Բոնապարտը Եգիպտոսում. Գիզայի ճակատամարտը, մամլուքների պարտությունը և Կահիրեի գրավումը ֆրանսիացիների կողմից

Բոնապարտը Եգիպտոսում. Բոնապարտի գաղտնի հեռանալը Եգիպտոսից և ֆրանսիական կորպուսի հետագա ճակատագիրը. Կահիրեի երկրորդ ապստամբությունը

Բոնապարտը Եգիպտոսում. Բոնապարտի գաղտնի հեռանալը Եգիպտոսից և ֆրանսիական կորպուսի հետագա ճակատագիրը. Կահիրեի երկրորդ ապստամբությունը

Ապստամբությունը ճնշելուց հետո, երբ արյունաքամ եղած Եգիպտոսը մի որոշ ժամանակ «խաղաղվեց», Բոնապարտը, որն արդեն կորցրել էր Ֆրանսիայից որևէ օգնություն ստանալու հույսը և հասկանում էր հնդկական ուղղության ոչ իրատեսական լինելը, որոշեց փոխել իր գործողությունների և հարվածի ուղղությունը: Ստեղծված պայմաններում նա միակ ելքը տեսնում էր Եգիպտոսից դեպի հյուսիս շարժվելու, Սիրիա և այնուհետև Փոքր Ասիա ներխուժելու մեջ: 1799 թ. նա իր էքսպեդիցիոն կորպուսը տարավ դեպի Սիրիա: Նրան հաջողվեց գրավել Արիշը, Ղազան, Յաֆան ու Հայֆան: Հերթը հասավ Ակկա քաղաք-ամրոցին: Նրա բոլոր փորձերը՝ գրոհով վերցնել կարևոր նշանակություն ունեցող այդ կենտրոնը, ավարտվեցին անհաջողությամբ: Բոնապարտը հարկադրված էր վերացնել Ակկայի պաշարումը, որը տևեց 70 օր, և իր զորքերով վերադառնալ Եգիպտոս: Ֆրանսիացի զորավարը լավ էր հասկանում, որ ինքը Եգիպտոսում այլևս ոչ մի հեռանկար ու անելիք չունի: Բոնապարտի այդ կարծիքը չփոխվեց նույնիսկ այն բանից հետո, երբ նա 1799 թ. հուլիսի 25-ին ջախջախեց անգլո-թուրքական դեսանտը, որը հայտնվել էր Աբուկիրում: Գեներալը գիտակցում էր, որ դա արմատական փոփոխություն չի կարող մտցնել իրադրության մեջ: Ու նա ավելի ու ավելի էր հակվում Եգիպտոսից հեռանալու և Ֆրանսիա վերադառնալու գաղափարին, որն իրագործում է 1799 թ. օգոստոսի 22-ին: Բոնապարտը Եգիպտոսից հեռացավ գաղտնի, այդ մասին տեղյակ չէին նույնիսկ նրա զորահրամանատարները, անգամ գեներալ Կլեբերը, որը Բոնապարտի՝ Ֆրանսիա մեկնելուց հետո ստանձնեց ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսի հրամանատարությունը:

Գեներալ Կլեբերը հասկանում էր, որ անհրաժեշտ է փրկել այդ կորպուսը, և միակ ելքը նրանց Ֆրանսիա վերադարձնելն է: Նա այդ հարցի վերաբերյալ բանակցությունների մեջ մտավ անգլիացիների և թուրքերի հետ, որոնք համաձայնվեցին թույլ տալ ֆրանսիացիներին վերադառնալ հայրենիք: Եվ երբ նրանք պատրաստվում էին մեկնել, անգլիացիները և թուրքերը հայտարարեցին, որ իրենք թույլ կտան ֆրանսիական կորպուսին մեկնել Եգիպտոսից, եթե ֆրանսիացիները բոլոր զենքերը հանձնեն իրենց: Այս պահանջը ֆրանսիական հրամանատարության համար անընդունելի էր, և նրանք մերժեցին անգլո-թուրքական պահանջը: Ի պատասխան անգլո-թուրքական կողմը հրաժարվեց ֆրանսիացիներին Եգիպտոսից Ֆրանսիա մեկնել թույլատրելուց: Կորպուսը մնաց Եգիպտոսում, և դա իր ազդեցությունն ունեցավ Եգիպտոսում հետագայում տեղի ունեցած իրադարձությունների վրա:

Զինված բախումները ֆրանսիական զինված ուժերի և թուրքական զորքերի միջև շարունակվեցին և 1800 թ. մարտի 20-ին վերածվեցին արյունալի ճակատամարտի, որը տեղի ունեցավ Կահիրեի մերձակա Հելիոպոլիսի մոտ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական զորքերի պարտությամբ: Այդ ժամանակ տեղի ունեցավ երկրորդ ապստամբությունը Կահիրեում: Սկզբնական շրջանում հաջողությունն ուղեկցում էր ապստամբներին, որոնք ոչնչացրին Կահիրեում ֆրանսիական կայազորը: Ապստամբության թեժ պահին Սիրիայից Կահիրե վերադարձավ Եգիպտոսի կառավարիչ մամլուք Իբրահիմ բեյն իր զորքերով, որը զգալի օգնություն էր ապստամբներին: Սակայն մամլուքյան զորքը, թեև խիզախ, բայց միշտ անկարգապահ է եղել, չի սիրել հրամանների անսխալ կատարումը, և դա եղել է նրա թուլության ու պարտության պատճառներից մեկը: Այս անգամ ևս ֆրանսիական զորքերին հաջողվեց շրջապատել Կահիրեն և մեկ ամսվա պաշարումից հետո դաժանորեն ճնշել ապստամբությունը: Ֆրանսիացիները հիմնահատակ ավերեցին Կահիրեի արվարձաններից մեկը՝ Բուլակը, քանդեցին 400 տուն, հրետանային կրակով և սվիններով սպանեցին մի քանի տասնյակ հազար մարդու, ինչը հարկադրեց Իբրահիմ բեյին ֆրանսիացիների ողորմածությանը հանձնել Կահիրեն, իսկ ինքը մինչ այդ հասցրեց կրկին փախչել Սիրիա: Այդ դեպքերից շատ չանցած՝ դավադրաբար սպանվեց գեներալ Կլեբերը: Ֆրանսիացիները դրան պատասխանեցին մայրաքաղաքում զանգվածային ջարդերով. գազազած ֆրանսիացի զինվորները սպանում էին ում պատահեր, այրում էին եգիպտացիների տները, նրանց ունեցվածքը, պատժում իրենց ձեռքն ընկնողներին:

«Բոնապարտը Եգիպտոսում» շարքի երրորդ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Add new comment