13-ամյա Սեդրակը և իր երազանքների ԱԹՍ-ն

13-ամյա Սեդրակը և իր երազանքների ԱԹՍ-ն

Նկարում 13-ամյա Սեդրակ Խաչատրյանն է, որի երազանքն է ստեղծել այնպիսի դրոն, որը, գերազանցելով նախորդներին, կստիպի աշխարհին այս ոլորտում «հաշվի նստել» հայերի հետ։

Սեդրակը մոտ 3 տարի հաճախում է «Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիա, նաև «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց՝ դրոնաշինության դասերի։ «Դասերի ժամանակ մենք զարգացնում ենք մեր գիտելիքները և ուսումնասիրում խաղերի ստեղծումը, ռոբոտաշինությունը, 3D մոդելավորումը և դրոնաշինությունը»,- «Դետք»-ի հետ զրույցում ասում է պատանին։ Իրեն հորեղբայրն է հուշել, որ նման խմբակ է գործում։

Սեդրակի հայրը՝ Վան Խաչատրյանը, պատմում է, որ ոլորտի հանդեպ որդու հետաքրքրությունն առաջացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո. «Անգամ երազել է ստեղծել այնպիսի դրոն, որը կգերազանցի աշխարհի ամենալավ դրոններին»։

Այս ոլորտում Սեդրակին ամենից շատ դուր է գալիս, երբ խմբակային պատրաստում են տարբեր դրոններ և մասնակցում են մրցույթների։ «Ես ավելի հակված եմ փոքր դրոններին, որոնց անվանում են «Whoop»։ Եվ հենց այդ դրոններն էլ սիրում եմ վարել թե՛ բակում, թե՛ շենքում և նույնիսկ տանը»,- պատմում է նա։

Սեդրակի խոսքերը հաստատում է նաև իր խմբավարը՝ Հայկ Կարապետյանը։ Նա նշում է, որ դասերի ընթացքում պատանին հիմնականում զբաղվում է և շատ հետաքրքրված է ԱԹՍ-ներով, բայց ավելի շատ ոչ թե պատրաստելով, այլ վարելով։ «Սեդրակը վերջերս մասնակցեց մեր կողմից կազմակերպված «Tiny Whoop»-երի մրցույթին, նրա նպատակն է բարելավել իր հմտությունները, որ կարողանա մասնակցել «drone racing»-ի միջազգային մրցույթների»,- ասում է խմբավարը՝ հավելելով, որ պատանին ամեն անգամ ցանկություն է հայտնում մասնակցելու նման մրցույթների, ընդ որում՝ ԱՏՁՄ-ի (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) կողմից կազմակերպվող «Հավք»՝ ԱԹՍ-ների ամենամյա մրցույթին։

Այս ամենին զուգահեռ Սեդրակը զբաղվում է նաև հրաձգությամբ, սովորում է կրակել. «Չեմ սահմանափակվում միայն դրոնաշինությամբ։ Հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ բոլորս պետք է հնարավորինս շատ մասնագիտությունների մեջ խորանանք։ Ես, տեսնելով հորս և հորեղբորս, սովորում եմ նրանցից, որ դա է ճիշտը, և մենք բոլորս պետք է այս տարիքից արդեն պատրաստվենք»։

Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ պատանին ասում է, որ կշարունակի զբաղվել դրոնաշինությամբ և կձգտի հասնել իր երազանքին։ «Ես կուզեի, որ իմ հասակակիցներից ամեն մեկն իր գործով ապրեր իր հայրենիքի բարգավաճման և հզորացման համար։ Ազգ-բանակ, երկիր-ամրոց»,- եզրափակում է 13-ամյա Սեդրակը։

13-ամյա Սեդրակը և իր երազանքների ԱԹՍ-ն
13-ամյա Սեդրակը և իր երազանքների ԱԹՍ-ն
13-ամյա Սեդրակը և իր երազանքների ԱԹՍ-ն

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author