վարդան բալյան

Ադրբեջանը հայտնվել է յուրահատուկ ծուղակում. փորձելու են խնդիրը լուծել մինչև հոկտեմբեր. Վարդան Բալյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը

- Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական և քարոզչական սադրանքների ֆոնին Հայաստանի վերլուծական դաշտում սկսեցին շրջանառվել լուրեր, թե թշնամի պետությունը պատրաստվում է լայնածավալ գործողությունների: Ըստ Ձեզ՝ այս փուլում Ադրբեջանը կդիմի՞ ռազմական էսկալացիայի, թե՞ շարունակելու է օջախային սադրանքների միջոցով լարված պահել հայկական կողմին: 

- Ամիսներ առաջ կանխատեսել էի այս փուլում, հենց այս ամիսներին սպասվող սրումը: Առնվազն ապրիլից այդ նախապատրաստությունները տարվում էին, զորավարժություններ էին տեղի ունենում: Խոշոր հաշվով, զորքերի կուտակումները, որ Ադրբեջանն ունի մեր սահմանային գծի երկայնքով, նոր չեն, գուցե հիմա մի քիչ ավելին են: 

Արդյոք սա կարո՞ղ է վերաճել լայնածավալ ռազմական էսկալացիայի: Հավանականությունը կա, մեծ է, բայց այստեղ այլ խնդիրներ կան: Երբ մարտին ես կանխատեսել էի իրավիճակի նման զարգացումը, որոշակիորեն կապել էի մեր ներքին քաղաքական և նաև Ադրբեջանում սպասվող ներքաղաքական զարգացումների հետ: Ադրբեջանն այս տարի աշնանը մտնում է ընտրական ցիկլի մեջ, որը տևելու է 18 ամիս: Այսինքն՝ նրանց երկրում տեղի են ունենալու խորհրդարանական, ՏԻՄ, ապա նաև նախագահական ընտրություններ: Հետևաբար, այդ ընտրական ամիսների ընթացքում Արցախի խնդրի և, այսպես ասենք, «Մեղրիի միջանցքի» հարցի լուծումը նրանց համար բավականին անկանխատեսելի վիճակներ կարող է առաջացնել: Դրա համար ալիևյան վարչակարգը պետք է փորձի այդ հարցերը լուծել մինչև ընտրական ցիկլի մեկնարկը: Ընտրական ցիկլն Ադրբեջանում սկսվում է հոկտեմբերից, հետևաբար մինչև հոկտեմբեր, ամենայն հավանականությամբ, փորձ է արվելու խնդիրը լուծել: 

Որոշակիորեն այս իրավիճակի սրման հիմքում պետք է տեսնել նաև Արցախի ներքաղաքական իրավիճակը, որովհետև 2020 թվականին Ադրբեջանը պայման էր դրել, որ մինչև 2023 թվականը ներառյալ որևէ ընտրություններ չպետք է կազմակերպվեն Արցախում, և հիմա նրանց երկրում դժգոհություն կա: Դժգոհություն կա նաև «Մեղրիի միջանցքի» հետ կապված, որովհետև որոշակի պայմանավորվածություն է եղել, և այս պահին, որքանով հասկանում եմ, հայկական կողմը հրաժարվում է պայմանավորվածությունն իրականացնելուց այն ձևաչափով, որը պնդում է Ադրբեջանը: Կարծում եմ՝ նրանք որոշակի ճնշում են փորձելու գործադրել՝ հաշվի առնելով նաև, որ մեր երկրում ներքաղաքական իրավիճակը զարգանում է իրենց համար ոչ ցանկալի սցենարով: Պարզաբանեմ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում թերևս միակ քաղաքական ուժն է, որին Ադրբեջանը համարում է «կոմունիկաբլ», այսինքն՝ վերջինիս հետ շատ ավելի հարմար է բանակցային գործընթացի կազմակերպումը, քան որևէ ցանկացած այլ ուժի: Հիմա հավանականություն կա, որ ՔՊ-ն կարող է պարտություն կրել, իսկ դա նշանակում է, որ բանակցությունների ժամանակ նրա զիջման գնալու ռեսուրսն էականորեն կնվազի: Դրա համար Ադրբեջանը, շահագրգիռ լինելով, որ այդ ուժը հաղթի հայաստանյան ընտրություններում, այդուհանդերձ իր համար որոշակի երաշխավորված արդյունք է ուզում ունենալ, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ ստանա այն, ինչ ուզում է: Այնպես որ, ռազմական էսկալացիայի հավանականությունը մեծ է, բայց լայնածավալ պատերազմի հավանականությունն իրատեսական չեմ համարում՝ հաշվի առնելով թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային ուժային կենտրոնների դիրքորոշումը: 

Ընդամենը օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այցելել է Իրան, հանդիպում ունեցել իրանցի պաշտոնակցի հետ, որտեղ կոմունիկացիաների բացման հետ կապված՝ Իրանը հայտնել էր իր դիրքորոշումը, ըստ որի՝ կողմ է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակմանը, բայց դեմ է սահմանների ձևափոխմանը: Այսինքն՝  Իրանը վերահաստատել է իր դիրքորոշումն այս հարցում, և որքան հասկանում եմ, նաև ռուսներն են դեմ: 

Այստեղ խնդիրը մեր սուբյեկտայնությունն է: Այս բանակցությունների մեջ, եթե նկատում եք, Հայաստանը չկա, այսինքն՝ կողմերը քննարկում են մեզ հետ կապված հարցը, բայց մեզ հետ, ըստ էության, այդ բանակցությունները տեղի չեն ունենում եռակողմ ձևաչափում: 

- Ձեր վերլուծություններից մեկում նշել էիք, որ Ադրբեջանն այս փուլում խոցելի է և խոցելի է դարձել հենց իր հաղթանակով: Կխնդրեմ մեկնաբանեք այս միտքը: 

-  Վերջին պատերազմի արդյունքներով եթե ընդունենք, որ հայկական կողմը ռազմական պարտություն է կրել, որն իրենք անվանում են կապիտուլյացիա, բայց կապիտուլյացիա այն տրամաբանությամբ, ինչպիսին հանդիպում ենք դասագրքերում, տեղի չի ունեցել, այսինքն՝ կնքվել է զինադադար: Արդյունքում ի՞նչ եղավ: Նույնիսկ եթե ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում և այդ մասին հայտարարել է, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ փաստաթուղթ որևէ ընթացակարգով ո՛չ ստորագրվել է, ո՛չ էլ վավերացվել: Այժմ Ադրբեջանը խնդիր ունի այդ հրապարակային հայտարարությունը տեղափոխել թղթի վրա, այսինքն՝ ճանաչելի դարձնել, պատերազմի ժամանակ իր հաղթանակը նյութականացնել, Արցախը ներառել իր կազմում: Ի՞նչ է տեղի ունենում: Արցախի բնակչությանն ինտեգրման որևէ ծրագիր, ըստ էության, չի առաջարկվում, և այդ պայմաններում Արցախի բնակչությունը չի ընդունում այն կապիտուլյացիոն պայմանները, որ առաջարկում է Ադրբեջանը: 

Մնում է երկու տարբերակ. կա՛մ այդ իրավիճակը հանգուցալուծվում է պատերազմով, կա՛մ հայ բնակչությունն այդտեղից դուրս է գալիս: Հիմա Ադրբեջանը տանում է նրան, որ հայաթափի Արցախը: Իրենք պնդում են, թե Արցախում չկա 120 հազար բնակչություն, կա 20-30 հազար իրական բնակչություն, և ասում են, որ եթե իրենք ինքնորոշման կամ ներքին ինքնավարության որևէ մեխանիզմ ապահովեն նրանց համար, այդ դեպքում հարց է առաջանում այլ էթնիկ փոքրամասնությունների հետ կապված: Այսինքն՝ Ադրբեջանը հայտնվել է շատ հետաքրքիր իրավիճակում. եթե մենք չենք հայաթափում Արցախը, այլընտրանքը ռազմական լուծումն է, ինչը ծուղակ է նրանց համար: Եթե ներկայում որոշակի լոյալություն կա աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ադրբեջանական դիրքորոշումների հետ կապված, այդ պարագայում լոյալությունն ավտոմատ վերանում է, և Ադրբեջանն ուղղակի դառնում է միջազգային «իզգոյ»՝ բառի ուղիղ իմաստով:

Մյուս տարբերակն ինքնավարության որոշակի կարգավիճակի տրամադրումն է, որն Ադրբեջանում խնդիր է առաջացնելու, որովհետև այնտեղ կան էթնոտարածքներ: Հիմա Ադրբեջանը հայտնվել է յուրահատուկ ծուղակում: Մնում է միայն հայկական դիվանագիտությունն այս իրավիճակը խորությամբ հասկանա և գործողություններ ձեռնարկի: 

 

Add new comment

From the author