Սիրիայում Իրանի դեսպանատան գործունեության վերսկսումը կարևոր տեղ է գրավում Թեհրանի օրակարգում․ Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկրի դեսպանատան վերաբացումը Թեհրանի օրակարգում առաջնային է: «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Դամասկոսում դեսպանատան վերաբացումը պահանջում է նախապատրաստական միջոցառումներ, որոնցից ամենագլխավորը դեսպանատան և նրա անձնակազմի անվտանգության ապահովումն է»,- ասել է իրանցի դիվանագետը։
Բաղային միևնույն ժամանակ կոնկրետ ժամկետ չի նշել, սակայն հավելել է, որ Իրանը կաշխատի հասնել նպատակին «անհրաժեշտ պայմաններ ստեղծվելուն պես»։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտել է, որ իրանցի ռազմական խորհրդականների գործուղումը Սիրիա հիմնարար նշանակություն ունի և հիմնված է որոշակի սկզբունքների վրա, մինչդեռ նրանց հեռանալը նույնպես պատասխանատու քայլ էր։ «Մենք չենք ձգտել գրավելու Սիրիան, ոչ էլ վերակենդանացնելու անցյալի կայսրությունները: Սիրիայում կարևորը հասարակական անվտանգության և ահաբեկչությունից անվտանգությունն ապահովելն էր: Մենք այնտեղ էինք այդ նպատակով և Սիրիայի (նախկին) կառավարության հրավերով։ Մենք Սիրիայում չենք եղել կոնկրետ անձի կամ խմբի աջակցելու համար։ Մեզ համար կարևոր էր մինչև վերջին պահը օգնել պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Կարծում ենք՝ տարածաշրջանի երկրներում անվտանգության գերակայությունը կերաշխավորի անվտանգությունն Արևմտյան Ասիայում»,- ասել է նա։
Նա նաև դատապարտել է Իսրայելի վերջին գործողությունները Սիրիայի դեմ՝ ասելով, որ արաբական երկրի տարածքային ամբողջականությունը խարխլվել է, իսկ նրա տարածքի մի մասն օկուպացվել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպտագույն խախտմամբ:
Ավելացնել նոր մեկնաբանություն