Իմանալ սեփական տարածքի առանձնահատկություններն ու օգտվել դրանցից․ «Զորական»՝ զորքին հատուկ

Իմանալ սեփական տարածքի առանձնահատկություններն ու օգտվել դրանցից․ «Զորական»՝ զորքին հատուկ

«Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի իր տարածքը, իմանա դրա առանձնահատկություններն ու կարողանա օգտվել դրանցից մեր նպատակներից մեկն այս ամենին նպաստելն է ունենալ որոշակի հմտություններ՝ պաշտպանելու սեփական տարածքը»,- «Դետք»-ի հետ զրույցում նշում է «Զորական» ակումբային ձևաչափի ռազմակրթական հաստատության համահիմնադիր Կարեն Քալաշյանը։

Նա պատմում է, որ «Զորական»-ի գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո։ 2022 թվականի աշնանից ռազմամարզական ակումբը գործունեություն է ծավալում Ստեփանավանում և հարակից բնակավայրերում։ Տեղի բնակչության ռազմական պատրաստության, մարտունակության մակարդակը բարձրացնելու համար հաստատությունը կազմակերպում է արշավներ (կախված արշավի բնույթից, բարդությունից՝ որոշվում է մասնակիցների տարիքային շեմը), որի ընթացքում մասնակիցները կոփվում են ֆիզիկապես, ստանում են գոյատևման, մարտավարական և կրակային պատրաստության, մեդիագրագիտության և բժշկական գիտելիքներ։ Նախատեսվում է անցկացնել նաև ադրբեջաներենի դասեր։ Համահիմնադիրն ասում է՝ բաց են բոլորի համար և պատրաստ համագործակցության։

Քալաշյանը նշում է, որ «Զորական»-ի առանձնահատկություններից է շրջիկ լինելը․ «Քանի որ կան մարդիկ, որ չունեն հանարավորություն գալու և մասնակցելու դասերին, մենք ենք այցելում բնակավայրեր և փոքր խմբերի համար անցկացնում դասեր»։ Նրա խոսքով՝ դասավանդող հրահանգիչները գործող զինվորականներ են։

17-ամյա Լիլիթ Գասպարյանը քոլեջում է սովորում, «Զորական» թիմի անդամներից է։ Ասում է՝ որպես նախասիրություն միշտ սիրել է արշավները, զինվորական կյանքը, մինչև որ չի հասկացել պատրաստվածության կարևորությունը․«Մոտիվացիաս ու նպատակներս են լինել պատրաստ՝ պաշտպանելու ինձ ու շրջապատիս մարդկանց, մեր երկրում զարգացնել մարզվելու, զենք գնելու մշակույթը, այս գաղափարը տարածելը, որ մարդկանց համար սովորական երևույթ լինի»։

«Վաղուց ուզում էի այցելել ՈՄԱ Վանաձորի կազմակերպած դասերին, սակայն հնարավորություն չունեի․ ժամերի ու տրանսպորտի հետ խնդիրներ կային։ Այդ ժամանակ հասկացա, որ մեզ ՈՄԱ-ի նման մի ակումբ է պետք։ Ես ու ընկերուհիս փորձեցինք ծանոթներ գտնել, որոնք մեզ կաջակցեին։ Ու այդպես ստեղծվեց «Զորականը»»,- պատմում է թիմի անդամ 17-ամյա Հրաչուհի Մկրտումյանը։

Դասերին մասնակցելու նպատակների մասին ասում է, որ ապրելով Հայաստանում՝ յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի մարտական պատրաստության տարրական գիտելիքների․ «Իմ գլխավոր նպատակն է լինել կրթված, ունենալ կրթված հասարակություն։ Հասկացա, որ գիտելիքի մեծ բաց ունեմ և ոչ միայն։ Անձամբ ես չգիտեմ՝ եթե տագնապ լինի, որտեղ եմ գնալու, ինչ եմ անելու։ Չգիտեմ ապաստարանների տեղը ու որպեսզի անզոր չլինեմ ու խուճապի չմատնվեմ, պետք է լինեմ կրթված»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author