Փեզեշքիանի վարչակազմը կփորձի զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների հետ. Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը կշարունակի Էբրահիմ Ռաիսիի նախորդ վարչակազմի վարած բարիդրացիական քաղաքականությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Իրանի ԱԳՆ-ում իրանցի դիվանագետների և Իրանի նախագահի վարչակազմի պաշտոնյաների հավաքում ունեցած իր ելույթում Արաղչին ընդգծել է տեղեկատվական և մեդիա ոլորտում ներգրավված տարբեր ոլորտների միջև համակարգման և սիներգիայի ավելացման անհրաժեշտությունը՝ արտաքին քաղաքականության նպատակների առաջխաղացման և ազգային անվտանգության շահերի ապահովման համար։
Նա միևնույն ժամանակ անդրադարձել է նաև այս տարվա օգոստոսին Փեզեշքիանի իշխանության գալուց ի վեր ԱԳՆ նախաձեռնություններին և գործունեությանը՝ հայտարարելով, որ իր գերատեսչությունը հավատարիմ է եղել ակտիվ, ներառական և արդյունավետ դիվանագիտությանը։
Նա հայտարարել է, որ Իրանի արտգործնախարարությունը ոչ միայն կշարունակի Էբրահիմ Ռայիսիի նախկին վարչակազմի որդեգրած հարևանների հետ հարաբերությունների առաջնահերթության քաղաքականությունը, այլև կփորձի բարեկամական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ։
Արաղչին միաժամանակ ընդգծել է, որ իր նախարարությունը միջազգային դիվանագիտության մեջ Իրանի դիրքերն ամրապնդելու համար օգտագործում է բոլոր հնարավորությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն