Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը․ ռազմական փորձագետ

«Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը»․ ռազմական փորձագետ

Դեռևս 2022 թ օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվել էր՝ նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը՝ ՀՀ-ն կապող միակ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվել է ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ ՀՀ տարածք:  Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թ ապրիլի 1-ը:

Երեկ կառավարության նիստին Նիկոլ Փաշինանը նշել է, որ նախօրեին տեղեկացրել են ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը:  Սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված:

Փաշինյանը շեշտել է, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մտադիր են խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը հետևյալն է՝ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: «Մենք առաջարկով հանդես ենք եկել Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա նաև Ադրբեջանի կողմից»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանին առաջարկով հանդես գալուն՝ ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանը «Դետք»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ Հայաստանը տվյալ պահին միջազգային հարաբերությունների ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ․ «Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը։ Համաձայն են մարդիկ, թե ոչ, այդպես է։ Համապատասխանաբար ոչ մի համաձայնություն Հայաստանի կառավարության կամ պետական ատյանների մեջ, այլ պետության հետ պայմանագրեր, պայմանավորվածություններ չեն կարող լինել։ Իսկ եթե լինեն, դրանք ոչ մի ուժ չունեն»։

Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է այդ հատվածում ՊՆ ստորաբաժանումները Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներով փոխարինելու նպատակը, փորձագետը նշում է՝ ՊՆ-ի կամ այլ ուժային ծառայությունների գործողություններում չկան հետևողականություն, մտածված, մշակված ռազմավարություն կամ թեկուզ մարտավարական, տրամաբանությանը մոտ որոշումներ։ «Ես բազմիցս ասել եմ՝ պետության ամրությունը, անվտանգությունը կախված են մի շարք կարևորագույն հարցերից, որոնց հերթականությունը խախտել չի կարելի, իսկ խախտելու դեպքում ամբողջ համակարգը փլուզվում է»,- նշում է Մովսիսյանը։

Պետական մշակված ռազմավարությունը, ըստ փորձագետի, արտացոլվում է ռազմական դոկտրինի տեսքով․ «Ռազմական դոկտրինի հիման վրա կազմվում է պաշտպանական կոնցեպցիա, որի հիման վրա գերագույն գլխավոր հրամանատարը և բոլոր ուժային կառույցները ձեռնարկում են համապատասխան քայլեր, միջոցներ, մշակում են համապատասխան օպերատիվ ռազմական արվեստ, որոնց հիման վրա մշակվում է տվյալ տեղանքին և իրավիճակին համապատասխանող մարտավարություն։ Դրանից ելնելով՝ ստեղծվում են համապատասխան կառուցվածք ունեցող բանակ և այլ ուժային ծառայություններ՝ ոստիկանություն, ազգային անվտանգություն, սահմանապահ զորքեր և այլն։ Միմիայն այդպես է ապահովվում երկրի անվտանգությունը։ Մեր երկրում նշված կետերից ոչ մեկը չկա»։

 

Add new comment

From the author