ֆբ

Բեռնատարի մուտքը խորհրդանշական էր. ի՞նչ է ստանում դրա դիմաց Արցախը. Տաթևիկ Հայրապետյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է: 

- Այսօր առավոտյան հայտարարվեց, որ ռուսական «մարդասիրական օգնության» բեռնատարն անցել է Ակնա-Ասկերան ճանապարհով և մտել Ստեփանակերտ: Շատ փորձագետներ այդ բեռնատարը որակեցին որպես «տրոյական ձի», որ փորձում են մտցնել Արցախ՝ ներսից դարպասները բացելու նպատակով: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:  

- Նախ հիշում ենք, որ մինչ այս խոսում էին, որ պետք է միայն Աղդամի ճանապարհը բացվի, այլապես Լաչինի միջանցքի մասին խոսք չի կարող գնալ: Հետո եղան զանգեր, խոսակցություններ և՛ Արևմուտքից, և՛ տարբեր կողմերից, ու հավանաբար ինչ-որ փոխզիջումային լուծման են եկել, որովհետև այս դեպքում Արցախը նշում էր, որ իրենք Ադրբեջանից որևէ ապրանք ու բեռ չեն ընդունելու: Այդ բեռնատարը բեռնվել է ՌԴ-ում, անցել է Ադրբեջանի տարածքով, այդտեղ ինչ-որ հաշված ապրանքներ են, որ Արցախի բնակչությանը մեկ օր անգամ չեն բավարարի: Ենթադրում եմ, որ դա խորհրդանշական էր՝ ցույց տալու, որ Արցախի իշխանությունները զիջման գնում են, այսինքն՝ թույլ են տալիս, որ ռուսական բեռնատարն այդ ճանապարհը հատի, փոխարենը, ենթադրում եմ, որ պետք է պայմանավորված լինեն բացել Լաչինի միջանցքն առնվազն այնտեղ հավաքված բեռները ներս թողնելու համար: 

Հիմա մենք ունենք միայն մեկ կողմի պատկերը: Ադրբեջանը բավականին ուռճացված, տեղեկատվական ամբողջ ցանցով ներկայացնում է, որ հաջողության է հասել: Բայց ասում եմ՝ այս հարցը բազմաթիվ նրբերանգներ ունի: Իրենց մեքենան չի մտել, իրենք որևէ մատակարարում չեն ապահովել, իրենք չեն կարող դա այդպես ներկայացնել: Քանի որ արցախյան կողմը որևէ տեղեկություն չի տրամադրում, բնականաբար տարածվում է ադրբեջանական խոսույթը: Չի ասվում, օրինակ, ինչ են ստանալու դրա դիմաց, քանի որ այդ մեկ բեռնատարն իրավիճակը չի փրկելու և ավելի շատ խորհրդանշական իմաստ ունի: 

Նորից գալիս ենք այդ կետին՝ ինչ է ստանում դրա դիմաց Արցախը, որովհետև մենք դեռևս միայն տեսնում ենք ադրբեջանական կողմի արձագանքները, դիրքորոշումները, տեղեկատվական գրոհը: Հակառակ կողմից առհասարակ տեղեկություն չունենք: Ես վստահ եմ, որ բանակցություններ ընթանում են, հնարավոր չի, որ չլինեն բանակցություններ, դա անտրամաբանական կլինի, որ Արցախը դրա դիմաց ոչինչ չստանա: Եվ ի վերջո նույն մարդիկ կարող են նորից փակել ճանապարհը և ասել, որ այս մի անգամն էր, ու կրկին թույլ չտան մուտքը Արցախ: Եթե ռուսներն այդ ամենի շուրջ բանակցել են ու պայմանավորվել, ի՞նչ է դրա դիմաց ստացել Արցախը: 

- Այս բեռնատարի մուտքն Արցախ տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո: Ընդ որում՝ նշվել էր, որ այդ հեռախոսազրույցի թեման հենց Արցախն է: Ի՞նչ եք կարծում, կապ կա՞ այս երկու իրադարձությունների միջև: 

- Անկեղծ ասած, ես այդքան էլ չեմ կապում դրա հետ, սա ավելի շատ ռուսական միջնորդությամբ է տեղի ունեցել: Իսկ այդ հեռախոսազրույցն ավելի շատ կապում եմ սահմանին ստեղծված բարդ իրավիճակի, Թուրքիայի ներգրավվածության և Թուրքիայի ունեցած շահագրգռությունների հետ: Հատկապես վերջին շրջանում փոխայցերը շատացել են, և Թուրքիան ակտիվություն է ցուցաբերում: 

- Սեպտեմբերի 1-ից, ինչ Ադրբեջանը վերսկսեց սահմանին սադրանքները, լարվածություն կա նաև քարոզչական դաշտում: Արդյո՞ք սա նրանց հին գործիքակազմն է՝ լարվածության մեջ պահելու հայ ժողովրդին, թե՞ այս անգամ պատերազմի վտանգն ավելի իրական է:  

- Ես կարծում եմ՝ վտանգը բավականին մեծ է և լուրջ, ու նաև այդ ամբողջ քարոզչության հենց սկզբից ես իմ գրառումներում նշում էի, որ կան ուրիշ գործոններ, որ զսպում են Ադրբեջանին: Ես վստահ եմ, որ եթե այդ գործոնները չլինեին, Ադրբեջանը շատ ավելի վաղ էր գնալու ռազմական գործողությունների, որովհետև իրենք շատ բարձր են պահում լարվածության մակարդակը: 

Մասնավորապես Իրանի գործոնը, որոշակի զանգեր Արևմուտքից, որոնք փորձում են զսպել ագրեսիան: Իրանն իսկապես շատ մեծ դեր ունի այդ հարցում, դա ակներև է: Հիշենք՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆիդանի հետ վերջին հանդիպման ժամանակ իրանական կողմը ևս մեկ անգամ ասել էր, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությանն ու պատմական երթուղիների արգելափակմանը:

Ադրբեջանն ու Թուրքիան պահը համարում են պատմական՝ հասնելու նրան, ինչին չեն կարողացել հասնել 1919 թվականին: Պատմությունը շատ հարցերում նույնությամբ կրկնվում է: Ուղղակի մենք պատմությունից դասեր քաղելու հարցում ենք լրջորեն թերանում:
 

Add new comment

From the author