևը պահանջում էր վերականգնել մինչև 1967 թ. հունիսի 5-ը գոյություն ունեցած սահմանները: Եվ հետագա տասնամյակներին դա դարձավ արաբների, այդ թվում՝ պաղեստինցի արաբների, գլխավոր պահանջը: Այս հանգամանքը կարևոր է շեշտել, քանի որ Պաղեստինում արաբական պետություն հիմնելու հարցն այժմ անմիջականորեն կապվում է 1967 թ. հունիսին արաբական գրավյալ տարածքներն Իսրայելի կողմից արաբներին վերադարձնելու հետ:

Այն տարածքները, որոնք պաղեստինցի արաբներն այսօր պահանջում են, և որոնց վրա պետք է հիմնվի նրանց պետությունը՝ Հորդանանի արևմտյան ափը, Ղազայի շրջանը և Երուսաղեմի մի մասը, 1948 թ. մինչև 1967 թ. գտնվում էին արաբական երկրների՝ Հորդանանի ու Եգիպտոսի տնօրինության տակ, և ոչ ոք չէր խանգարում նրանց, հենվելով ՄԱԿ-ի 1947 թ․ 181 բանաձևի վրա, հռչակել արաբական Պաղեստին պետությունը, ինչպես դա արեցին հրեաները 1948 թ. մայիսին իրենց հատկացված տարածքում: Բայց արաբական պետությունները, ղեկավարվելով իրենց եսասիրական նեղ քաղաքական շահերով, որոնց զոհաբերվեցին պաղեստինցիների ազգային շահերը, չգնացին այդ ուղիով և նման հիանալի հնարավորությունը բաց թողեցին: Պաղեստինը բաժանելու վերաբերյալ ՄԱԿ-ի 1947 թ. որոշման համաձայն՝ Պաղեստինի արաբական պետություն հիմնելու համար հատկացվել էր 11․1 հազ. քառ. կմ։ 1948 թ․ պատերազմի ընթացքում դրա համարյա կեսը գրավեց Իսրայելը, իսկ մյուս կեսը՝ Հորդանանը: Այժմ, երբ խոսք է գնում 1967 թ. մինչհունիսյան սահմաններին Իսրայելի վերադառնալու մասին, դա նշանակում է, որ նրա կողմից 1948 թ. գրաված տարածքը՝ մոտ 6․6 հազ. քառ. կմ, մնում է Իսրայելին, և 1947 թ. հաստատված 14․1 հազ. քառ. կմ-ի փոխարեն նրան է անցնում 20 հազ. քառ. կմ-ը:

Սա ավելի ակնհայտ է դարձնում արաբական երկրների կողմից թույլ տրված այն կոպիտ սխալները և վրիպումները, որոնց համար պետք է վճարի և վճարում է պաղեստինյան արաբ ժողովուրդը: Հունիսյան պատերազմում արաբների կրած պարտությունը և տարածքային կորուստները ցնցեցին ամբողջ արաբական աշխարհը: Իսկ Պաղեստինի արաբ ժողովրդի համար այն վերածվեց իսկական ողբերգության: Նա, իրոք, ամբողջությամբ վերածվեց «ժողովրդի՝ առանց հողի», որը սիոնիստների երազանքն էր դեռևս այդ շարժման արշալույսին: Պաղեստինցի արաբները փախստականի կարգավիճակով իրենց գոյությունը պահպանում են արաբական տարբեր երկրներում՝ չլինելով նրանց քաղաքացիները:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author