Նրանց փաթեթել էին Արցախի դրոշով ու գնդակահարել. մանրամասներ՝ ադրբեջանցիների ոճրագործություններից
«2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները մտել էին Հադրութ, մոտակա գյուղերը, ու սարսափելի դեպքեր են տեղի ունեցել»,- Երևանում կայացած «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ասել է Հադրութի բնակիչ Մարգարիտա Քարամյանը:
Նա պատմել է, թե ինչ գազանությունների են դիմել ադրբեջանիցները Հադրութում. «23 խաղաղ բնակիչներ սպանվել են իրենց տներում կամ բակերում։ 16 հոգի դեռ անհետ կորած են համարվում, այդ թվում՝ 4 կին, երկու երեխա։ Սպանվածներից երկուսն իմ բարեկամներն էին. ամուսիններ էին։ Նինա Դավթյանը 82 տարեկան էր, կույր էր։ Ամուսինը՝ Դավիթը, 86 տարեկան էր։ Նինա Դավթյանին գնդակահարել էին իր անկողնում։ Մարմնի վրա 16 գնդակի տեղ էր։ Դավիթ Դավթյանին գլխատել էին հենց իր բակում։ Նրանց մարմինները գտել են 2-3 ամիս հետո։
Լենա Հակոբյանին գլխատել են, մասնատել են իր երկու հարևանների հետ, հուղարկավորել հենց իրենց բակում՝ երեքին մի գերեզմանափոսում։ Նրա ամուսնուն՝ Բենիկ Հակոբյանին, տեսել ենք հրապարակված տեսանյութերում, ձեռքերը բարձրացրած գերի են տանում, բայց նրա ճակատագիրն առ այսօր անհայտ է, մարմինը չեն տվել։
Երկու տղամարդու գնդակահարել էին հենց Հադրութի կենտրոնի հրապարակում: Նրանց փաթեթել էին Արցախի դրոշով ու գնդակահարել»,- մանրամասնել է հադրութցի կինը։
Ավելացնել նոր մեկնաբանություն