գեռվո

Չիմացությամբ կամ դիտավորությամբ արցախցիների մասին այնպիսի խոսույթ են զարգացնում, որը հասարակությանը պառակտման է տանում. Աստղիկ Ավետիսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է «Հայկական Փի Ար ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, հանրային կապերի մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը

- Արցախի հանձնումից հետո, արցախահայերի՝ Հայաստան տեղափոխվելուն զուգահեռ, իշխանամերձ լրատվամիջոցներում շրջանառության մեջ են դրվել մի շարք վտանգավոր եզրույթներ, ինչպես «ղարաբաղցի-հայաստանցի», «անտուն փախստական», «ղարաբաղցի ջարդարարներ» և այլն: Այդպիսի եզրույթներով վերնագրված նյութերը սոցիալական ցանցերում առավել հաճախ տարածվում են գովազդով՝ ապահովելով ավելի մեծ դիտողականություն: Որպես հաղորդակցման մասնագետ՝ ինչպե՞ս կորակեք այս իրավիճակը:

- Այս օրերին տեղեկատվական հոսքերի կառավարումն ամենաբարդ գործընթացն է: Սոցիալական մեդիան լայն հնարավորություններ է ստեղծել բոլորի համար, յուրաքանչյուր մարդ հրապարակային կարող է կարծիք հայտնել, տեսանյութ տարածել և չմտածել հետևանքների մասին: Սակայն մեր օրերում ականատես եղանք նաև այնպիսի դրվագների, որ զանգվածային լրատվամիջոցները կամ չիմացությամբ, կամ դիտավորությամբ այնպիսի խոսույթ են զարգացնում, որը հասարակությանը պառակտման է տանում: Չնայած այս ամենի հիմքը դրվել է դեռ 2018 թվականից, երբ իշխանության եկած քաղաքական ուժը և այդ ուժի քաղաքական առաջնորդը, պարբերաբար բաժանարար գծեր դնելով հասարակության մեջ, կոտրեց համախմբվածության, համատեղ աշխատելու, համատեղ պայքարելու,  համատեղ հաղթելու ձգտումները: 

Երբ կան խոստումներ, ու այդ խոստումներն իրականություն չեն դառնում, հասարակության սպասելիքները չեն արդարացվում, պարբերաբար մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ են կիրառվում, հասարակությունը խճճվում է և դառնում անտարբեր: Արցախում տեղի ունեցած ողբերգությունն էլ այսօրվա իշխանությունների շնորհիվ մեղադրական դրսևորումների առիթ է տալիս, և հասարակության մեջ նոր խոսույթ է ձևավորվում, որ «արցախցիները չպայքարեցին», «արցախցիները զենքերը հանձնեցին», «արցախցիներն իրենց հողը չպահեցին», «արցախցիները հայաստանցիներին չլսեցին», «հայաստանցիները զոհվեցին հանուն արցախցիների» և նմանօրինակ ձևակերպումներ, որոնք առավել մեծ անդունդի առաջ են կանգնեցնում բոլորիս:

Հոգեբանության մեջ կա Կարպմանի եռանկյունի (Karpman drama triangle), որը հաճախ կոչվում է «ճակատագրի եռանկյունի», որտեղ կա երեք կողմ՝ հետապնդող, փրկարար, զոհ: Մեր իրավիճակում նույնիսկ փրկարարներն են հայտնվել հետապնդողի դերում, և տեղեկատվական քաոսային իրավիճակում մարդն ավելի անպաշտպան է զգում: Այսօր, առավել քան երբևէ, բոլորս միմյանց կարիքն ունենք, ապրումակցելու, միասին լինելու, համախմբվելու, որպեսզի քաոսը վերածվի արդյունավետ շարժման: 

- Ընդհանրապես, ներկա իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինեին իշխանության և ընդդիմության գործիչների ուղերձները, հասարակության հետ նրանց շփումը, և ի՞նչ ունենք իրականում: 

- Ես մնում եմ իմ այն դիրքորոշմանը, որ ներկա իշխանությունները պատերազմից հետո պետք է ներողություն խնդրեին և հեռանային, հասարակությանը համախմբող ազգային մտածողությամբ թիմ պետք է ձևավորվեր, որպեսզի բանակցություններն էլ իրենց արդյունքը տային: Պատմության մեջ երբեք չեք կարդա, որ պարտված ղեկավարն ունակ է բանակցելու, և հաղթողները կլսեն նրա մոտեցումները: Պարտված ղեկավարը միշտ հետքայլ է անելու, սա բնության օրինաչափություններից է նաև: Ընդդիմությունն էլ միատարր չէ, աղճատված, յուրաքանչյուրն իր շահն ու դիրքորոշումն ունի, ազգային խնդիրների շուրջը համախմբում չի լինում, որովհետև առաջնորդներն իրենք չեն նստում մի սեղանի շուրջը: 

Քաղաքական կուսակցությունները նպաստեցին, որ հասարակությունն այլևս չի ուզում լսել «քաղաքական գործիչ» արտահայտությունը: Եթե քաղաքական կուսակցությունները չեն կարողանում օրակարգ ձևավորել, օրակարգ են ձևավորում քաղաքականությունից չհասկացողները: Եթե իշխանությունը պետականամետ գործունեություն ծավալի, ընդդիմությունը որոշակի հարցերում կհամախմբվի, արտաքին աշխարհին ուղղված ուղերձները կհամընկնեն: Բայց իշխանությունը ներքին հաղորդակցումը խայտառակ վատ է անում, այդ պատճառով դժգոհություններն ու իշխանության չվստահելն ահռելի մեծ չափերի են հասել: 

- «Ղարաբաղցի-հայաստանցի» տարանջատման քարոզը շատ խոր արմատներ ունի: Այսօր, երբ Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներն ապրելու են մեր կողքին, որքանո՞վ դա կարող է խոչընդոտել նրանց հետ հաղորդակցումը, և ի՞նչ է պետք անել: 

- Պետք է կրթենք հասարակությանը, բարձրաձայնենք նմանատիպ խնդիրները, պետական, քաղաքական և հասարակական գործիչները հետևեն իրենց խոսույթին: Կարճաժամկետ մտածողությունը պետք է մերժել և երկարաժամկետ արժեքների ու կրթության վրա շեշտը դնել:

Հասարակությունը պետք է այնքան կիրթ լինի, որ կարողանա թացը չորից տարբերել, տեղեկատվական աղբանոցում նետված ամեն քննարկում չէ, որ պետք է կենդանացնել: Արցախցի, երևանցի, մարտունեցի, սյունեցի…. մենք հայ ենք, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, որևէ մեկի արյունը կապույտ չէ, իսկ մյուսներինը՝ դեղին, բոլորս մարդ ենք՝ մեր բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ: 

- Արցախահայերը վերջին երեք տարվա ընթացքում անցան պատերազմի ու շրջափակման, սովի ու կորուստների, այժմ էլ բռնագաղթի փորձությունների միջով: Այսօր նրանք առավել քան խոցելի են: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի նրանց հետ շփումն առաջիկա ինտեգրման փուլում:

- Այս օրերին առավել զգոն, զուսպ և ուշադիր պետք է լինենք արցախցիների նկատմամբ: Կարող են դժգոհություններ ունենալ, նեղված և կոտրված լինել, կարող է ստացվել այնպես, որ լավ չհաղորդակցվեն: Այս ամենը մենք պետք է հասկանանք, հեշտ չէ տարիներով ապրել պատերազմի վտանգի ներքո, հեշտ չէ 0-ից կյանք սկսել, մարդիկ տարիներով ստեղծել են, կառուցել ու հիմա հանձնել թշնամուն, հարկադրված լքել իրենց տունը՝ ցեղասպանվելու վտանգն աչքի առաջ, կորցնելով հարյուրավոր բարեկամներ ու հարազատներ: Առավել ուշադիր պետք է լինեն ԶԼՄ-ները՝ անկախ նրանից, թե ինչ շահեր են սպասարկում, հատկապես մերձիշխանական ԶԼՄ-ները: Սուտ, վարկաբեկիչ, արժեքային համակարգը խաթարող տեղեկության տարածմամբ մի՛ զբաղվեք: Այլապես մի քանի տարի հետո բոլորս կունենանք անարժեք, անտարբեր ու հոգեբանական խոր խնդիրներով հասարակություն: 


 

Add new comment

From the author