դվ

Էրդողանը զգում է, որ չի կարողանում իրագործել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, և շտապում է. Հակոբ Չաքրյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

- Արցախում իրենց նպատակներն իրագործելուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմն այժմ էլ Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում: Հայտարարություններից զատ՝ տեսնում ենք, որ նրանք ռազմական ուժ են կուտակում Հայաստանի հետ սահմանին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն զենքի ուժով հասնել միջանցքի բացմանը, և արդյո՞ք նրանց խանգարող գործոններ կան:

- Եթե հիշում եք, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին 44-օրյա պատերազմից հետո շաբաթներ շարունակ Զանգեզուրում էր, մինչ այդ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հայտարարել, որ Մեղրիի միջանցք չկա: Եթե այդ հայտարարությունը և դեսպանի՝ Սյունիքում մնալու հանգամանքը չլինեին, Ռուսաստանը վաղուց արդեն Զանգեզուրը կդարձներ այնպիսի զորանոց, ինչպիսին Արցախը դարձրեց:

Ինչ վերաբերում է թուրքերին, դա նրանց վաղեմի երազանքն է, դեռ 20-րդ դարի 20-ական թվականներին նրանք Հարավային Կովկաս զորք են մտցրել և հաջողություն թեև չեն ունեցել, սակայն իրենց այդ երազանքից չեն հրաժարվել: Հիշենք նաև Թուրքիայի կողմից բազմիցս հնչեցված նախապայմանները կամ այն հայտարարությունները, թե Լաչինի միջանցքի  փոխարեն թող հայերն էլ Մեղրիի միջանցքը զիջեն: Այսինքն՝ ինչ են ուզում թուրքերը. նրանց նպատակն է Մեղրիով ու Նախիջևանով ուղիղ ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ, դիրքերն ամրապնդել, Կովկասը վերցնել Թուրքիայի ազդեցության տակ, որ Ադրբեջանն օգտագործելով որպես ցատկահարթակ՝ ներթափանցեն Միջին Ասիա: Սա մեծ ծրագիր է, և Թուրքիայի ֆինանսական, տնտեսական ու քաղաքական կարողություններից արդեն վեր է: Չնայած դրան՝ նրանք հետ չեն կանգնում իրենց նպատակից: Այսօր էլ Պուտինը՝ հայատյացության անասնական բնազդով, աջակցում է Էրդողանին:

- Օրերս տեսանք, թե ինչպես Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ իրենց նպատակը «Զանգեզուրի միջանցքն» է: Նման բարձր ամբիոնից իրենց հավակնությունների մասին խոսելն ի՞նչ է նշանակում:

- Ըստ երևույթին նա զգում է, որ չի կարողանում իրագործել իր ծրագիրը, և շտապում է, որ քանի դեռ հնարավոր է, կյանքի կոչի այն, որովհետև ժամանակը Թուրքիայի օգտին չէ: Հարավային Կովկասում ազդեցության համար մրցապայքար միշտ է ծավալվել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Երբ ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց Ջո Բայդենը, նա հայտարարեց՝ «մենք վերադառնում ենք տարածաշրջան», և վերադարձել են: Եվրամիության ներկայությունն էլ կա Զանգեզուրում, ու դա խոչընդոտող հանգամանք է Թուրքիայի համար:

Թուրքիան իր ջանքերն ակտիվացրել է այսօր, բայց այդ ակտիվացումը ոչ թե վճռականության նշան է, այլ մտավախության, որ կկորցնի իր հնարավորությունը, եթե հիմա չստանա այդ միջանցքը, հետո ուշ կլինի:

Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան Հարավային Կովկասում, ճիշտ է, գործոն է, բայց դերակատար չէ: Այստեղ տարածքային դերակատար են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը:

- Այսինքն՝ այս պահին Ադրբեջանին, Թուրքիային ու Ռուսաստանի՞ն է ձեռնտու այդ միջանցքի բացումը, մյուս կողմերը խոչընդոտելո՞ւ են:

- Դե Ադրբեջանն այստեղ Պուտինի ձեռքին հրաձիգ է՝ ընդդեմ Հայաստանի օգտագործելու համար, որպեսզի Հայաստանին նսեմացնելու գնով ծառայեցնի իր աշխարհաքաղաքական նպատակներին: Հարավային Կովկասը Ռուսաստանի համար Մերձավոր ու Միջին Արևելք ներթափանցելու կամուրջ է: Որպեսզի այդ կամրջի կենսագործունեությունն ապահովի, նրան պետք է Զանգեզուրում դիրքերն ամրապնդել, իր համար այդ միջանցքը բացել ու Արևմուտքի համար էլ մեկընդմիշտ փակել ճանապարհը դեպի տարածաշրջան:

Ռուսաստանին թվում էր, թե 44-օրյա պատերազմի հետևանքով վերջ են տվել Մինսկի խմբի եռանախագահող մյուս երկու երկրների ներկայությանն այստեղ, բայց հույսերը չարդարացան, նրանք վերադարձել են, ընդ որում՝ բոլոր նախաձեռնություններն էլ աստիճանաբար խլում են ռուսների ձեռքից: Այս տարածաշրջանում ԱՄՆ-ի կշիռն աճում է, Ռուսաստանն էլ դրա դեմ չի կարողանում պայքարել, դրա համար էլ այդպիսի քայլերի է գնում:

 

Add new comment

From the author