սցսասց

Իրենք են զբաղվում ահաբեկչական գործունեությամբ՝ մեզ ահաբեկիչ են անվանում

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Թուրքական լրատվամիջոցների թիրախում այս անգամ Վովա Վարդանովի հիմնադրած ՈՄԱ` «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպությունն է: Ցանկացած հայանպաստ, հայապաշտպան, հայրենասիրական նախաձեռնություն թշնամի պետությունների կողմից որակվում է որպես ագրեսիա, եւ սկսվում է հակաքարոզչություն: Հայաստանի օրվա իշխանություններն էլ անմիջապես զիջում են այդ քարոզչության առաջ եւ քայլեր ձեռնարկում, գրում է «Հրապարակը»: 

Թուրքական լրատվամիջոցներն այս անգամ ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպությանն աշխարհին ներկայացրել են որպես տեռորիստական կազմակերպություն՝ հրապարակման մեջ խոսելով դրա վտանգների մասին:

Այդ հրապարակմամբ կիսվել են նաեւ մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ: Նշենք նաեւ, որ Ադրբեջանը, որը եւս մեկ անգամ ապացուցեց իր մանկասպան, մարդակեր լինելը եւ հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, ով մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն եւ ինքնապաշտպանություն` այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում եւ խոշտանգում են։ Այս մասին ՈՄԱ-ն հայտարարություն է տարածել։ Ադրբեջանական քարոզչամեքենան տարածում է մեր հայրենակցի լուսանկարը՝ նրան ներկայացնելով որպես ահաբեկիչ եւ դարձնելով քննադատության թիրախ։ 

Մոդելը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանն իր մասին ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել. «Ես ընդամենը առաջին բուժօգնություն եմ սովորել, 10-օրյա պարապմունքների շրջանակներում, հաճախել եմ ՈՄԱ` այս տարվա սեպտեմբերին: Ադրբեջանն իմ մասին սուտ լուրեր է տարածում»։ Նա պատմեց, որ բավականին տպավորված է ու գոհ ՈՄԱ-ի ծրագրի շրջանակներում անցկացված դասընթացից։ «Առաջին բուժօգնությունն ու ինքնապաշտպանությունը բավականին հետաքրքիր առարկաներ էին, շատ գոհ եմ, դա հրաշալի առիթ էր՝ առաջին բուժօգնություն սովորելու համար: Տպավորված եմ»,- նշեց Արմինե Հարությունյանը: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչով է այժմ զբաղվում հայտնի մոդելը։ «Լինում են առաջարկներ, աշխատում եմ»: 

«Հրապարակը» զրուցեց նաեւ ՈՄԱ-ի «Դետք» տեղեկատվական կայքի համակարգող Անգին Խաչատրյանի հետ:

- Թուրքական լրատվամիջոցների թիրախում այսօր ՈՄԱ-ն է հայտնվել: Ինչո՞վ եք շարժել թուրքական լրատվամիջոցների զայրույթն ու վախը:

- Մեր դասընթացների գրեթե բոլոր մասնակիցները որակվել են որպես տեռորիստներ եւ հայտնվել են թուրք-ադրբեջանական մամուլի էջերում՝ իրենց լուսանկարներով եւ վիդեոներով: Անկեղծ ասած, մեզ համար սա նորություն չէր, տարիներ շարունակ մենք եղել ենք թշնամի պետությունների ուշադրության կենտրոնում, հատկապես՝ ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովը 44-օրյա պատերազմից հետո միջազգային հետախուզման մեջ հայտնվեց, նա թշնամի պետությունների կողմից ահաբեկիչ է ներկայացվում: Սա ունի շատ պարզ ու տրամաբանական բացատրություն` մենք նպաստում ենք հայոց պետականության անվտանգության եւ պաշտպանության ամրապնդմանը, մենք նպաստում ենք հայի շարունակությանը, ինքնապաշտպանությանը: Մենք դեմ ենք թրքացմանը, դեմ ենք թուրքի հետ եղբայրական հարաբերություններ հաստատելուն եւ խաղաղության կեղծ օրակարգին: ՈՄԱ-ն չի կարող Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին կողմ լինել, դա մեզ համար կարմիր գիծ է: Մեր գաղափարն է` ազգը, բանակը, երկիրը, որը ենթադրում է առանց թուրքի Հայաստան: Թուրքի հետ ապրելն ու բարեկամանալն անհնար են: 2014 թվականից ՈՄԱ-ն վարում է պրոհայկական քաղաքականություն եւ այդպես էլ շարունակելու է: Մեզ համար թշնամի երկրների անդրադարձը ՈՄԱ-ի մասին՝ ծիծաղելի է, սակայն միջազգային մամուլն արձագանքում է այդ հրապարակումներով: Զավեշտն այն է, որ նրանք մեզ ահաբեկիչ են անվանում` այն դեպքում, երբ հենց իրենք են զբաղվում ահաբեկչական գործունեությամբ: Ընդամենը տասն օր առաջ մեր բոլորի աչքի առաջ մեր կանանց, երեխաներին էին Արցախում սպանում ադրբեջանցիները: Հիմա այդ մարդատյաց ցեղատեսակը մեզ է անվանում ահաբեկիչ: Մենք որեւէ ահաբեկչական քայլ եւ միջոցառում այս տասը տարիների ընթացքում չենք իրականացրել: Մեր մասին անգամ գրել են ֆրանսիական եւ անգլիական կայքերը: Մեր քաղաքականությունը շատ բաց է. զբաղվում ենք մարդկանց ինքնապաշտպանությամբ, տարրական գիտելիքներ ենք սովորեցնում` առաջին բուժօգնության, կրակային պատրաստության եւ այն:

- Ի՞նչ կոնկրետ դասընթացներ է այս պահին ՈՄԱ-ն իրականացնում:

- Ունենք երկամսյա ծրագիր-դասընթաց, որը ներառում է առաջին բուժօգնություն, այն ոչ միայն պատերազմական իրավիճակներին է վերաբերում, այլեւ պարզապես դասընթացի նպատակն է՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց բուժօգնություն ցուցաբերել սովորեցնելը: Դա կարող է լինել ավտովթարի, երկրաշարժի ժամանակ ցուցաբերվող բուժօգնությունը եւ այլն: Ունենք նաեւ կրակային պատրաստության դասընթաց: Կան մարդիկ, ովքեր պարզապես մոռացել են զենքից օգտվել, գալիս են վերապատրաստվելու: Կան մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, սա հրաշալի հնարավորություն է նրանց համար: Մենք մարդակեր թշնամիներով ենք շրջապատված, եկեք այդ մասին չմոռանանք:

- Կա՞ տարիքային սահմանափակում: Կանայք ե՞ւս կարող են մասնակցել դասընթացներին:

- 16 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի կարող է մեզ դիմել: Անգամ 78 տարեկան մարդ է մեզ դիմել: Մեզ մոտ սովորել են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, անգամ՝ օտարերկրյա քաղաքացիները: Ծառայություններն այս պահին անվճար են:

- Վերջին երեք տարվա ընթացքում քանի՞ անձ է մասնակցել ՈՄԱ-ի դասընթացներին:

- 5000 եւ ավելի:

- Իսկ այս պահի՞ն:

- 600:

 

Add new comment

From the author