Վիեննայի համակարգ (մաս 2)
Սրբազան դաշինքի պայմանագրի 3-րդ հոդվածով՝ այն պետությունները, որոնք ընդունում էին դաշինքի օրենքները, կարող էին անդամագրվել կառույցին: Եվրոպական մայրցամաքի գրեթե բոլոր միապետությունները դաշինքի անդամ էին՝ բացառությամբ Հռոմի պապի և թուրք սուլթանի: Սրբազան դաշինքի գոյության շրջանում նրա աշխատանքները համակարգելու նպատակով միջազգային չորս կոնգրես գումարվեց Աաhենում, Տրոպայում, Լայբախում և Վերոնայում: 1818 թվականին Աահենի կոնգրեսում որոշում ընդունվեց, որ Ֆրանսիան միանա հաղթող չորս պետություններին: Երկարատև բանակցություններից հետո Ռուսաստանի, Ավստրիայի, Անգլիայի և Պրուսիայի ներկայացուցիչները 1818 թ. նոյեմբերի 1-ին ստորագրեցին ռազմական կոնվենցիա Ֆրանսիայում կարգուկանոն պահպանելու նպատակով: Սկսած Վիեննայի կոնգրեսի տարիներից՝ մասնակից երկրների դիվանագետները լայնորեն օգտագործեցին մամուլը՝ քարոզելով և պնդելով իրենց երկրի տեսակետը: Հենց Աահենի կոնգրեսը դարձավ առաջին միջազգային ֆորումը, որը լայնորեն լուսաբանվել է մամուլում:
Կառավարությունները խթանում էին օրենսդրական ժողովների ժամանակ դիվանագիտական ներկայացուցիչների և պատգամավորների շփումը: Օրինակ՝ Լոնդոնում Ռուսաստանի դեսպան իշխան Լևինը Պետերբուրգից հրահանգներ ստացավ առ այն, թե ինչպես անցկացնել աշխատանքներն անգլիական խորհրդարանական ընդդիմության և լրագրողների շրջանում: Սրբազան դաշինքի գործունեության շրջանում ձևավորվեց «Եվրոպական համերգը»: Պետությունները պետք է համատեղ գործեին ցանկացած ճգնաժամ լուծելու համար: Պետության ղեկավարները կամ նրանց արտգործնախարարները ժամանակ առ ժամանակ հանդիպում էին, որպեսզի համակարգեին իրենց քաղաքականությունը միապետական կարգերը պահպանելու ուղղությամբ: «Եվրոպական համերգի» բանաձևն ապահովեց որոշակի ռազմավարական հավասարակշռություն: Եվրոպական մեծ տերությունները կապված էին միմյանց հետ կայունության և խաղաղության կարգավորման համար, ինչն իր արտացոլումը գտավ ոչ միայն ազնվականության, այլև միջին խավի շրջանում: Այս համակարգը հնարավոր դարձրեց ներկայացուցչության ղեկավարի, միապետի, նախարարի, դեսպանի պարբերաբար հանդիպումը՝ քննարկելու այն հարցերը, որոնք վերաբերում են համաշխարհային քաղաքականությանը: Այն պետությունները, որոնք հիմնվում էին նոր կարգերի վրա, որոնցից էլ կախված էր «Եվրոպական համերգը», այս համակարգին տվեցին ոչ պաշտոնական անվանում: Հիմնական երաշխիքը խաղաղություն պահպանելն էր, ինչը դեռևս հին ժամանակներից կարգավորվել է ուժերի հավասարակշռության սկզբունքով: Ինչպես նախկինում, այս սկզբունքի ջատագովն Անգլիան էր: Մի կողմից՝ նրա կղզային դիրքը, մյուս կողմից՝ լայն գաղութային կայսրությունը՝ սփռված ամբողջ աշխարհով, զրկում էին նրան ազդեցիկ այլ երկրների ռազմական և նավատորմային ուժերը մարտական պատրաստ վիճակում պահելուց: Այս կապակցությամբ Ֆրիդրիխ Մեծը գրել է. «Երբ Եվրոպայի զգուշավոր քաղաքագետները տեսադաշտից կորցնում են մեծ պետությունների ուժային հավասարակշռության պահպանումը, այն ազդում է քաղաքական ամբողջ համակարգի վրա»: Եվրոպա աշխարհամասի երկրներն ակտիվ կիրառում էին իրենց քաղաքականությունում ուժային հավասարակշռության սկզբունքը, ստեղծում համապատասխան դիվանագիտական ինստիտուտներ: Դրան նպաստում էր վարչական ասպարեզում կրթության արդյունավետ համակարգը՝ կամերալիստիկան, որն արևմտյան երկրների շրջանում մեծ կիրառություն էր ստացել: Այն ծառայել է որպես դրական օրինակ Պրուսիայի և Ավստրիայի համար, որտեղ կամերալիստիկան ամուր դիրք է զբաղեցրել: Պաշտոնյաները երկար ծառայության համար ստանում էին կանոնավոր աշխատավարձ: Արևմտյան կիսագնդի երկրներում ուժային հավասարակշռության քաղաքականությունը չի կիրառվել: Ավելի ուշ այս կառույցն իր արտացոլումը գտավ 1823 թ. Մոնրոյի դոկտրինում:
Իսպանիան Հարավային Ամերիկայում իր գաղութները կորցրել էր անվերադարձ: Այս հարմար պահն օգտագործելով՝ Անգլիայի արտգործնախարար Կանինգը 1823 թ. օգոստոսին իր առանձնազրույցում Անգլիայում ԱՄՆ դեսպան Ռաշի հետ բանավոր մի առաջարկություն արեց՝ «վերբալ նոտա»-ի տեսքով, որը վերաբերում էր գաղութային լուծը թոթափած Հարավային Ամերիկայի նախկին գաղութներին: Սրբազան դաշինքը մտադիր էր օգնել Իսպանիային վերականգնել իր գաղութային տիրապետությունը: Իրականում Սրբազան դաշինքի համար դա սկզբունքային նշանակություն ուներ, քանի որ ազատագրված գաղութներում ԱՄՆ-ի օրինակով հաստատվելու էին հանրապետական վարչակարգեր, ինչը հակադրվում էր միապետական Եվրոպային: Արդյունքում ԱՄՆ նախագահ Մոնրոն 1823 թ. դեկտեմբերի 2-ին հատուկ ուղերձով դիմում է Կոնգրեսին, որը պատմության մեջ հայտնի է «Մոնրոյի դոկտրին» անվամբ: Մոնրոյի դոկտրինը սկսում էր հայտարարությամբ այն մասին, որ Եվրոպայի և Ամերիկայի քաղաքական համակարգերը ոչ միայն տարբեր են, այլև հակադիր: ԱՄՆ-ն չի հավակնում միջամտել Եվրոպայի գործերին, բայց նաև կտրականապես առարկում է, որ եվրոպական պետությունները միջամտեն ամերիկյան մայրցամաքի գործերին: «Մենք չենք միջամտում և չենք միջամտի գոյություն ունեցող գաղութների գործերին»,- ասում էր նա: Բայց Մոնրոն ԱՄՆ-ին իրավունք էր վերապահում միջամտելու ամերիկյան պետությունների գործերին, վերահսկելու նրանց հարաբերությունները եվրոպական պետությունների հետ: Չնայած այս դոկտրինը որոշակի նպատակներ էր հետապնդում, համաձայնվենք, որ Մոնրոյի առարկությունը միապետական կարգի դեմ զուրկ էր իրատեսական լինելուց, քանի որ Բրազիլիայում իշխում էր Մաքսիմիլիանի զինվորական բռնապետությունը, Կանադայում միապետություն էր, որովհետև պետության գլուխն Անգլիայի թագավորն էր, իսկ ԱՄՆ-ում փթթում էին ստրկատիրական կարգերը:
Սույն վերլուծության առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
Add new comment