ֆս

Սահմանով մեկ կուտակումներ են, բայց խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին. Լոքմագյոզյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ադրբեջանի պահվածքը հասել է լկտիության վերջին աստիճանին՝ մարդկանց առևանգում են, ճանապարհները փակում, մարդկանց սովի մատնում, Հայաստանի տարածք մտնում-դուրս գալիս, և ոչ մեկը նրանց չի խանգարում: Այս մասին «Դետք»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ նկատելով, որ այդ պահվածքն օրինաչափ է, քանի որ նրանց դա թույլ են տալիս, ավելին՝ այդքանից հետո Հայաստանի վարչապետը շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի մասին՝ լավ իմանալով, որ թշնամի պետությունը երբեք չի հետևելու այդ պայմանագրին: 

«Ես բազմիցս ասել եմ, որ չկան Թուրքիա և Ադրբեջան առանձին, կա «Թուրքիա 1» և «Թուրքիա 2», և այսօր արդեն ասում եմ, որ Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների նպատակները ներկայումս չեն տարբերվում: Գոյություն չունի 3 պետություն, այլ մեկ քաղաքականություն: Սահմանով մեկ կուտակումներ են, սակայն Հայաստանում ոչ ոք չի խոսում այդ մասին՝ սկսած Պաշտպանության նախարարությունից, Արցախի բանակից, գեներալներից, այսինքն՝ պատերազմի մասին խոսում են բոլորը՝ բացի նրանցից, ովքեր Հայաստանում պետք է մտածեն դրա մասին»,- կարծիք է հայտնում թուրքագետը: 

Լոքմագյոզյանը շեշտում է, որ Հայաստանի սահմանների մասին այսօր ավելի մտահոգ է հարևան Իրանը, որը բարձր մակարդակներով հայտարարում է սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին. «Այն, ինչ Իրանի կողմից արտահայտվեց և արտահայտվում է, ամենամեծ խայտառակությունն է մեր նկատմամբ: Օրինակ՝ եթե մենք Ճապոնիայում լինեինք, մեր վարչապետը վաղուց հարակիրի արած կլիներ: Երբ Կապանում Իրանի ներկայացուցչությունը բացվեց, վերջինիս ներկայացուցիչը հավաքված ժողովրդին ասաց՝ մի՛ վախեցեք, մենք այստեղ ենք, ձեզ կպաշտպանենք: Դա ամենամեծ խայտառակությունն էր: Այսինքն՝ օտար պետության ներկայացուցիչն է ասում՝ ձեզ կպաշտպանեմ, ինչո՞ւ մեր բանակից որևէ պաշտոնյա դա չի ասում»: 

Փորձագետին հարց ուղղեցինք նաև սեպտեմբերի 4-ին կայացած Պուտին-Էրդողան հանդիպման վերաբերյալ՝ խնդրելով մեկնաբանել դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա: Ըստ Լոքմագյոզյանի՝ Արևմուտքը Թուրքիայի ձեռքով փորձում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին: 
«Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմանը միտված աշխատանք է կատարվում, Արևմուտքի քաղաքականությունն է սա, և այն առաջ է տարվում ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այլև այսօր՝ նաև Հայաստանի: Ներկայում անընդհատ խոսվում է ՆԱՏՕ-ին միանալու մասին: Բայց միայն միամիտները կարող են դրա մասին մտածել, չնայած, դժբախտաբար, մենք շատ ունենք այդ միամիտներից: Այսօր անգամ Ուկրաինան չի կարողանում մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ, մե՞նք պետք է մտնենք: Դեռ չեմ ասում, որ ՆԱՏՕ-ի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը մեր թշնամի պետությունն է»,- նշում է թուրքագետը:  

Ըստ նրա՝ այդ հանդիպմանը հաստատ խոսվել է նաև մեր տարածաշրջանի մասին, սակայն դրա վերաբերյալ տեղեկատվություն չկա, հետևաբար մնում է սպասել ապագա զարգացումներին: 

 

 

Add new comment

From the author