Եգիպտոսը 1920-1930 թթ. (մաս 2)
Հռչակագրի հրապարակումից մի քանի օր անց՝ մարտին, Եգիպտոսի սուլթան Ահմադ Ֆուադն իրեն հայտարարեց թագավոր՝ Ֆուադ I, ինչը նշանակում էր, որ Եգիպտոսն ընդունում էր միապետական կառավարման ձևը։ Բրիտանական պրոտեկտորատի վերացումից, Եգիպտոսի անկախության հայտարարումից և սուլթան Ֆուադի՝ թագավոր հռչակվելուց հետո անհրաժեշտ էր այդ բոլոր փոփոխությունների իրավական հաստատումը, իսկ դա հնարավոր էր առաջին հերթին սահմանադրության ընդունմամբ։ Նոր սահմանադրության մշակման համար 1923 թ. ստեղծվեց հանձնաժողով՝ կազմված չափավոր ազգայնականներից, իսլամական բարձր հոգևորականության և բուրժուազիայի ներկայացուցիչներից։ Հանձնաժողովը բավականին արագ պատրաստեց սահմանադրության նախագիծ, որը 1923 թ. ապրիլի 19-ին հաստատեց Ֆուադ թագավորը։ Սահմանադրության համաձայն՝ Եգիպտոսը դառնում էր սահմանադրական միապետություն։ Եգիպտոսում թագավորի տիտղոսով շարունակեց կառավարել Մուհամեդ Ալիի դինաստիան։ Երկիրը ստացավ իր սահմանադրությունը, ընտրական օրենքը, խորհրդարանը և կառավարությունը։ Դա նշանակում էր հետպրոտեկտորյան Եգիպտոսի պետական համակարգի ձևավորման, հաստատման և օրինականացման՝ ինստիտուցիոնալիզմի ավարտ։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Վաֆդի» տարած ջախջախիչ հաղթանակը պատահական չէր, դա վկայում էր այն մեծ հեղինակության մասին, որ նա վայելում էր Եգիպտոսի ժողովրդի ու հասարակության տարբեր խավերի շրջանում։
Լարված հարաբերություններ էին ստեղծվել մի կողմից՝ Սաադ Զաղլուլի, մյուս կողմից՝ Ֆուադ թագավորի և բրիտանական գլխավոր կոմիսարի միջև։ Այս իրավիճակը պատմության մեջ մտել է որպես «հակամարտության եռանկյունի»։ Զաղլուլի կառավարությունը մի շարք քայլեր ձեռնարկեց ներքին քաղաքականության բնագավառում։ Նա նոր օրենք ընդունեց, որը վերացրեց երկաստիճան ընտրությունների համակարգը և ներդրեց ուղղակի կամ միաստիճան ընտրությունների համակարգ։ Սաադի կառավարությունն իր կարևոր խնդիրներից էր համարում հարաբերությունների հետագա կարգավորումը Մեծ Բրիտանիայի հետ վերջինիս իրավունքները սահմանափակելու և Եգիպտոսի անկախությունն ամրապնդելու ճանապարհով։ 1924 թ. Անգլիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթեց լեյբորիստների կուսակցությունը Ռամզեյ Մակդոնալդի գլխավորությամբ։ Այդ ժամանակ Զաղլուլը պահանջեց Եգիպտոսի և Սուդանի լրիվ անկախություն։ Հերթական անգամ սրվեցին եգիպտա-անգլիական հարաբերությունները։ Բանակցությունները երկու կողմերի միջև տեղի ունեցան 1924 թ. սեպտեմբերին Լոնդոնում։ Դրանք ի վերջո ավարտվեցին անհաջողությամբ. պատճառը բրիտանական կողմի՝ Եգիպտոսին լիակատար անկախություն տալուց հրաժարվելն էր։ Սաադի հետևողականությունը և Անգլիային որևէ զիջում չկատարելու նրա վճռականությունը շատ բացասական տպավորություն թողեցին անգլիական կողմի վրա, որը հղացավ Սաադ Զաղլուլի գլխավորած կառավարությունն իշխանությունից հեռացնելու գաղափարը։
Դրան ի պատասխան՝ Եգիպտոսի խորհրդարանն ընդունեց որոշում, որով արգելվեցին Եգիպտոսում անգլիական օկուպացիոն բանակի պահպանման համար նախատեսվող ծախսերը։ Ալլենբին երկար սպասել չտվեց, նրա հրամանով անգլիացի զինվորները բառացիորեն ողողեցին Կահիրեի փողոցները՝ վերահսկողություն հաստատելով բոլոր օբյեկտների վրա, իսկ Ալեքսանդրիա և Պորտ Սաիդ մտան անգլիական ռազմանավերը, հրաման արձակվեց ուժով եգիպտական զորքերը Սուդանից դուրս բերելու մասին։ Այսպիսով՝ Անգլիային հաջողվեց հասնել իր նպատակին՝ ստիպել Սաադի կառավարությանը հրաժարական տալ և ռազմական վերահսկողություն սահմանել Եգիպտոսի վրա։ 1924 թ. նոյեմբերին կազմվեց նոր կառավարություն Ահմադ Զիվար փաշայի գլխավորությամբ, որը հայտարարեց իր համաձայնության մասին՝ կատարել անգլիական վերջնագրի բոլոր պայմանները։ Եգիպտական զորքերը դուրս բերվեցին Սուդանից։ Տեղի ունեցան խորհրդարանական նոր ընտրություններ, դարձյալ հաղթեցին վաֆդականները։ Սակայն թագավորի հրամանով նորընտիր խորհրդարանը գործեց միայն տասը ժամ և ցրվեց՝ այդպես էլ չկարողանալով սկսել իր գործառույթները։ Այս ժամանակների համար բնորոշ էր քաղաքական անկայունությունը, և կառավարություններն արագորեն փոխարինում էին մեկը մյուսին։
1930 թ. պետական հեղաշրջումը
1930 թ. Եգիպտոսում տեղի ունեցան խորհրդարանական հերթական ընտրությունները, որոնց ժամանակ կրկին հաղթեց «Վաֆդ» կուսակցությունը, և Մուստաֆա Նահասը կազմեց իր կառավարությունը։ Նույն թվականի փետրվարին սկսվեցին անգլո-եգիպտական բանակցություններ, որոնք որևէ արդյունք չունեցան։ Եգիպտոսը չէր կարող համաձայնվել, որ Անգլիան պահպանի իր տիրապետությունը Սուդանի վրա և հրաժարվեց պայմանագիրը ստորագրելուց։ Դա առիթ հանդիսացավ, որպեսզի եգիպտական թագավորն անգլիացիների ուղղակի պահանջով 1930 թ. հունիսին կատարի պետական հեղաշրջում, որը Եգիպտոսի պատմության մեջ մնացել է «հետադիմական հեղաշրջում» անվամբ։ Նահասի կառավարությունը հեռացվեց իշխանությունից, և Եգիպտոսի վարչապետ նշանակվեց «Հիզբ աշ-Շաաբի»՝ ժողովրդի կուսակցության ղեկավար Իսմայիլ Սիդկին, որը եգիպտացի խոշորագույն ֆինանսիստներից էր։ Պետական հեղաշրջումը վատ արձագանք գտավ ժողովրդի շրջանում, եգիպտացիների անմիջական պատասխանը եղավ համընդհանուր գործադուլը, ցույցերն ու բազմապիսի ելույթները։ Նրանց հիմնական պահանջները եղան երկուսը՝ Եգիպտոսի ազգային անկախությունը և Սիդկիի կառավարության հրաժարականը։ Սակայն ճնշելով ժողովրդական ելույթները՝ Սիդկիի կառավարությունը դիմեց շատ համարձակ քայլի։ Նրա որոշմամբ 1930 թ. հոկտեմբերին դադարեցվեց 1923 թ. սահմանադրության գործողությունը, և ստեղծվեց նոր սահմանադրություն․ դրանով փորձ էր արվում պետական հեղաշրջմանը տալ իրավական ուժ։ Սահմանադրությունն ընդլայնեց թագավորի իրավունքները և սահմանափակեց խորհրդարանի լիազորությունները, ավելացավ թագավորի կողմից սենատում նշանակովի սենատորների թիվը, վերականգնվեց երկաստիճան ընտրական համակարգը և այլն։ Եվ վերջապես՝ այդ նոր սահմանադրությունը պարունակում էր մի հոդված, որտեղ ամրագրված էր, որ սահմանադրությունը չի կարող վերանայվել առաջիկա տասը տարիների ընթացքում։ 1931 թ. նշանակվեցին խորհրդարանական ընտրություններ, ի նշան բողոքի՝ երկրում սկսվեցին զանգվածային ցույցեր։ Իշխանություններին հաջողվեց մեծ դժվարությամբ ճնշել ազգային ուժերի այս ելույթները։ Բայց դա հանդարտություն չբերեց Եգիպտոսին, լարվածությունը երկրում պահպանվում էր, շարունակվում էին նաև ելույթները։ Դրան պետք է ավելացնել Եգիպտոսի տնտեսական դրության վատթարացումը՝ կապված նաև 1929-1933 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, որի հետևանքով կրճատվեց բամբակի արտահանումը, խիստ ընկան գյուղատնտեսական մթերքների գները, կրճատվեց արդյունաբերական արտադրանքը, փակվեցին արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ և արհեստանոցներ։ Կտրուկ աճեց գործազուրկների թիվը։ Քաղաքական լարվածության այդ ընդհանուր համապատկերում ծավալվեց նոր շարժում՝ հանուն Սիդկիի կառավարության հրաժարականի, 1930 թ. սահմանադրության վերացման և 1923 թ. սահմանադրության վերականգնման, որոնք ուղեկցվում էին հակաբրիտանական նշանաբաններով, ինչպես՝ Անգլիան մեր թշնամին է և այլն։
«Եգիպտոսը 1920-1930 թթ.» վերլուծության առաջինը մասը կարող եք կարդալ այստեղ։
Add new comment