Հայաստանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին․ Փաշինյանի առանցքային հայտարարությունները

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Դետք»-ն առանձնացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած առանցքային հայտարարությունները:

▪︎ Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով: Ընդ որում, կարող ենք ասել, որ այդ երկկողմ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ապրիլի 19–ի հայտարարությամբ: Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց: Կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձևաչափով: Քանի դեռ այդ ձևաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը հենց այդ ձևաչափն է։ Ես այդ մասին ուղիղ և անկեղծ ասել եմ ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում։ Մյուս կողմից չեմ բացառում այլ ձևաչափով աշխատանքը։

▪︎ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը կարող է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունենալ, ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումներիի։

▪︎ Երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ցավալի է տեսնել, որ նրանք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը շրջանցում են։ Եթե եռակողմ հայտարարությունն է հիմքը, ապա պետք է առաջին հոդվածից սկսենք կարդալ և տեսնենք, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել։

▪︎ Գերիների հարցը մեզ շատ մտահոգում է, և մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ։

▪︎ Այն ընկալումներով ու ձևակերպումներով, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են ներկայացնել (վերադարձի) հարցը, իրատեսական չեմ համարում։

▪︎ Սահմանազատման հանձնաժողովները կորոշեն՝ ինչ հերթականությամբ են իրականացնելու գործընթացը։ Այս պահին որոշված չէ։

▪︎ Այս պահին չունենք որոշում COP29-ին մասնակցելու վերաբերյալ, բայց տեսականորեն որևէ որոշում բացառել չի կարելի։ Իհարկե, այդ որոշման կայացման վրա չեն կարող ընդհանուր միջավայրը, զարգացումները ազդեցություն չունենալ։

▪︎ Եթե ՀՀ-ն մտադրություն ունենա հրաժարվել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի:

▪︎ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ։

▪︎ Այդ հայտարարության մեջ (նկատի ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը-խմբ․) փորձ էր արվում ասել, թե տրանսպորտային կոմունիկացիաները չեն բացվում Հայաստանի սաբոտաժի պատճառով։ Ես կարող եմ ասել, որ տարածաշրջանային  կոմունիկացիաները մինչ այս պահը չեն բացվել այդ թվում ՌԴ մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ Այդ մեկնաբանությունները հիմնականում հակասել են ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրի ձևակերպումներին։

▪︎ Միջազգային առումով «Խաղաղության խաչմերուկը» շատ կարևոր նախագիծ է: Այդ թեման, որ անընդհատ փորձ է արվում շահարկել՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանապարհ, հաղորդակցություն տրամադրել Նախիջևանի Հանրապետության և բուն Ադրբեջանի միջև, այո՛, պատրաստ է, դրա մասին մենք ասել ենք:

▪︎ Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։ Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները, և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև հենց ինքը կա խաղաղության պայմանագիր։

▪︎ Երբ հավանական միջնորդը սկսում է մեղադրանքներ հնչեցնել, իրեն զրկում է միջնորդ լինելու որևէ հնարավորությունից։

▪︎ ՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որն այս փուլում բավարար է։ Այս պահին մենք այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում։

▪︎ Խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշում կայացնել։ Հարց է, թե արդյո՞ք արդյունավետ է և ճիշտ ճանապարհ է այդ թեման հիմա դարձնել քննարկման առարկա։

▪︎ Ընդդիմությունը մեզ քննադատել և քննադատում է այն պատճառով, որ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքները հետ բերելու համար։ Որպեսզի բոլորի համար հստակ լինի, Հայաստանի 29,743 քկմ տարածքը մեզ համար սակարկման ենթակա չէ։

▪︎ Հայաստանը մտադիր չէ ռազմական ճանապարհով վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները։ Կարծում ենք, որ կա հնարավորություն տարածքները հետ բերելու խաղաղ ճանապարհով։ Այնպես որ ՀՀ-ն որևիցե ագրեսիվ մտադրություն չունի։

▪︎ 44-օրյա պատերազմի ընթացքում, այո, մեր զինվորականները մարտի դաշտում տեսել են բազմաթիվ թուրքական դրոշներ, թուրք զինծառայողներ, հատուկ ջոկատայիններ, բարձրաստիճան սպաներ։ Թուրքական F-16-ներն ու ԱԹՍ-ները լայնորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից։

▪︎ Հայաստանում ե՞րբ է ադրբեջանցիների բռնագաղթ տեղի ունեցել։ Նրանք տասնյակ հազարներով գործարքներ են արել, բնակարաններ են փոխանակել, փոխհատուցումներ են ստացել, ու այդ բոլոր տվյալները մեր պետական արխիվներում կան:

Add new comment

From the author