834

Աներկբա է, որ Արցախում կատարվածը ցեղասպանություն է. ոճրագործները չպետք է վայելեն իրենց արածը. Սուրեն Մանուկյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, և այդ բնորոշումը միայն մենք չէ, որ տալիս ենք: Շատ հայտնի ցեղասպանագետներ են խոսում, և նույնիսկ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը ցեղասպանագետներն ահազանգում էին այդ վտանգի մասին: 

«Դետք»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ մանրամասնելով, որ Արցախի շրջափակումն ինքնին ցեղասպանության վտանգի վերաբերյալ ահազանգ էր:  

«Ցեղասպանությունը պարզապես սպանությունը չէ, շատ դեպքերում մենք մտածում ենք, որ ցեղասպանությունն ուղղակի ֆիզիկական ոչնչացումն է, բայց այդպես չէ, Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ կետն ասում է, որ ցեղասպանությունը էթնիկ, ազգային, կրոնական կամ ռասայական որևէ խմբի նկատմամբ այնպիսի գործողություններն են, որոնք բերում են այդ խմբի ոչնչացմանը, կամ այնպիսի պայմանների ստեղծումը, որը կբերի ոչնչացմանը: Լաչինի (Բերձորի) միջանցքի փակումը հենց դա էր ենթադրում: Դրան էլ հաջորդեց ուղղակի հարձակումը: Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ’Բրայենը մի հարցազրույց էր տվել, որտեղ նշում էր, որ Արցախում առկա են ցեղասպանության իրականացման գրեթե բոլոր տարրերը: Այնտեղ մի կետ էլ կար՝ խմբի մեջ ծնելիության կանխումը, և մենք տեսանք, որ շրջափակման վերջին շրջանում եղան դեպքեր, երբ մարդիկ ընդհատում էին հղիությունը, քանի որ չէին ուզում վտանգի ենթարկել իրենց ապագա երեխային»,- ասաց մեր զրուցակիցը: 

Նա ընդգծեց՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տարածած երկու հայտարարությունները կարևոր են, քանի որ միջազգային կառույցները, այլ պետությունների կառավարությունները որոշումներ կայացնելիս հենվում են նման փորձաքննության վրա։

«Տարիներ շարունակ մենք տեսել ենք Ադրբեջանի քաղաքական վերնախավի կողմից հայատյացության դրսևորումներ, բռնության կոչեր, ընդհուպ հայերին ոչնչացնելու սպառնալիքներ: Ես կարծում եմ՝ աներկբա է, որ Արցախում կատարվածը ցեղասպանություն է»,- հավելեց Մանուկյանը: 

Ցեղասպանագետը կարևոր է համարում նաև մեր կողմից ճիշտ եզրույթների օգտագործումը կատարվածի մասին խոսելիս: Օրինակ՝ արցախահայերը «բռնի տեղահանված» են, որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձեն քողարկել կատարվածը և հայտարարեն, թե մարդկանց տալիս են հնարավորություն ապրելու իրենց տներում, բայց իրականությունն այլ է. «Եթե տարիներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է մարդկանց, հայատյացության տրամադրություններ տարածել, հետո 10 ամիս մարդկանց պահել շրջափակման և սովամահության մեջ, բնական է, որ դա հենց ցեղասպանություն է: Իրենց գործողություններն ամբողջությամբ ցույց են տալիս, որ այդ մարդիկ՝ արցախահայերը, բոլոր հիմքերն ունեն չհավատալու Ադրբեջանի խոստումներին, թե կարող են ապրել իրենց տներում: Անկախ նրանից, թե ինչ կհայտարարեն այսօր Ադրբեջանի իշխանությունները, կատարվածը լիովին բավարարում է բռնի տեղահանության և էթնիկ զտման բնորոշմանը»:  

Մեր զրուցակիցն ընդգծում է կատարվածի փաստաթղթավորման անհրաժեշտությունը. «Կարևոր է այդ ամենի իրավական հիմքերն ունենալ, պատրաստ լինել, որ մի օր՝ գուցե ոչ մոտ ապագայում, սակայն մի օր դա մեզ անհրաժեշտ է լինելու՝ ազդելու Ադրբեջանի վրա: Թեև այսօր ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ուժն է կարևորվում, այդուհանդերձ ցանկացած ուժ իր հետևում ինչ-որ իրավական, քաղաքական լեգիտիմություն է ենթադրում»,- ասաց նա։

Մանուկյանը շեշտում է՝ այսօր կարևոր է չլռել կատարված ցեղասպանության մասին. «Այդ ոճրագործները չպետք է վայելեն իրենց արածը, չպետք է ապրեն անպատժելիության մեջ, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանց քարշ տանք միջազգային դատարաններ: Սա գուցե դառնա Հայաստանի խաղաքարտերից մեկը, որով կկարողանա ազդել Ադրբեջանի վրա»: 

 

Add new comment

From the author