574

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը կարո՞ղ է ինչ-որ պահի փոխակերպվել Հայաստանի դեմ ռազմական գործողության

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը: 

- Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում են հոկտեմբերի 23-25-ը Հայաստանի սահմանների մոտ անցկացնել համատեղ զորավարժություններ, որոնք ստացել են «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» անվանումը և նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Ըստ Ձեզ՝ զորավարժությունը կարո՞ղ է ինչ-որ պահի փոխակերպվել Հայաստանի դեմ ռազմական գործողության՝ հաշվի առնելով այս պետությունների նկրտումները: 

- 2020 թվականին թուրք-ադրբեջանական գործողությունները փոխակերպվեցին որպես պատերազմի Արցախի ու Հայաստանի դեմ, սակայն այն ժամանակ զորավարժությունները մի քանիսն էին և հաջորդում էին մեկը մյուսին: Հուլիսից մինչև սեպտեմբերի վերջ անդադար զորավարժություններ էին անցկացվում, կարելի է ասել՝ թուրքերը չէին գնում Ադրբեջանից:  Հիմա դեռ չենք կարող ասել, թե այդ ձևաչափը կրկնվում է: Եթե նկատենք, որ  զորավարժությունները ձգձգվում են, կարելի կլինի ասել, որ ռիսկերը մեծանում են: 

Մյուս կողմից՝ եթե էլի հետ գնանք 2020 թվական, այդ ամենի իմաստն այն էր, որ Թուրքիան այդ 2-3 ամսվա մեջ իր սպաներին բերեց-մտցրեց ադրբեջանական բանակի կառուցվածքի մեջ, այսինքն՝ դա ինտեգրման ինչ-որ փուլ էր: Հիմա իրենք այդ ինտեգրման խնդիրն այլևս չունեն, դա արդեն ավարտված գործընթաց է, և Ադրբեջանի շտաբի իրական պետը հիմա Բախտիար Էրսայն է՝ թուրքական գեներալ, Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավար: 

- Հայաստանի  և Ադրբեջանի ղեկավարներն ասում են, թե մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ավելին՝ նշվում է, որ պայմանագիրը ստորագրվելու է մինչև տարեվերջ: Մյուս կողմից գիտենք, որ թշնամին ձգտում է միջանցք ստանալ Սյունիքում և տիրանալ այսպես կոչված անկլավներին: Հնարավո՞ր է՝ նրանք փորձեն ուժային եղանակով հասնել իրենց ուզածին: 

- Խաղաղության պայմանագրի ստորագրման մասին լուրերը, թե մինչ տարեվերջ պետք է ստորագրվի, ես քիչ հավանական եմ համարում: Երկու կողմն էլ ասում են՝ եթե խնդիր չլինի, պատրաստ ենք ստորագրել, բայց այստեղ խնդիր կա. Ադրբեջանի կողմից միշտ նոր պահանջներ են դրվում: 
Ինչ վերաբերում է միջանցքին և անկլավներին, ներկայումս նրանք ավելի շուտ պահանջներ են ներկայացնում անկլավների մասով, որովհետև միջազգային հարթակներում երևի դժվար է բացատրել՝ ինչու են իրենք պատերազմում ճանապարհի համար, որը Հայաստանը պատրաստ է տալ: 

Անկլավների հարցն էլ է վիճելի, որքան էլ իրենք այդ մասին բարձրաձայնում են: Հայաստանն էլ ունի անկլավներ Ադրբեջանում, պետք է այդ մասին բարձրաձայնի ու ասի, որ պատրաստ ենք խոսել դրանց մասին սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ժամանակ, որը պետք է հաջորդի խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ոչ թե լինի դրանից առաջ: Այդ գործընթացը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից տարիներ հետո լինել: Սահմանազատում չեն անում երկրները, որոնք պատերազմի մեջ են: Հիմա պետք է ամեն ինչ անել, որ հասկացվի՝ անկլավներն իրական պատճառ չեն Հայաստանի հետ պատերազմի համար: 

Բայց չի բացառվում, որ նրանք կարող են փոքր պատերազմներ հրահրել, ասենք՝ 2-3 օր, փորձել ինչ-որ հատվածում առաջ գալ՝ Հայաստանին պարտադրելով զիջումներ:

- Կարծում եք՝ ծավալուն ռազմական գործողությունների չեն դիմի, որովհետև միջազգային իրավունքն  այս պահին խոչընդո՞տ է նրանց համար: 

- Կարծում եմ՝ հիմնական պատճառը դա է: Բայց նրանց արգելակողը միայն օրենքը չէ: Օրինակ՝ նույն Իրանի կողմից նրանք 100 տոկոսով չեն կարող իմանալ՝ կխառնվեն, թե չէ, եթե պատերազմ լինի իրենց սահմանի մոտ. եթե 20 տոկոս հավանականություն կա, որ կխառնվեն, դա արդեն բավականին մեծ ռիսկ է: Նրանք հասկանում են, որ կարող են ավելի փոքր, սահմանափակ գործիք օգտագործելով՝ նույն բանին հասնել, հետևաբար այդ գործիքին կդիմեն: 

Պետք է սկզբի համար այդ 2-3 օրվա սցենարներին պատրաստ լինել, որ թշնամին չկարողանա ոչ մի ռեալ տարածք ստանալ այդ ժամանակում, կամ մեր կորուստները նրանցից շատ չլինեն: 

- 44-օրյա պատերազմից հետո նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ եղան ոտնձգություններ Ադրբեջանի կողմից: Դրանից հետո բավական ժամանակ է անցել, տեսնո՞ւմ եք իրական փոփոխություններ մեր պաշտպանական համակարգում, զինված ուժերում, հասարակական հատվածում: 

- Չի կարելի ասել, թե ոչ մի բան չի արվել: Եթե դիտարկենք 2020 թվականից հետո բանակի վիճակը, ու թե ինչ էր կատարվում 2021-ի մայիսին, հիմա այդ վիճակում չի բանակը: Բայց շատ ավելին պետք է արվեր, ու կարծում եմ՝ հենց պետության կողմից պետք է շատ ավելին արվեր: Որովհետև եթե խոսում ենք ոչ պետական խաղացողների մասին, իրենք այս պրոցեսում կարող են օգնել, բայց պետության հետ պետք է գործեն համակարգված: Եթե դիտարկում ենք Ուկրաինայի պատերազմը, այնտեղ էլ կան շատ ոչ պետական խաղացողներ, բայց պետությունն օգնում է, համակարգում: 

- Օրերս հայտարարվեց Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության մասին, որը ենթադրում է նաև զինամթերքի ձեռքբերում: Ավելի վաղ նշվում էր նաև Հնդկաստանց զենքի գնման մասին: Որքանո՞վ են այդ համագործակցությունները կարևոր և որքանո՞վ կարող են նպաստել մեր բանակի առաջընթացին:  

- Մեզ անպայման անհրաժեշտ է զինամթերք: Այո, որոշ զինատեսակներ գնել ենք Հնդկաստանից: Եթե բաց աղբյուրները նայենք, շատ մեծ քանակի զենք-զինամթերքի մասին է խոսքը՝ հրետանուց սկսած ու վերջացրած ՀՕՊ-ով: Իսկ Ֆրանսիայի մասով դեռ չունենք տեղեկատվություն, թե ինչ զինամթերք պետք է գնվի, երևի դեռ պայմանագրեր էլ չկան, որովհետև նոր է գործընթացը: Բայց Ֆրանսիան շատ բարձր տեխնոլոգիական մակարդակ ունի, և, օրինակ, ֆրանսիական ՀՕՊ համակարգերը լուրջ խնդիրներ կարող են լուծել: Դրանք հնդկականից ավելի որակյալ են, և Ֆրանսիան ավելի շատ տեսականի ունի: 
Հնդկաստանում կա իսկապես գործող մի քանի ՀՕՊ համակարգ, իսկ Ֆրանսիայում կան բոլոր էշելոնները՝ ամենափոքրից մինչև «Ս-300» և «Ս-400»-ի նմանակներ:  

Բայց պետք չի մոռանալ, որ զենք ու զինամթերք գնելն ամենահեշտ պատմությունն է՝ բանակի փոփոխությունների հետ կապված: Բանակում փոփոխություններն ավելի շատ կազմակերպչական պետք է լինեն, որը մենք ավելի քիչ ենք տեսնում, քան պետք է իրականում լիներ: 


 

Add new comment

From the author