«Ավազի վրա՝ ծաղիկ, ինչ հրաշք»․ Դավիթ Ամալյանի հուշերը Դուշման Վարդանի մասին

«Մի մեքենա կանգնեց, Վարդանն իջավ, մեր վերջին հանդիպումն էր»․ Դավիթ Ամալյանի հուշերը Դուշման Վարդանի մասին

«Վարդանն իր քիչ խոսել-շատ գործելով, ներքին կրթությամբ․․․ Նա համալսարանի ուսանող էր, բայց նրա կրթությունն ավելի խորն էր, ներքին կրթություն էր։ Հետագայում, երբ մտերմացա Զարիկ մայրիկի հետ, հասկացա՝ դա որտեղից է գալիս։ Ներքին ինտելեկտ կա, որը կարդացած գրքերի չափի հետ կապ չունի։ Ներքին ինտելեկտի բարձր տիրապետող էր Վարդանը»,- Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) մասին հուշեր է պատմում երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։

Հանդիպում, Արտավան գյուղ, Վայք

1990 թիվ, հավանաբար գարնանամուտ էր, տեղ-տեղ ձյուն կար։

Դուշման Վարդանին շատ հեռվից գիտեի։ Էն ժամանակ իր մականունը «տեռորիստ» էր։ Մենք՝ ես, Էդգարը, Արտյոմը, «Աֆղանական» ջոկատին կցվել էինք՝ որպես ուսումնամարտական փոքրերի ջոկատ՝ «Ազգային լեգեոն»։ Մեզ «ճտերի ջոկատ» էին ասում, դե 16-17 տարեկան էինք (խմբ. - ծիծաղում է)։

«Աֆղանական» ջոկատի տղերքը մեզ պարապեցնելու էին, որ պատրաստ լինենք կռիվ գնալու։ Էդ ժամանակ 10-րդ դասարան էի։ Մեր առաջին «выход»-ը Վայքի Արտավան գյուղում եղավ։ Էնտեղ վրան էր խփված, «Աֆղանական» ջոկատից 4 տղա էին, որոնցից 3-ը հիմա չկան՝ Դուշման Վարդանը, Տոզ Վարդանը, Բոյով Գևորգը։ «Մինյոր» Լյովը կա։

Էստեղ սկսվեցին մեր պարապմունքները։ Մեզ հետ հիմնականում պարապում էր Դուշման Վարդանը։ Էդ օրը երեկոյան հասանք, ճաշեցինք, զրուցեցինք, դեռ չգիտեինք՝ ինչ ա գալու մեր գլխին։ Առավոտյան 6-ին պարապմունքները սկսվեցին և շատ անսպասելի խստությամբ։ Մինչ էդ բոլորը մեզ համար ընկերներ էին, ավագ ընկերներ, մենք իրենց անուններով էինք դիմում, ոչ թե «պարոն»-ով կամ «ընկեր»-ով։ Մեր՝ 3-իս և իրենց՝ 4-ի հարաբերությունները կրտսեր ու ավագ եղբայրների նման էին։ Բայց հաջորդ օրը եղբայր բառը մոռացանք, ժամը 6-ից՝ վերկաց, կիլոմետրերով վազել, տանջվել։ Եվ մի շաբաթից, երբ վերադարձա, բավական շատ հնարքների էի տիրապետում արդեն, որովհետև շատ պարապեցին մեզ հետ՝ զենքերի տիրապետումից սկսած՝ ամեն ինչ։ Պարապմունքները շարունակվեցին մինչև 1-ին ջոկատի լուրջ մասնակցությունը մարտական գործողություններին․ Իվանյանի (Խոջալու) ազատագրումն էր։ Ինքս չեղա այդ օպերացիային, բայց դրանից հետո սպասվելիք գործողություններին ես էլ մասնակցեցի։

Իվանյանի ազատագրման ժամանակ իմ ընկերները Դուշմանի հետ են եղել։ Էդ ժամանակ նա Դաշնակցության «Շուշիի առանձնակի գումարտակում» էր։ Էնպես չէր, որ որևէ խնդիր կար, կամ բաժանվել էր «Աֆղանական» ջոկատից ու գնացել, և ոչ էլ կուսակցական էր, ուղղակի էնտեղ էլ ընկերներ ուներ, գործողություններն ավելի խիտ էին, երևի որոշել էր գնալ էնտեղ։ Էդ ժամանակ մեր ջոկատն ու «Շուշիի առանձնակի գումարտակի» վաշտը, որի հրամանատարն էր Վարդանը, կցվեցին միմյանց և միասին ազատագրեցին Իվանյանի օդանավակայանը։

Վարդանի հետ շփումը շատ ջերմ ա եղել, շատ կապված էինք, «Աֆղանական» ջոկատի բոլոր տղերքը մեզ համար թանկ էին: Մենք գոնե հայրենիքի համար էինք գնացել կռվելու, իսկ իրենք շատ երիտասարդ տարիքում 2 տարի օտար ազգերի մեջ էին, շատ դաժան ա եղել իրենց համար, ու էդ դաժանությունն իրենց կերպարի մեջ երևում էր։ Մեզ համար բոլորը իդեալ էին։

Վարդանը նաև տարբերվում էր իր գաղափարական, հետաքրքիր, խորը մտածելակերպով։ Կուռք ունենալ չի կարելի, բայց կան տեսակներ, որոնք կարող են դառնալ իդեալ։ Ուշադրություն դարձրեք հարցազրույցների ժամանակ իր լեքսիկոնին։ Գիտեք ինչ, ինքը ժարգոն էլ գիտեր, խփել էլ գիտեր, բայց իր հետ շփվելիս ուսուցչի կրթություն էր տալիս մարդուն։ Ինքն ամեն ինչի մեջ կար, նույնիսկ՝ փորագրության։ Որ ուշադրություն եմ դարձնում իր փորագրություններին, դրանք մոտենում են ոչ թե ինքնուսուցմանը, այլ արվեստին։ Իր մեջ արվեստը լեցուն էր, բայց դրան զուգահեռ՝ լեցուն էր նաև գիտությունը՝ տվյալ դեպքում ռազմագիտության կամ որևէ մեխանիկական մասնագիտության հետ։

Երկու օր առաջ՝ իր ծննդյան օրը, սոցիալական ցանցում մտերիմներիցս մեկը Վարդանին էր բնութագրել։ Մեկնաբանությունում գրեցի նրա բանաստեղծության վերջին տողը՝ «Ավազի վրա՝ ծաղիկ, ինչ հրաշք»։ Սա գրել է Աֆղանստանում։ Տեսել-գրել է, թե պատկերացրել ավազի մեջ ծաղիկ, դրա մասին փոքրիկ բանաստեղծություն ունի, որը հրաշք է։ Իսկ տղաս՝ Վարդանս, գրել էր «Վարդը, որ աճել է բետոնի մեջ» պատմվածքը։ Ես վստահ եմ, որ իմ Վարդանը Դուշմանի այս բանաստեղծությունը չէր տեսել։ Հետաքրքիր է, որ երկուսն էլ նման բան են գրել։ Կարծես նախախնամություն լիներ․․․

Հրաժեշտ, Երևան

- Վերջին անգամ ե՞րբ տեսաք Դուշմանին։

- 1992-ին։ Կառավարության շենքի անվտանգությունում աշխատող մարտական ընկերներ ունեինք, գնացել էինք իրենց տեսնելու։ Մի մեքենա կանգնեց, Վարդանն իջավ, մեր վերջին հանդիպումն էր։ Շատ կարճ, մի քանի րոպեով տեսանք, գրկախառնվեցինք, ու գնաց․․․

 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author