8794

Ի՞նչ ռազմական տեխնիկա է ձեռք բերվում Հնդկաստանից, և որքանո՞վ դա կբարելավի հայկական բանակի սպառազինության մակարդակը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Օրերս «Economic Times»-ը գրել էր, որ Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը անցյալ տարի զենքի առաջին խմբաքանակը հաջողությամբ մատակարարելուց հետո։ Ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը, և հնդկական զենքը որքանո՞վ կարող է բարելավել ՀՀ զինված ուժերի սպառազինության մակարդակը: Այս հարցերի շուրջ «Դետք»-ը զրուցել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ: 

Փորձագետը նկատում է, որ զենքի մատակարարումների մասին մենք դեռևս տեղեկանում ենք հնդկական լրատվամիջոցներից, պաշտոնական տեղեկատվություն չկա: Բայց մյուս կողմից էլ այդ ամենը չի հերքվում, հետևաբար կարելի է եզրակացնել, որ տեղեկությունները հիմնականում ճիշտ են: 

«Գուցե նշված քանակները ճշգրիտ չլինեն, սակայն զենքերի տեսականին, կարծում եմ, ճիշտ է: Խոսվում է մեծ մասամբ հրետանային զինատեսակների ձեռբերման մասին: Օրինակ՝ «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնց կալիբրը «Գրադ»-ից մեծ է, հեռավորությունն էլ՝45 կմ և ավելի՝ կախված նրանից, թե որ հրթիռն է օգտագործվում: Եթե հավատանք հնդկական մեդիային, մոտավորապես 24 «Pinaka» է գնվել, դրանք նաև շուտով կարող են ստանալ GPS-ով նոր հրթիռներ, որոնք Հնդկաստանում վերջին թեստերն են անցնում»,- ասաց Ներսիսյանը: 

Հաջորդ զինատեսակը ATAGS 155 մմ տրամաչափի հաուբիցներն են: «Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155.5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր այդ զինատեսակից։ ATAGS-ի մասին տեղեկություն կա, որ պատվիրված 90 հատից 6-ն արդեն Հայաստան են բերվել: 

Հնդկական լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել նաև «MArG» ինքնագնաց հաուբիցների գնման մասին, սակայն հստակ տեղեկություն դեռևս չկա: 

Կար տեղեկություն նաև, որ գնվել են «Akash» համակարգեր, հակատանկային հրթիռներ ու այլ զինատեսակներ»,- նշեց մեր զրուցակիցը: 

Փորձագետը կարծում է, որ հրետանին սպառազինության ամենակարևոր տեսակներից մեկն է, որը Հայաստանը պետք է ձեռք բերի, քանի որ 2020 թվականի պատերազմի ժամանակ կորուստները հսկայական էին. «Ինչն է այստեղ կարևոր, որ պայմանագրերը ենթադրում են շատ մեծ քանակի զենքեր: Օրինակ՝ նույն հրետանին, եթե հավատանք հնդկական մեդիայի թվերին, կարող է 150-160 միավորից ավելի լինել, ինչը մեծ թիվ է և էականորեն կբարելավի հայկական բանակի զինվածության մակարդակն այդ ամենը բերելուց հետո: Ես նույնիսկ կասեի, որ հրետանու ավելի շատ հնարավորություններ կստանա հայկական բանակը, քան մինչև 2020 թվականի պատերազմն էր: Եթե նշված զինատեսակները հասնեն Հայաստան, ավելի շարժունակ ուժեր կունենանք»: 
Ինչ վերաբերում է ապագայում այլ զինատեսակներ ձեռք բերելու հնարավորություններին, ռազմական փորձագետը վստահ է, որ շատ տարբերակներ կարող են լինել: 

«Հնդկաստանն արտադրում է շատ տարբեր զենքեր: Կարող եմ նշել, օրինակ, «Brahmos» հրթիռները, որոնք կարող են 300 կմ հեռավորություն ունենալ՝ նախատեսված գետնի թիրախների համար: Այլ տեսակի հակատանկային հրթիռներ ևս արտադրում է Հնդկաստանը: Կարող են լինել ինչ-որ տակտիկական հրթիռներ, ասենք, «Իսկանդեր»-ի տիպի: 

Այստեղ կարևոր է, որ գործընթաց կա, որը շարունակվում է և չի սահմանափակվում նրանով, ինչ այսօր ունեն կողմերը»,- ասաց նա: 

Լեոնիդ Ներսիսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հնդկաստանից ձեռք է բերվում հիմնականում հրետանի, քանի որ հենց հրետանին էր ամենածանր կորուստներն ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ: «Մյուս կարևոր հատվածը ՀՕՊ-ն է, բայց քանի որ Հնդկաստանն այդ կատեգորիայում ամեն ինչ չի, որ արտադրում է, երևի այդ առումով Ֆրանսիան ավելի հարմար տարբերակ է»,- նշեց նա: 

 

Add new comment

From the author