00

Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հայաստանը Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ՝ Արցախի դեմ ագրեսիայի հետ կապված` նախազգուշացնելով, որ Բաքուն կարող է շուտով հարձակվել հենց Հայաստանի վրա, եթե Արևմուտքը վճռական գործողություններ չձեռնարկի։

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը «Reuters»-ի հետ զրույցում թվարկել է հնարավոր պատժամիջոցները, ինչպիսիք են ադրբեջանական նավթի և գազի գների սահմանափակումը և Բաքվի հետ ավելի սերտ հարաբերությունների մասին ԵՄ բանակցությունների դադարեցումը։ Նա նաև Արևմուտքին կոչ է արել Հայաստանին «վճռական» օգնություն ցուցաբերել անվտանգության ոլորտում։

«Ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլև շատ փորձագետներ, այդ թվում` ԵՄ անդամ երկրներից, կարծում են, որ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելի է»,- ասել է Բալայանը։

Նրա խոսքով՝ արհեստածին, բռնապետական (խմբ․) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավաստիացումներին չի կարելի հավատալ։ Նա հիշեցրել է, որ եվրոպացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նա խախտել է Արցախի վրա չհարձակվելու խոստումները։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ն Ալիևի վրա ճնշում գործադրելու հատուկ գործիքակազմ ունի, և Արցախը բարձր գին է վճարել, որովհետև մինչև այժմ դրանցից ոչ մեկը չի օգտագործվել։ «Այս գործիքակազմի կիրառման ձախողումը հանգեցրեց 100-120.000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը, ներառյալ իմ սեփական ընտանիքը, իր հայրենական հողերում»,- ասել է Բալայանը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և միության անդամ երկրների շատ ղեկավարներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները։ Բայց ԵՄ-ն կոնկրետ միջոցների տեսակետից շատ քիչ քայլեր է ձեռնարկել՝ հումանիտար օգնություն հատկացնելուց բացի։

Դիվանագետներն ասում են, որ ԵՄ անդամներն ամբողջ ուժով փորձում են համաձայնության գալ։ Որոշ երկրներ, ինչպես Ֆրանսիան և Նիդեռլանդները, ցանկանում են, համենայն դեպս, դիտարկել կոշտ միջոցների հնարավորությունը, այն դեպքում, երբ այլ երկրներ, ինպես Հունգարիան և Ռումինիան, չեն ցանկանում անել դա։

ԵՄ պատասխանի որոնումը դժվարանում է նրանով, որ նա ավելի շատ ձգտում է հենվել ադրբեջանական նավթի և գազի վրա։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անցած տարի այցելել է Բաքու, որպեսզի ստորագրի փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի վերաբերյալ, և Ադրբեջանին հայտարարել է «կարևորագույն գործընկեր»։

Բայց Բալայանը պնդում է այն հարցում, որ ԵՄ-ն ազդեցության իրական լծակներ ունի, քանի որ Բաքուն զգալիորեն կախված է եվրոպական երկրներից որպես սպառող։

Նրա խոսքով՝ այս շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ալիևի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի սպասվող հանդիպումը Գրենադայի (Իսպանիա) գագաթնաժողովում արդյունք կտա միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն կոշտ լինի Ալիևի հետ։

«Եթե անձամբ Ալիևին որոշակի կարմիր գիծ չներկայացվի իր խոսքը չկատարելու համար... դա (հանդիպումը - խմբ․) կրկին անիմաստ բնույթ կկրի»,- ասել է նա։

Բալայանը մտավախություններ է հայտնել, որ Ադրբեջանն ուժ կկիրառի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի էքսկլավ ցամաքային միջանցքի ստեղծման համար, որը նաև կապ կհաստատի Բաքվի դաշնակից Թուրքիայի հետ։

Անցած շաբաթ Ադրբեջանը հայտարարել է, թե «մտադիր չէ որևէ նման գործողություն ձեռնարկել»։

Բայց Բալայանը նշել է, որ Ադրբեջանի ռազմական նպատակները կարող են ձգվել անգամ Նախիջևանի սահմաններից դուրս՝ հիշեցնելով Ալիևի խոսքերն այն մասին, թե «Հայաստանի ինքնիշխան տարածքն առաջ եղել է Ադրբեջանի մասը»։

Նրա խոսքով՝ Հայաստանն անպաշտպան վիճակում հայտնվեց անվտանգության տեսակետից, քանի որ նրա ավանդական դաշնակից Ռուսաստանը չկատարեց զենքի հարյուր միլիոնավոր դոլարների պատվերները։ «Մենք շատ խոցելի վիճակում ենք»,- ասել է նա։ Բալայանը հրաժարվել է նշելուց, թե անվտանգության ոլորտում ինչ օգնություն է ցանկանում ստանալ Հայաստանը՝ հայտարարելով, որ դա տեխնիկական փորձագետների խնդիրն է։

Add new comment

From the author