8375

Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է պատերազմի, ընդ որում`թուրք ռազմական գործիչների անմիջական մասնակցությամբ. Վարդան Բալյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը:

- Այսօր նոյեմբերի 9-ն է: Երեք տարի առաջ այս օրը կանգնեցվեց 44-օրյա պատերազմը եռակողմ համաձայնությամբ, որը որակվեց որպես կապիտուլյացիոն: Այս տարի սեպտեմբերին էլ Ադրբեջանն ավարտին հասցրեց իր ծրագիրը` հայաթափելով Արցախը: Այս ամենի ֆոնին կողմերը հայտարարում են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:  

- Ստեփանակերտում տեղի ունեցած զորահանդեսը ցուցադրեց ամբողջությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների բնույթը: Դրանք, միանշանակ, հաղթողի և պարտվողի հարաբերություններ են` պատերազմական հաղթանակի տրամաբանության մեջ: 
Ինչ վերաբերում է խաղաղության փաստաթղթի ստորագրման հավանականությանը, ես շատ ցածր եմ գնահատում դա: Այս պահի դրությամբ, որոշակի աշխարհաքաղաքական իրադրության տրամաբանության մեջ, Ադրբեջանն իր առջև դրված խնդիրներն այս փուլում չի կարողանա լուծել, հետևաբար շահագրգռված չէ պայմանագրի ստորագրմամբ։ Հետևաբար, կարծում եմ, պայմանագիրը չի ստորագրվի մինչ տարեվերջ:
Մյուս կողմից` 8 գյուղերի խնդիրն օրակարգային է, ինչքան էլ հայկական կողմն ասում է, որ այդպես չէ: Իսկ այդ գյուղերի խնդիրը զուտ տարածքային խնդիր չէ, այնտեղ ուրիշ հարցեր են առաջանում, էլ չեմ ասում Սյունիքում միջանցք ստանալու նկրտումների մասին: 

- Տեսնում ենք, որ երբ Հայաստանը փորձում է Ադրբեջանի հետ հարաբերությունների խնդիրը տեղափոխել արևմտյան հարթակներ, Բաքուն դա տապալում է: Ալիևը փորձում է հարցերը լուծել ռուս-թուրքական հարթակում` ստանալով իր համար առավել բարենպաստ լուծում: Խնդիրն էլ ավելի չի՞  բարդացնում իրավիճակը: 

- Ե'վ Արցախյան պատերազմը, և' Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը, և' Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բախումները ԱՄՆ-Չինաստան աշխարհաքաղաքական հակադրության տրամաբանության մեջ են: Ինչքան էլ Չինաստանն ու Միացյալ Նահանգներն անմիջականորեն բախման կողմեր չեն, միևնույն է, նշված բոլոր իրադարձությունների տրամաբանությունն աշխարհաքաղաքական այս մրցակցության մեջ է: Ամերիկացիները, ըստ ամենայնի, փորձում են Չինաստանի համար, այսպես ասենք, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական աճի որոշակի սահմանափակումներ դնել ու պահպանել իրենց դիրքը:

Այն, որ Ադրբեջանը ռուս-թուրքական, ես կավելացնեի նաև` չինական ծիրում է, դա ի սկզբանե էր հայտնի: Ռուսերեն ասած` «заигрывание» էր գնում եվրոպացիների ու ամերիկացիների հետ: Հիմա իրավիճակն ավելի հստակեցվել է, և Բաքուն բացահայտ այդ ծիրի մեջ է, իսկ Հայաստանն ամերիկա-եվրոպական տրամաբանության մեջ է փորձում տեղավորվել: 

Ամենալուրջ խնդիրն այն է, որ այս երկու բևեռների հակասության փուլում, Հայաստանը, ըստ էության, ունենալով սարսափելի մեծ կախվածություն Ռուսաստանից` տնտեսական և ռազմաքաղաքական, փորձեր է անում այդ կախվածությունը թուլացնելու, սակայն կաթիլով գետի մեջ ջուր ավելացնել չի լինի: Հիմա հռետորաբանության մակարդակով ինչ-որ քայլեր գուցե ձեռնարկում է Հայաստանի վարչապետը, բայց երբ հարցադրումն ուղիղ է հնչում, ասում է` վեկտորի փոփոխություն չկա: Տեխնիկապես դա հնարավոր էլ չէ: Մյուս կողմից էլ, իմ կարծիքով, գործող իշխանությունը ռուսամետ մոտեցումներ ունի, ավելին` երբևիցե մենք ավելի ռուսամետ իշխանություն չենք էլ ունեցել: Այս մարդիկ ուղղակիորեն սպասարկում են ռուսական կայսրության շահը Հայաստանում: 

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այն, որ Ռուսաստանի փոխարեն ՀՀ իշխանություններն այժմ ռազմամթերք են ձեռք բերում այլ պետություններից: Դիցուք, Հնդկաստանից է ձեռք բերվում զենք, և ռազմական համագործակցության պայմանագիր է կնքվել Ֆրանսիայի հետ: 

- Նախկինում էլի եղել են փորձեր զենք ձեռք բերելու, Ռուսաստանից բացի, այլ երկրներից, որոշակի խնդիրներ են եղել մատակարարումների հետ կապված, կամ էլ Ռուսաստանը թույլ չի տվել: Մի պահ կար, որ մեզ չէին էլ վաճառում զենք: Բայց այս պահին ինչ-որ լուրջ տեղաշարժերի, ռազմաքաղաքական դաշինքների մասին խոսելը տեղին չէ: Բանակի սպառազինության առյուծի բաժինը դեռ սովետական զենքերն են: Տեխնիկական արդիականացումը բավականին բարդ գործընթաց է, մյուս կողմից էլ` հայեցակարգ չկա, ամեն ինչ արվում է հատվածական ինչ-որ պայմանավորվածությունների շրջանակում: Պաշտպանական հայեցակարգում փոփոխություն չկա: Ավելի շատ ֆեյսբուքյան հարթակում ժողովրդին ցույց տալու համար է այդ ամենը, թե տեսեք, ինչ-որ բան ենք անում: 

Մի օրինակ էլ բերեմ ՈՄԱ-ի «Գմբեթ» ծրագրի հետ կապված: Եթե հանրությունը բավարար համարեր պետական կառույցների գործունեությունը պաշտպանության ոլորտում` առաջին և երկրորդ պաշտպանական գծի կահավորման հետ կապված, հավատացեք, որևէ այլ նախաձեռնություն հանրային աջակցություն չէր ստանա, այդ թվում` նաև ֆինանսական: Իսկ երբ ՈՄԱ-ն արեց առաջին փուլը` «Գմբեթ 1»-ը, ցույց տվեց, որ այդ աջակցությունը կա: Այսինքն` մարդիկ դրա անհրաժեշտությունը տեսնում են, որ այդ դաշտում ավելի առարկայական աշխատանք տարվի, և ֆինանսավորում են ծրագիրը: Հիմա էլ, փոխանակ այդ գործընթացում գործընկերային հարաբերություններ կազմակերպելու և ընդհանուր տրամաբանության մեջ գործելու, սկսում են կազմակերպության դեմ հակաքարոզչական ակցիա:

Նորից եմ ասում, սա հանրության տրամադրության ցուցիչ է: Այն ցույց է տալիս, որ հասարակությունը  բավարար չի համարում պետության գործունեությունն այդ ոլորտում, դրա համար ֆինանսավորում է հասարակական նախաձեռնությունը: Եվ այդ խնդիրը հասկանալու ու հետևություններ անելու փոխարեն ֆեյսբուքյան հարթակում սկսում են հակաքարոզչական արշավ: 

- Երեկ Ստեփանակերտում կազմակերպված շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ։ Ի՞նչ նպատակով է արվել այդ հայտարարությունը, եթե Ալիևն ամեն առիթով հայտարարում է իրենց հորինած «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին: 

- Այդ նույն ելույթում նա ասաց, որ 2020 թվականի պատերազմը հետևանք է Հայաստանի դիրքորոշման, երբ Հայաստանը պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարում էր «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Այն ժամանակ էլ էին իրենք հայտարարում, թե պատերազմ իրենց պետք չի, բայց տեսանք, չէ՞, որ եղավ պատերազմ, ավելին` պատերազմ սանձազերծելու պատասխանատվությունն էլ դրվեց Հայաստանի վրա, երբ Ալիևը հայտարարեց, թե պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ Հայաստանն ագրեսիվ տրամաբանության մեջ ասել է «նոր պատերազմ, նոր տարածքներ»:  

Հիմա, երբ Ադրբեջանի նախագահն ասում է, թե իրենց պատերազմ պետք չէ, նախ պայմանավորված է նրանով, որ աշխարհաքաղաքական դրությունն այս պահին դրա համար նպաստավոր չէ, երկրորդ հերթին` իրենք այս պահին իրենց խնդիրը լուծել են: Այս տրամաբանության մեջ նման հայտարարությունները կլինեն մինչև այն պահը, երբ, այսպես ասենք, պատեհ պահ լինի նրանց համար: 

Սա հռետորաբանություն է ներքին և արտաքին լսարանի համար: Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է պատերազմի, ընդ որում` բոլոր ծրագրերը մշակվում են թուրքական բարձրաստիճան ռազմական ղեկավարության անմիջական մասնակցությամբ, ավելին ասեմ` իրենց կողմից էլ մշակվում են: Հետևաբար, խոսել, որ պատերազմ չի լինելու, պարզամտություն կլինի:  
 

 

Add new comment

From the author