Թող դադարեն հակամարտությունները և տարբեր ազգեր չապրեն ցավն ու տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց բարեհաջող առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների կապերի առավել զորացման։
Հայոց Հովվապետն իր գոհունակությունն արտահայտեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավոր փոխգործակցության առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց աշխարհաքաղաքական մտահոգիչ զարգացումներին և դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա՝ աղոթելով, որպեսզի աշխարհում դադարեն հակամարտությունները և տարբեր ազգեր չապրեն նույնպիսի ցավն ու տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բռնի տեղահանված արցախահայերի սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական ոլորտում առկա սերտ գործակցությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն