վդա

Մեր պատերազմը չի ավարտվել. պետք է ուղղենք մեջքը, հզորացնենք այս փոքրիկ հայրենիքը և պատրաստ լինենք հաջորդ կռվին. Գուսան Հայկազուն 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը: 

- Ցավով եմ հարցազրույցը սկսում այս խոսքերով, բայց մենք կորցրինք Արցախը: Այն Արցախը, որի ազատագրման համար երեք տասնամյակ առաջ կռվի ելավ մի ամբողջ լուսավոր սերունդ: Ձեր հեղինակած «Հայե՛ր, միացե՛ք» երգն էլ կարճ ժամանակում դարձավ համազգային՝ նպաստելով ողջ հայության համախմբմանը և դառնալով Արցախյան շարժման հիմն։ Այդպիսի հաղթանակ կերտած մեր ազգն ինչո՞ւ հասավ նման ցավալի պարտության, և այսօր ո՞րը պետք է լինի մեր անելիքը: 

- Մենք կռվի դաշտում պարտվեցինք, որովհետև 30 տարի չպատրաստվեցինք պատերազմի, մենք հավատում էինք, որ մեզ ոչինչ չի պատահի, մեր հզոր բանակն ամեն խնդիր կլուծի: Բայց սուտ էր: Մենք անկախությունից ի վեր քանդեցինք մեր երկիրը, մենք չսիրեցինք Արցախը, խոսքս բոլորին է վերաբերում, դա մեկը կամ երկուսը չեն: Մենք ամբողջ ազգով չսիրեցինք  մեր հայրենիքը, չկարողացանք պահել հաղթանակը: 

Այն, ինչ արդեն եղել է, փոխել հնարավոր չէ: Սակայն հիմա պահն է սխալները շտկելու համար, որ կրկին ստիպված չլինենք հայրենքի ինչ-որ մաս կորցնել: Ոչ մի երկիր, ոչ մի ազգ պարտությունից ապահովագրված չէ: Բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հաղթանակները վերականգնենք, իսկ դրա համար մշակույթը շատ կարևոր է: 30-35 տարի սերունդներ են դաստիարակվել նաև իմ երգերով, ճիշտ է, հիմա մեր ժողովուրդը կոտրված է, սակայն պետք է ոտքի կանգնել, ուղղել մեջքը, վերականգնել ոգին, իսկ այդտեղ ես էլ անելիք ունեմ, երգը շատ հզոր զենք է: 

Ես այսօր երգ եմ գրել, հենց այսօր, այս վիճակում, մեր պատերազմը չի ավարտվել, քանի մեր պետությունը կա, ժողովուրդը կա, պատերազմներ միշտ լինելու են, սակայն պետք է պատրաստ լինենք դրան: 

Ես այսօր երգեր ունեմ, բայց չեմ կարողանում ձայնագրել, դրանից երբեմն կոտրվում եմ, մտածում՝ ինչու գրեմ, եթե թղթի վրա է մնալու, բայց միևնույն է, ես այսօր էլ եմ գրում, այսօր էլ մեզ պետք է այդ ոգին, որ ժողովուրդը ոտքի կագնի: Մենք հզոր ժողովուրդ ենք, մնում է՝ խելոք լինենք ու պաշտպանենք մեր եղած հայրենիքը: Շատ բան ենք կորցրել, տա՛ Աստված, որ մի օր կարողանանք հետ բերել, բայց այս պահին այս փոքրիկ հայրենիքը գոնե պետք է հզորացնենեք: 

Ես կոչ եմ անում մեր ժողովրդին չընկճվել և երբեք չընկրկել: Բոլոր ազգերն ու պետություններն էլ տեսել են պատերազմներ, պարտություններ, հաղթանակներ: Մենք այդպիսի հազարամյակներ ենք ունեցել ու ապրել, արարել ենք: Ստեղծել ենք, հաղթանակել ենք այն ուժով ու ոգով և այն գաղափարներով, որ լինենք միասնական: Միասին լծվենք պետականաշինության գործին այնպես, ինչպես պետք է անել հզոր ու լավագույն երկիր կառուցելու համար. դրա համար գիտնականն իր գործով պիտի զբաղվի, շինարարը՝ իր: Ամեն մեկն իր գործում հաջողություններ արձանագրելու դեպքում կդնենք մեր ամուր պետության հիմնաքարը: 

- Այսօր տեսնում ենք, որ փորձում են ժողովրդի մեջ պառակտում մտցնել՝ ղարաբաղցի, երևանցի, գյումրեցի, արտաշատցի... Այդ պառակտումը չէ՞ նաև պատճառը, որ չկարողացանք մեր հաղթանակը պահպանել: 

- Պատճառները շատ են: Տարիներով մեզ հավատացրել են, որ մեզ ոչինչ չի պատահի: Մեր բոլոր նախագահները սխալ դիրքորոշում են ունեցել: 30 տարի թալանվել է մեր երկիրը, ով ինչպես կարող էր, թալանել է, փոխանակ զենք առնեին, պատերազմի պատրաստվեին: Հետո էլ մենք կարծում էինք՝ Ռուսաստանը թիկունքներիս կանգնած է, մեզ ոչ մի բան չի լինի՝ մոռանալով, թե Ռուսաստանը քանի անգամ է մեզ դավաճանել ու մեր հաշվին թուրքերին լավություն արել: 

Ես շատ եմ եղել Արցախում այս 30 տարիների ընթացքում, տեսել եմ շատ անօրինականություններ: Մի բան ասեմ, 1997-98 թվականներին Քաշաթաղի շրջանը 13 հազար բնակչություն ուներ, ընդ որում՝ մեծ մասը երիտասարդ էին, որոնք ծնելիություն կարող են ապահովել: Իսկ 2020 թվականի պատերազմից առաջ հազիվ 7-8 հազար լինեին... Միայն կենացներով ու երգերով չի պահվի հայրենիքը: 

- Թշնամին ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել մեր ժողովրդի վրա,  քարոզչական տարբեր գործիքներ է կիրառում՝ ցավեցնելու և նսեմացնելու հայերին, մյուս կողմից էլ՝ առկախ է պատերազմի վտանգը... 

- Այդ վտանգը միշտ էլ կա, բայց պետք է աշխատել և առաջ շարժվել: Պետք է պատրաստ լինել հաջորդ կռիվներին: Մենք եթե պատրաստվեինք, թշնամին մեզ չէր խանգարի: Ես զորամասերում եմ եղել, «կանսերվի բանկաներ» էին շարում պոստերում, որ իբր թշնամու գալուց զնգզնգա, սա ո՞ր դարն է: Դրա վրա՞ էինք հույսներս դրել: 

Մենք սովետական բանակին այդքան գեներալ ու մարշալ ենք տվել, բայց մեր բանակի համար չկարողացանք պայքարել… մեծ մասը դավաճանեց, զբաղվեց թալանով: Ես այսօր չեմ կարողանում մի երգ ձայնագրել, բայց այդ գեներալները տասնյակ ապարանքներ են սարքել: Շատ բան պետք է փոխենք: Երկրի ղեկավարը պետք է բռունցք ունենա, կարողանա դուրս բերել երկիրն այս վիճակից:  

Շուշին, Արցախը միշտ էլ կռվախնձոր են եղել օտարների միջև, բայց կարողացել են դիմանալ: Սա էլ համարենք մի միջանկյալ պարտություն, բայց կվերակագնենք մեր հայրենիքը, ու իմ երգերն էլ երբեք իմաստը չեն կորցնելու: 

- Երևի ժամանակն է մի անգամ էլ «Հայե՛ր, միացե՛ք» գրելու…

- Ես գիտեմ, որ ինձ վրա է դրված «Հայե՛ր, միացե՛ք»-ի նման մի այսօրեական  երգ գրելը, ես պարտավոր եմ գրել ու արդեն ուղեղումս գրել եմ: 

- Գուսա՛ն, վերջին տարիներին քիչ ենք լսում մտավորականների խոսքը: Ի՞նչն է խնդիրը: 

- Արդեն 2-3 տարի է՝ ինձ հեռուստաընկերություններ չեն կանչում, իմ խոսքի կարիքը չեն զգում, չգիտեմ՝ ինչ է կատարվում: Մի հատ էլ հոդված ես գրում, անշնորհք մարդիկ սոցիալական ցանցերում սկսում են հայհոյել՝ փոխանակ քննարկելու, հասկանալու: Կարող է 10-ից մեկ բանը ճիշտ ես գրել, ի վերջո կյանք ենք ապրել: Շատ վատ ժամանակներ ենք ապրում, մեզ մոտ ոգու սով է: 

Այսօր 6-րդ բալիկս արդեն դարձավ 2 տարեկան, հիմա իմ ամբողջ ուշքն ու միտքն այն է, որ երեխաներիս կարողանամ պահել, մեծացնել, իրենք ինձ ուժ են տալիս: Բոլորս կարևոր գործ ունենք՝ ուժեղ սերունդ կրթելու ու մեծացնելու:


 

Add new comment

From the author