Վարչապետը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ուիքերի և կոնգրեսականների հետ. անդրադարձ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով ՀՀ Կառավարության հանձնառությունը խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով։
Վարչապետն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում։
Հանդիպման մասնակիցները կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը։ Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կարևորել ԱՄՆ դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման հարցում։
Սենատոր Ուիքերը և կոնգրեսականները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը և ընդգծել ռազմավարական գործընկերության փաստաթղթով նախատեսված ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Նրանք նշել են նաև ԱՄՆ նոր վարչակազմի հետ ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը՝ երկկողմ օրակարգի շարունակական առաջմղման նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն