654

Թուրքիան փորձում է արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը. Մուշեղ Խուդավերդյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերի փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը:

- Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից անցել է մոտ 48 ժամ, և այսօր արդեն թուրք նախարարը հայտարարում է, որ առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին: Ի՞նչ եք կարծում, երկու երկրի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկե՞լ են այս հարցը, և ի՞նչ կարելի է սպասել: 

- Հեռախոսազրույցի մասին մանրամասներ մեզ հայտնի չեն, դժվար է վերլուծություն անել: Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն է այդ միջանցքի բացումը, որը, ըստ նրանց, պետք է տեղի ունենա խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: Թե հայկական կողմն ինչ է բանակցում, ևս չենք կարող ասել: Միայն պարզ է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման ամենասկզբունքային հարցերում կողմերը, կարծես թե, պայմանավորվածություններ են ձեռք բերել, հայկական կողմը Նիկոլ Փաշինյանի շուրթերով ճանաչել է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս, Պրագայում էլ փաստաթուղթ է ստորագրվել: Մնում է միայն կողմերն իրենք այդ մասին հայտարարություն անեն և համաձայնեցնեն խաղաղության վերջնական համաձայնագիրը: 

Էրդողանի հետ հեռախոսազրույցը, ճիշտ է, փակ ձևաչափով է ընթացել, սակայն կարող ենք փաստել, որ Էրդողանի նախաձեռնած հեռախոսազանգը նրա համար էր, որ հայկական կողմն արագացնի խաղաղության պայմանագրի կնքումը: Արդեն փաստացի այնպիսի իրավիճակ է, որ բոլոր երկրներն են ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Էրդողանն այդ առումով ավելի ազատ է՝ հայկական կողմին ստիպելու, որպեսզի այդ գործընթացն արագացնի: 

- Երեկ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե հենց Հայաստանն է որոշել Ղարաբաղի կարգավիճակը՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս…

- Իհարկե, Ռուսաստանը Պուտինի շուրթերով նույնպես ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Բայց այս պարագայում հարց է առաջանում՝ ինչ են անում ռուս խաղաղապահներն Արցախում: Եթե այդ առումով կարծիք փորձեմ հայտնել, ապա, ըստ երևույթին, ռուսական ուժերի գոյությունը Ղարաբաղի տարածքում պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանում հրեական հատուկ ծառայություններն են բավականին լուրջ ներկայություն ձեռք բերել, որոնց նպատակը հատկապես Իրանը կլանելն է: Հակաիրանական այդ ուժերի թիրախում են նաև երկրները, որոնք դաշնակցում են Ռուսաստանի հետ: Ըստ իս՝ ռուսական ուժերն այդ նպատակով են Արցախում:

Իրանը ևս բազմիցս հայտարարել է, որ իր համար անընդունելի են սահմանային փոփոխությունները: Իհարկե, դա ասվում է սեփական շահերից ելնելով, ոչ թե Հայաստանի համար: Օրինակ՝ եթե ադրբեջանական կողմը գրավի նաև Սյունիքի ինչ-որ հատված,  ստացվում է, որ Իրանի հյուսիսային սահմանն ադրբեջանական կողմի, այսինքն՝ իսրայելական կողմի ազդեցության տակ է հայտնվում, ինչն Իրանի համար լրջագույն խնդիր է: 

- Ի՞նչ կասեք թուրք-ադրբեջանական քարոզչական սադրանքների մասին, որոնք ուղեկցվում են նաև իրական սադրանքներով Հայաստանի սահմանին: 

- Պատերազմ ամեն պահի կարող է սկսվել, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ առկա է: Ի դեպ, զինուժի կուտակումները միայն ադրբեջանական կողմում չեն, կուտակումները նաև թուրքական կողմից են: Մասնավորապես, Թուրքիայի 3-րդ դաշտային բանակն Արարատ լեռան հետևում բավական լուրջ զորավարժություններ է իրականացնում, այսինքն՝ դա ոչ միայն Հայաստանի դեմ է ուղղված, այլև Իրանի: 
 

 

Add new comment

From the author