
Պարտավոր ենք փոխել Արցախը մեկընդմիշտ կորցնելու սնանկ գաղափարը
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ:
1988թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի՝ մայր Հայաստանին միանալու որոշմամբ, հայ ժողովուրդը սկիզբ դրեց 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգության էջը համազգային անգերազանցելի զարթոնքի տարեգրությամբ փոխարինելու արշավը, որն իր հաղթանակների փառապսակ՝ Սարդարապատի հերոսամարտի կրկնությունն էր։
Արցախը 70 տարի Խորհրդային Ադրբեջանի կազմում մաքառելուց հետո 6-րդ անգամ ոտքի ելավ մայր հայրենիքին միաձուլվելու համար, սակայն արցախցիների խաղաղ ցույցերին, ռեսուրսներով և հնարավորություններով՝ հայությանը տասնապատիկ գերազանցող Ադրբեջանը պատասխանեց համակարգված ու նպատակային կոտորածներով, պատերազմով, որոնց մեր ժողովրդի զավակները դիմակայեցին գաղափարական միասնականությամբ և կազմակերպվածությամբ. արդյունքը մեր հաղթանակն էր։ Արցախյան հաղթանակը միայն ազգային ազատագրական պայքարի հաղթանակ չէր, այլ համազգային արժեքների ու իղձերի, պատմական արդարության մասնակի վերականգնման հաղթանակ։
Պետականաշինության հետագա տարիների մաքառումներում, արժեքների համար պայքարում, պետության նպատակների ձևակերպման և դրանց իրականացման հարցում հետամուտ լինելու փոխարեն, ցավոք, ազգայինի նկատմամբ քամահրական և անտարբեր մոտեցումը աստիճանաբար դարձավ գերակայող և խրախուսվող, որին գումարվեցին ներազգային քաղաքական խարդավանքները և որի վերջնարդյունքը Արցախի ժամանակավոր կորուստն էր: Պատկերը պարտավոր ենք փոխել:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր ժողովրդի համար այս ծանրագույն օրերին, երբ տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռություն և հակառակորդին թելադրող երկրից մեզ վերածել են նրա պահանջներն անվերապահորեն քննարկող երկրի, երբ վտանգված է նույնիսկ մեր պետականության գոյությունը, ելքը մեկն է՝ վերականգնել 1988թ․-ի համազգային միասնությունը, չտրվել խաբուսիկ և մոլորեցնող, մեզ պառակտող, համերաշխությունը ջլատող քարոզների, որոնց նպատակը հայկական ինքնության և դերակատարման վերացումն է մեր իսկ բարձրավանդակի արևելյան հատվածում:
Արցախ վերադառնալու ենք՝
հանուն ազգային իղձերի իրականացման համար նահատակված տղաների,
հանուն նրանց գործը շարունակողների,
հանուն գալիք սերունդների և հանուն «Հայաստան» գաղափարախոսության։
Ավելացնել նոր մեկնաբանություն