789465

Ադրբեջանում կան վախեր, որ հայկական բանակը չի կորցրել իր ներուժը. Գառնիկ Դավթյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի հարցերին պատասխանում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

- Ադրբեջանը վերջին օրերին տարբեր պաշտոնյաների միջոցով հայտարարում է, թե «նպատակ չունի ներխուժելու Հայաստանի տարածք», որ իրենց «նոր պատերազմ պետք չէ»: Մյուս կողմից՝ չեն դադարում խոսակցությունները «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու մասին: Այսօր էլ Բաքուն դատապարտել է Փարիզի կողմից ՀՀ ռազմատեխնիկա ուղարկելը՝ հայտարարելով, թե զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»: Վերլուծելով Բաքվի հռետորաբանությունը՝ ի՞նչ եզրակացություններ կարելի է անել: 

- Եթե հաշվի առնենք Ադրբեջանի՝ 30 տարուց ավելի վարած քաղաքականությունն ու քարոզչական դաշտում առկա դրույթները՝ ապա Ադրբեջանը միշտ էլ փորձել է Հայաստանի զարգացումը, նոր սպառազինության ձեռքբերումը ներկայացնել որպես սպառնալիք, անընդունելի մի բան, ինչն իբրև թե խաթարում է խաղաղությունը և խանգարում բանակցություններին: 

Բնական է, որ Ադրբեջանում կան վախեր, որ հայկական բանակը չի կորցրել իր ներուժը և կարող է իրենց պատասխան տալ հնարավոր ագրեսիայի դեպքում: Երկրորդ՝ խնդիրն այստեղ շատ ավելի խորքային է, քան մենք պատկերացնում ենք: Ադրբեջանական կողմը շատ է խոսում հայկական բանակ չլինելու, հայկական զինված ուժերի ամբողջական ոչնչացման մասին, և այդ ուղղությամբ տարբեր աշխատանքներ են տարվել, փորձ են արել պատժամիջոցային տարբեր մեխանիզմներ կիրառել Հայաստանի նկատմամբ: Այսինքն՝ տարիներ շարունակ փորձ է արվում թույլ չտալ Հայաստանի բանակաշինությունը և սպառազինության ձեռքբերումը: Դա մշտական բնույթ է կրում, այնպես չէ, որ նոր է սկսվել: 

Սակայն զենքի գնում միշտ էլ եղել է, պարզապես հանրային դաշտում տարածում չի ստացել, քանի որ դա դիտարկվել է որպես պետական գաղտնիք և ոչ հանրամատչելի տեղեկություն, ինչն էլ հնարավորություն չի տվել Ադրբեջանին ամեն առիթն օգտագործելու և զենքի գնման վերաբերյալ խոսելու համար: 

Վերջին շրջանում տեղեկատվական նման արտահոսքերը համացանց միայն  խանգարում են Հայաստանի Հանրապետությանը թե՛ բանակաշինության, թե՛ վերազինվելու հարցերում: Դա խանգարում է նաև բանակցություններում ուժեղ դիրքերից հանդես գալու տեսանկյունից: 
Օրինակ՝ Կառավարությունը խոսում է տխրահռչակ խաղաղության մասին, մյուս կողմից՝ զենքի գնման արտահոսք է կազմակերպվում, ինչն էլ հիմնականում «գցում են Հնդկաստանի գրպանը», թե իբր նրանք են հրապարակումներ անում, բայց, այնուամենայնիվ, ժամանակին եղել են զենքի գնումներ, որ չեն հրապարակվել, և դրա մասին հանրային տիրույթում իմացել են շատ ավելի ուշ, քան պետք է իմանային: 

Այսինքն՝ սա ևս խանգարում է բանակցությունների գործընթացին, և Ադրբեջանն էլ այս ամենն օգտագործում է որպես հարմար առիթ՝ բանակցությունները փակուղի տանելու և հնարավոր ագրեսիան արդարացնելու համար: 

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իրենք  «նպատակ չունեն ներխուժելու Հայաստանի տարածք», դա կեղծ, միջազգային հանրությանը մոլորեցնող և սեփական նպատակները թաքցնող խոսույթ է: Դա հիմնականում արվում է նրա համար, որպեսզի ցույց տան, թե ադրբեջանական կողմը պատրաստ է բանակցությունների և խնդրի խաղաղ կարգավորման, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ վերջին երեք տարում օկուպացրել են Հայաստանի սուվերեն տարածքներ, Արցախն ամբողջությամբ հանձնվել է և հայաթափվել, արդյունքում այդ բոլոր հայտարարությունները հակառակն են ապացուցում: Դրանք ընդամենը «փաղաքշական» խոսքեր են, որ հասարակության վրա ազդելու նպատակ ունեն: 

- 2020-ի պատերազմից առաջ էլ էր Ադրբեջանը խոսում խաղաղության մասին, սակայն եղավ պատերազմ, ավելին՝ պատերազմ սանձազերծելու պատասխանատվությունն էլ դրվեց Հայաստանի վրա, երբ Ալիևը հայտարարեց, թե պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ Հայաստանն ագրեսիվ տրամաբանության մեջ ասել է «նոր պատերազմ, նոր տարածքներ»:  Արդյո՞ք նույնը չի սպասվում նաև հիմա: 

- Ադրբեջանը սադրանք կազմակերպելու և կեղծիք տարածելու չեմպիոն է, և այդ հարցում իրենք բավական մասնագիտացած են: Համենայն դեպս, վերջին 3 տարվա մեջ այդ փաստը վկայող շատ հիմքեր կան: Այս գործընթացներն էլ, միանշանակ, նպատակ ունեն ծառայելու թշնամու հետագա ռազմական և ագրեսիվ նպատակներին, այսինքն՝ չկա այդտեղ որևէ դրական կամ դեպի խաղաղության տանող գործողություն, այլ կա էսկալացիայի և պատերազմի զարգացման համար հիմք ստեղծելու մտադրություն: Նույնը նաև կոմունիկացիաների բացման հարցում: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ եթե նույնիսկ կոմունիկացիաները բացվեն, ադրբեջանցիները սադրանք են կիրառելու և իրենց շահերն առաջ տանելու: 

- Խոսվում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրվելու մասին, սակայն բանակցությունները կարծես թե փակուղում են: Հայաստանը փորձում է  խնդիրը տեղափոխել արևմտյան հարթակներ, Ադրբեջանը՝ ռուս-թուրքական հարթակ, արդյունքում առաջընթաց չկա: Այս պարագայում իրատեսակա՞ն են հայտարարությունները մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին:

- Փաստացի փակուղային գործընթաց է, և այդ փակուղուն նպաստել է նաև Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ: Հիմնավորեմ՝ ինչու: Նախ ստորագրվել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն ամբողջությամբ Ռուսաստանի ձեռքով է կատարվել, հետո էլ նոյեմբերի 9-ի համաձայնությունից խուսափելու համար եվրոպական տարբեր մայրաքաղաքներում եղել են համաձայնություններ, և ստորագրվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ, որն առ ոչինչ է համարում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, և արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել: Եթե նոյեմբերի 9-ին ունեինք տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության խախտում, հիմա ունենք այդ խախտման կրկնապատիկ իրավիճակը: Այսինքն՝ հերթական անգամ խաղաքարտերը խախտվել են, ինչը ևս մեծ վտանգ է ստեղծում: Այս ամբողջ զարգացումները լավ բանի մասին չեն խոսում, և Ադրբեջանը, կրկնեմ, անընդհատ փորձում է Հայաստանին ապակառուցողական դիրքեր բերել և ծուղակը նետել, որ կարողանա ագրեսիա կիրառել և ապացուցել, որ ինքը ստիպված էր, քանի որ հայկական կողմը չէր կատարում իր պահանջները: 

Ամփոփելով նշեմ՝ այսօր բանակցություններ չկան, կա բանակցությունների իմիտացիա, իսկ իմիտացիան միշտ կարճաժամկետ է լինում, և բերում է ավելի աղետալի իրավիճակների: 
 

Add new comment

From the author