Ուկրաինան առաջին անգամ ՌԴ տարածքին հարվածել է ATACMS բալիստիկ հրթիռներով. РБК Украина
Ուկրաինայի պաշտպանության ուժերն առաջին անգամ Ռուսաստանի տարածքին հարվածել են ATACMS բալիստիկ հրթիռներով։ Թիրախը հաջողությամբ խոցվել է:
Այս մասին գրում է РБК Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում իրազեկ աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ հարվածը հասցվել է ՌԴ Բրյանսկի մարզի Կարաչև քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտին։
«Իսկապես, ATACMS-ն առաջին անգամ կիրառվել է Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածելու համար: Հարվածը հասցվել է Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտին, այն հաջողությամբ խոցվել է»։
Նոյեմբերի 19-ի գիշերը այնտեղ հարձակման է ենթարկվել ՌԴ ՊՆ գլխավոր հրթիռահրետանային վարչության 67-րդ զինանոցը։ Սոցցանցերում հայտնվել են հզոր հրդեհների տեսանյութեր։
Նախօրեին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ գրել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել իր մատակարարած զենքերով հարվածել ՌԴ տարածքի խորքին: Պաշտոնական Վաշինգտոնը տեղեկությունը դեռ չի հաստատել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել էր հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ի ուժերին, եթե Ուկրաինան Ռուսաստանի տարածքում հեռահար զենք օգտագործի։ Այժմ նա նաև սպառնացել է միջուկային հարված հասցնել, եթե արևմտյան հրթիռներ օգտագործվեն՝ հանկարծակի փոխելով միջուկային դոկտրինան։
Ավելացնել նոր մեկնաբանություն